«Իրականում կառավարության դեմքը չի փոխվում, մեկին տեղափոխում են այլ պաշտոնի։ Եթե անձը մեկ պաշտոնում չի հաջողում, երկրորդ հնարավորությունն է տրվում, էլի չի հաջողում, ուրեմն կամ միտում է, կամ անկարողություն։ Պետք է ուղղակի դուրս թողնել։ Որքա՞ն կարող են պետության կործանման վրա խաղ խաղալ»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով Արայիկ Հարությունյանի՝ կառավարության աշխատակազմի ղեկավար նշանակվելու փաստին՝ ասաց «Իմ քայլից» դուրս եկած պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը։
«Ապիկարությունը հաղթեց հեղափոխության արժեքներին։ Երեք տարում վերադարձանք այն անցյալին, որը մերժել էինք։ Եթե անձին տանում ենք պաշտոնից պաշտոն, ուրեմն բան չի փոխվել»,-կարծիք հայտնեց Սոֆյա Հովսեփյանը։
Նրա խոսքով՝ երեք տարվա անկարողության անունը դրեցին թավշյա մանդատ, որը հիմա փոխարինում են պողպատե մանդատով․ «Չեն հասկանում, դեռ այնքան տաք են, որ չեն գիտակցում, որքան է ՀՀ-ն վտանգված։ ԱԽ քարտուղարը, որը պատերազմի հետեւանքների պատասխանատուներից էր, կանգնում կադրային ջարդից է խոսում։ Սա նշանակում է, որ պողպատե մանդատը ոչ թե սեփական թիմի, այլ հստակ ու ճշմարիտ խոսող մարդկանց համար են կիրառելու։ Կարող է նաեւ իմ դեպքում, բայց ասեմ, որ չհամարձակվեն։ Բարոյական կլիներ պողպատե մանդատն առաջնահերթ սեփական դիմի հանդեպ կիրառել, ոչ թե հների եւ քաղաքացիների հանդեպ»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ