«Մենք շատ խիստ անհանգստացած ենք ստեղծված իրավիճակով։ Այս տարվա հունիսը ռեկորդային շոգ է եղել, դրա պատճառով էլ նման աննախադեպ դժվար իրավիճակ է առաջացել։ Ջրային կոմիտեն աշխատում է նորմալ հունով։ Այստեղ հիմնական խնդիրն այն է, որ անջրդի հողատարածքներում ջրելու կարիք է առաջացել, դա վտանգել է այդ հողատարածքների բերքը»,-այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանն՝ անդրադառնալով Արմավիրի եւ Շիրակի մարզի որոշ համայնքներում ոռոգման խնդիրներին։
Հիշեցնենք, գյուղացիները բողոքի ցույց էին անում, պահանջում էին իրենց մշակովի տարածքներում ոռոգման խնդիրը լուծել, ասում էին՝ ջրային կոմիտեն ջուր չի տալիս, բերքը չորանում է։
Վահան Քերոբյանն ասաց՝ մեկ այլ խնդիր էլ կա՝ ֆերմերները երբեմն սխալ տեղեկատվություն են փոխանցում ջրային կոմիտեին, մի բույսի փոխարեն ցանում են այլ բույս, որի ջրի պահանջարկն այլ է․ «Այնուամենայնիվ, այս խնդիրը հիմնավոր լուծում է պահանջում։ Երկու օր առաջ պայմանավորվել ենք, որ պետք է սկսենք ջրային ռեֆորմը։ Այսինքն` փոխենք համակարգն այնպես, որ անցնենք նոր, արդյունավետ համակարգերի՝ կաթիլայինին»։
Վահան Քերոբյանն ասաց, որ կաթիլային ոռոգման համակարգի տեղադրման համար կառավարությունն ամեն կերպ կաջակցի գյուղացիներին եւ ֆերմերներին։
Կարդացեք նաև
Նա նաեւ վստահեցրեց՝ Սեւանա լճից լրացուցիչ ջրառ կազմակերպելու համար շուտով նախագիծ կկազմեն եւ կներկայացնեն քննարկման, ջրի բացթողման վերջական ծավալը դեռ չեն որոշել․ «Քննարկումներում 50-70 միլիոն խորանարդ մետրի մասին է խոսվում»։
Վահան Քերոբյանն ասաց, որ ոռոգման ջրի սակավության պատճառով տուժած գյուղացիներին փոխհատուցելու շուրջ դեռ պետք է քննարկումներ կազմակերպեն․ «Գյուղացիներին վնասների փոխհատուցման ուղղությամբ որեւէ գործողություն արված չէ, բայց կարվի, պետք է քննարկվի։ Որովհետեւ գյուղմթերքի ապահովագրություն՝ երաշտից, այս տարի չի եղել։ Երաշտ բառն էլ պետք չէ օգտագործել, սակավաջրություն է եղել։ Երաշտն ավելի խիստ բնական երեւույթ է, եւ աղմուկը պետք է համեմատել իրականության հետ։ Սովորաբար, որոշ դեպքերում աղմուկը` լրագրողների բարձրացրած, խիստ գերազանցում է ընդհանուր վնասի չափը»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ