Ա1+. Ազգային ժողովի պատգամավոր Թագուհի Թովմասյանը դատական հայց է ներկայացրել Ազգային ժողովի նախագահի տեղակալ Լենա Նազարյանի դեմ: Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից:
Թովմասյանը պահանջում է հրապարակայնորեն ներողություն խնդրել և փոխհատուցում վճարել վիրավորանք համարվող արտահայտության համար: Հայցը ներկայացվել է հունիսի 30-ին և մակագրվել դատավոր Սերգեյ Սահակյանին:
Հիշեցնենք՝ ՀՀ ազգային ժողովի արտահերթ նիստերից մեկի ընթացքում միջադեպ էր տեղի ունեցել ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի և «Իմ քայլը» խմբակցությունից դուրս եկած, խմբակցություններում չընդգրկված պատգամավոր Թագուհի Թովմասյանի միջև:
Թագուհի Թովմասյանն ամբիոնից խոսում էր Աբովյանի դիահերձարանում զինծառայողների աճյունների նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունքի մասին՝ նշելով, որ սա շատ վատ մեսիջ է, որ պետությունը կարող էր տալ: Թովմասյանի այս ելույթից հետո ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը ցածրաձայն ասել էր՝ «իդիոտկա», սակայն բարձրախոսը միացված էր եղել։