Լրահոս
Օրվա լրահոսը

Կանխատեսվում է 6 տոկոս տնտեսական աճ, գյուղմթերքի արտահանման ծավալը կրկնապատկվել է

Հուլիս 01,2021 14:38

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Նախքան օրակարգի քննարկումը, Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է 2021 թվականի տնտեսական աճի կանխատեսումներին և գյուղմթերքի արտահանման ծավալներին:

Ստորև ներկայացվում է Կառավարության նիստի նախաբանի սղագրությունը.

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյան – Բարև ձեզ, հարգելի գործընկերներ: Սկսում ենք Կառավարության՝ 2021 թվականի հուլիսի 1-ի հերթական նիստի աշխատանքները:

Ինչպես գիտեք, 2021 թվականի համար բյուջեի նախագծով կանխատեսվում էր 3.2 տոկոս տնտեսական աճ, բայց գոհունակությամբ պիտի նշեմ, որ հընթացս տնտեսական աճի կանխատեսումները վերանայվում են դեպի վերև: Եվ հիմա 2021 թվականի համար կանխատեսվում է 6 տոկոս տնտեսական աճ: Բայց կարևոր է, որ մենք այդ ցուցանիշներին զուգահեռ բավական հաջող, ինչպես արդեն ասել եմ, իրականացնում ենք պետական բյուջեի եկամտային մասի հավաքագրումները, և այդ առումով ունենք կիսամյակի գերակատարում: Կուզենայի, որ Պետական եկամուտների կոմիտեի նախագահը ներկայացներ կոնկրետ ցուցանիշները: Խնդրեմ, պարոն Հովհաննիսյան:

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյան – Շնորհակալություն: Մեծարգո պարոն վարչապետ, հարգելի գործընկերներ, առաջին կիսամյակի ընթացքում հարկային եկամուտների հավաքագրումը կազմել է ավելի քան 750 մլրդ դրամ, ավելի կոնկրետ՝ 750.2 մլրդ դրամ՝ այն պայմաններում, երբ ծրագրային ցուցանիշը նախատեսված էր 683 մլրդ դրամ: Մեզ հայտնի տեղեկությունների հիման վրա՝ ճշտված ծրագրային ցուցանիշը կազմելու է մոտավորապես 697.7 մլրդ դրամ: Եվ այս համեմատության մեջ կարող ենք ասել, որ առաջին կիսամյակի համար մենք ունենք 52.5 մլն դրամի գերակատարում: Սա այն պայմաններում, երբ 2021 թվականի առաջին կիսամյակում հարկ վճարողներին և ֆիզիկական անձանց, համապատասխան հարկատեսակների մասով, վերադարձվել է շուրջ 84 մլրդ դրամ: Իսկ եթե համեմատենք վերադարձի գումարները նախորդ տարվա համեմատելի ժամանակաշրջանների հետ, ապա կարող ենք փաստել, որ 2020 թվականի ընթացքում նույն ժամանակահատվածում վերադարձվել է 65 մլրդ դրամ, 2019 թվականին՝ 52 մլրդ դրամ, իսկ 2018 թվականին՝ 49 մլրդ դրամ ընդամենը: Այս տարբերության պայմաններում անգամ, գերակատարման բացարձակ տարբերությունը կազմել է 52.5 մլրդ դրամ:
Պետք է նշեմ, որ հավաքագրված եկամուտների մեջ իր ազդեցությունն է ունեցել դրոշմանիշային վճարների գծով կատարված օրենսդրական փոփոխությունների արդյունքում հավելյալ հավաքագրված դրոշմանիշային վճարների ծավալը, որը զուտ տարբերությամբ կազմում է 9.2 մլրդ դրամ: Իսկ եթե չեզոքացնենք դրոշմանիշային վճարների ազդեցությունը և զուտ եկամուտները համեմատենք միմյանց հետ, ապա 2021 թվականի ընթացքում տարբերությունը կկազմի շուրջ 54 մլրդ դրամ: Այսքանը, ըստ էության, պարոն վարչապետ:

Միաժամանակ զեկուցեմ, որ առաջին 6 ամսվա ընթացքում արձանագրված գործարքների տարբերությունն ենք համեմատել, և տարբերությունը բացարձակ թվով կազմում է մոտ 24 մլն հատ, այսինքն՝ 2021 թվականի առաջին կիսամյակի ընթացքում 24 մլն հատով ավելի գործարքներ են կատարվել, քան նախորդ տարի, և 25 մլն-ով ավելի են կատարվել, քան 2019 թվականի ընթացքում: Շնորհակալություն:

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյան – Շատ լավ: Պարոն Հովհաննիսյան, այսինքն՝ ես ճի՞շտ հասկացա, որ 52 մլրդ դրամը առանց դրոշմանիշային վճարների:

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյան – Ոչ, պարոն վարչապետ: 52.5 մլրդ դրամը՝ դրոշմանիշային վճարները ներառյալ, ճշտված ցուցանիշի նկատմամբ մաքուր, այսպես ասած, գերակատարված ծավալներն են:

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյան – Իսկ եթե դրոշմանիշային վճարները հանենք՝ մինուս 9 մլրդ՞:

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյան – Եթե դրոշմանիշային վճարները չեզոքացնենք, զուտ հարկային եկամուտները համեմատենք, այդ տարբերության մեջ ոչ թե պակասում, այլ ավելանում է 53.8 մլրդ դրամ, և եթե չեզոքացնենք ճշտված տվյալները: Սակայն ճշտված տվյալները մենք հաշվի ենք առնում, քանի որ դրանք մեզ համար այս պահին տեսանելի են:

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյան – Լավ, հիմա զուտ եկամտային մասով՝ արձանագրենք, որ պլանը հընթացս ենք ճշտել, ճշտված պլանի նկատմամբ ինչքա՞ն ենք ավելի հավաքագրել:

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյան – Պարոն վարչապետ, առաջարկում եմ այս տարբերությունն արձանագրել ըստ բյուջետավորման կանոնների, որը համապատասխան է հենց Ձեր հարցադրմանը, և այդ տրամաբանությամբ ավելի գերակատարումը կազմում է 52.5 մլրդ դրամ:

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյան – Շատ լավ: Համաձա՞յն չեք, պարոն Ջանջուղազյան: Համեցեք:

Ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյան – Շնորհակալ եմ: Պարոն վարչապետ, նախ կուզենայի նշել, որ մենք այն, ինչ դեռևս անցյալ նիստի ժամանակ պատրաստ չէր հանրայնացնելու, հիմա դրա դռներն ենք բացում, և քննարկումը, ըստ էության, վերաբերում է նույն թեմային: Պարզապես այն ժամանակ դեռ չունեինք վերջնականացված կանխատեսումները:

Երկրորդը՝ երկու տարբեր համեմատություններ իրար հետ, որպեսզի ներդաշնակ լինեն. մեկը վերաբերում է այս տարվա ծրագրային ցուցանիշի համեմատությանը, մյուսը վերաբերում է նախորդ տարվա հետ համեմատած հարկային եկամուտների հավաքման փոփոխությանը:
Այս տարվա ընթացքում մենք արդեն մի անգամ առիթ ունեցել ենք 40 մլրդ դրամով ավելացնել հարկային եկամուտների մակարդակը: Եվս 30 մլրդ դրամով մենք ավելացրեցինք վերջերս: Բայց այս ավելացումը չի վերաբերել հենց եռամսյակներին ու կիսամյակներին: Այն տարածվել է ամբողջ տարվա վրա: Հետևաբար, հիմա, երբ մենք կիսամյակի հետ ենք համեմատում, ըստ էության, կիսամյակի ծրագրային ցուցանիշը չենք վերանայել: Կիսամյակի ծրագրային ցուցանիշը եղել է ի սկզբանե բյուջեով նախատեսված 1 տրիլիոն 440 մլրդ դրամին համահունչ բացվածք ներկայացնող մեծություն: Հետևաբար, մենք կքննարկենք, ինչպես պայմանավորվել ենք, թե այս նոր կանխատեսումների լույսի ներքո ինչպիսին կլինեն զարգացումները՝ տնտեսության արդեն ճյուղային կառուցվածքի տեսակետից, որքանով համախառն ներքին արդյունքի հավանական մեծությունը կհանգեցնի հարկային եկամուտների ավելացման: Ես ուղղակի կուզենայի ներկայացնել, որ այդ 6 տոկոս տնտեսական աճի կանխատեսման հիմքում դրված է այն տրամաբանությունը, որ մենք հարկային լրացուցիչ եկամուտների միջակայք կարող ենք ունենալ ՝ 43 մլրդ-ից մինչև 77 մլրդ դրամ: Բայց դա ճշգրտման անհրաժեշտություն ունի, և, ըստ այդմ, նորից կվերանայենք:

Կուզենայի նաև նշել, որ այս վերանայումը տարընկալման տեղիք չտա. մենք գտնվում ենք 2022 թվականի բյուջետային գործընթացի այն փուլում, երբ պիտի վերանայենք և միջնաժամկետ ծախսերի ծրագիր ունենանք առաջիկա 3 տարիների ժամանակահատվածի համար, ինչպես նաև 5 տարիների ժամանակահատվածի համար պարտքի փոփոխության սցենար ունենանք: Այսինքն՝ սա դրանով է պայմանավորված: Եվ համաշխարհային տնտեսության նկատմամբ փոփոխված վերաբերմունքով և տնտեսության համեմատաբար ավելի արագ վերականգնման նշաններով: Սա էի ուզում ավելացնել: Այստեղ կիսամյակի հետ համեմատությունը կարևոր է հաջորդ ժամանակահատվածի մեր ճշգրտումները անելու տեսակետից: Շնորհակալ եմ:

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյան – Կուզենայի պարոն Ջանջուղազյանի դիտարկմանն ավելացնել միայն, որ կիսամյակային վերանայում տեղի է ունեցել 40 մլրդ դրամի բյուջեի եկամուտների ավելացումից հետո: Եվ կհիշեցնեմ, որ ի սկզբանե նախատեսված էր կիսամյակի մասով 665 մլրդ դրամ, և վերանայումից հետո այն կազմեց 683 մլրդ դրամ: Այսինքն՝ մենք մեկ անգամ վերանայել ենք՝ 40 մլրդ դրամն ավելացնելուց հետո: Այո, վերջին՝ անցյալ շաբաթվա ընթացքում 30 մլրդ դրամ տարեկան եկամուտների ավելացումից հետո դեռևս վերանայումներ չեն եղել: Շնորհակալություն:

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյան – Շատ լավ: Այլ հարցեր կա՞ն թեմայի հետ կապված: Չկան:
Հաջորդ հարցը՝ պարոն Քերոբյան, կուզենայի ներկայացնեք գյուղմթերքի արտահանման տվյալները. ի՞նչ իրավիճակ ունենք նախորդ տարիների համեմատ:

Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյան – Հարգելի գործընկերներ, ինչպես գիտեք, վերջերս շատ ենք քննարկում գյուղատնտեսության հետ կապված հարցերը, մասնավորապես՝ ոռոգման հետ կապված հարցերը: Բայց ուզում եմ ասել, որ արտահանման մասով ամեն ինչ շատ լավ է: Ծիրանի՝ մինչ այս պահը եղած արտահանումները կազմում են 21000 տոննա՝ նախորդ տարվա 7200 տոննայի հետ համեմատած: Ասեմ, որ մենք արդեն գերազանցել ենք նախորդ տարվա ամբողջ ծավալը. եղել է 19700 տոննա, իսկ հիմա արդեն 21000 է: Եվ մենք կարծում ենք, որ կարող ենք հույս ունենալ մոտավորապես 50-70 տոկոս ավելի արդյունք ունենալ ծիրանի մասով:
Ընդհանուր գյուղմթերքի մասով վիճակն էլ ավելի լավ է: Մենք մոտավորապես կրկնակի ավելի գյուղմթերք ենք արտահանել, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Կարծում եմ, որ տեմպը պահպանվելու է, և մենք կարող ենք այդ արդյունքն ակնկալել արդեն ամբողջ տարվա համար:

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյան – Իսկ 2019 թվականի հետ համեմատություն ունե՞նք:

Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյան – 2019-ին և 2020-ին համարյա նույն քանակի գյուղմթերք է արտահանվել, 2020 թվականին նույնիսկ մի փոքր՝ 2 տոկոս ավելի: Այնպես որ, այս տարի էապես ավելի լավ արդյունք է լինելու թե՛ 2019-ի, թե՛ 2020-ի նկատմամբ:

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյան – Շատ լավ: Շնորհակալ եմ:

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031