Լրահոս
Օրվա լրահոսը

Հարցեր, որոնց պատասխաններն Արտակ Բեգլարյանը չունի

Հուլիս 01,2021 15:27

Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը չգիտի, թե ինչո՞ւ նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո Հադրութի շրջանի Հին Թաղեր եւ Խծաբերդ բնակավայրերն անցան Ադրբեջանին: Այսօր կայացած ասուլիսում, պատասխանելով այդ հարցին, Արտակ Բեգլարյանն ասաց. «Պետք է հարցերին պատասխան տա, ուղղակի ես որեւէ ձեւով ընդգրկված չեմ, տեղյակ էլ չեմ, լիազորված էլ չեմ, որ պատասխան տամ այդ հարցերին: Միանշանակ, սա մեզ համար սկզբունքային հարց է, միանշանակ Հին Թաղերը, Խծաբերդը մեզ համար բռնազավթված տարածքներ են, ինչպես նաեւ բռնազավթված են պատերազմի ընթացքում եւ քաղաքական համաձայնությունների արդյունքում բռնազավթված տարածքները: ԱՀ տարբեր պետական պաշտոնյաների կողմից այս մասով հայտարարություններ եղել են: Կարծում եմ, առաջիկայում նաեւ օրենքով էլ կամրագրվեն այս դրույթները»:

Հարցին`ինչո՞ւ չեն պատժվում պատերազմում անմիջական հրամաններ չկատարած հրամանատարները, կա՞ նպատակ, գոնե հայտնի դեպքերի մասով հետաքննելու, Արտակ Բեգլարյանը պատասխանեց. «Դա իրավապահների որոշելիք հարցն է: Ես տեղյակ չեմ ավելին, քան քաղաքացիներն են տեղյակ»: Բայց նաեւ հրապարակային հայտարարություններից տեղյակ է, որ քրեական գործեր կան հարուցված եւ ԱՀ-ում եւ ՀՀ-ում, բավականին թվով հրամանատարներ եւ զինծառայողներ անցնում են դրանցով`տարբեր կարգավիճակներով: Արտակ Բեգլարյանը կարծում է, որ ժամանակի ընթացքում պատասխանատվության միջոցներ կիրառվելու են, բայց քանի որ գործը ծավալուն է, շատ ժամանակ է պահանջվում քննության համար: Նա նաեւ հույս ունի, որ պատերազմի բոլոր հանգամանքները կուսումնասիրվեն, իրավական եւ քաղաքական պատասխանատվության միջոցներ կկիրառվեն:

Արտակ Բեգլարյանը պատասխան չուներ նաեւ հարցին`զինվորականները անընդհատ ասում են`նահանջի հրաման են ստացել`առանց բացատրությունների եւ հիմնավորումների. ինչո՞ւ: Արցախի պետնախարարը այս հարցն էլ դիտարկում է իրավապահների եւ քննիչ հանձնաժողովների տիրույթում: Ինքն էլ հույս ունի եւ պահանջում է, որ քննություններով պարզվեն մեղավորները եւ պատասխանատվության ենթարկվեն: Նաեւ հորդորում է բոլոր զրույցները չընդհանրականացնել ու ամեն առասպելի չհավատալ:

Անդրադառնալով Արցախի նախագահի հրաժարականի պահանջների առիթով ցույցերին էլ, պետնախարարն ասաց, որ դրանք արդեն չկան, սակայն ներքաղաքական լարվածություն դժգոհություններ կան`նաեւ օբյեկտիվ, որոշ դեպքերում դրանք ուղղակի չեն առնչվում Արցախի իշխանություններին, քանի որ արտաքին գործոններով են պայմանավորված: Նա հիշեցրեց, որ քաղաքական պահանջը եղել է պատերազմից հետո, որոշ քաղաքական ու հանրային ուժերի կողմից եւ Արայիկ Հարությունյանի ուղերձներում հստակ նշվել է, որ այն պահին, երբ Արցախը պատրաստ լինի դիմագրավել վտանգներին, ինքը հրաժարական է տալու եւ դուրս է գալու զբաղեցրած պաշտոնից. «Սա նշանակում է, որ Արցախը պետք է աստիճանաբար պատրաստվի ընտրությունների եւ մենք մյուս կողմից պետք է երաշխավորենք, որ սահմանադրական կարգի հանդեպ լուրջ ռիսկեր չպետք է լինեն`եւ մինչեւ հրաժարականը, եւ հրաժարականից հետո»: Այսինքն, հնարավոր է լինելու կազմակերպել այնպիսի ժողովրդավարական ընտրություններ, որոնց արդյունքում կձեւավորվի Արցախի օրենսդիր եւ գործադիր իշխանությունը: Հնարավոր ռիսկերի դեպքում Արցախը չի մտնելու ընտրական գործընթացի մեջ, պետք է հնարավորինս ողջամիտ եւ զգույշ գործել`փակելով այս էջը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031