Լրահոս
Օրվա լրահոսը

Կարմիր Շուկա-Շուշի ճանապարհից ադրբեջանական կողմը շուտով չի օգտվելու. Արտակ Բեգլարյան

Հուլիս 01,2021 14:16

Կարմիր Շուկա-Շուշի ճանապարհից ադրբեջանական կողմը շուտով չի օգտվելու. այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը։

Առհասարակ, Արցախում ճանապարհների անվտանգության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ, Արտակ Բեգլարյանի հավաստմամբ, այժմ ինտենսիվ աշխատանք է տարվում. «Իհարկե, առաջնահերթորեն ռուս խաղաղապահներն են այս պահին երաշխավորում անվտանգությունը եւ խոշոր առումով ապահովված է անվտանգությունը։ Իհարկե, փոքր դեպքեր, միջադեպեր եղել են, որոշ մասով արձագանքներ եղել են կամ գործողություններ։ Կանխարգելիչ աշխատանքներ մեր զինված ուժերն էլ, բնականաբար, կատարում են, որոնց մասին շատերն ուղղակի տեղյակ չեն, չեն էլ կարող պատկերացնել, թե ինչ կարող էր լինել, եթե այդ դեպքերը չկանխարգելվեին։ Այո, որոշակի լկտի վարք լինում է ադրբեջանական կողմից, այդ թվում՝ ճանապարհներով անցնելիս, բայց պետք է նշեմ, որ Կարմիր Շուկա-Շուշի ճանապարհից շուտով՝ մի քանի ամսվա ընթացքում, ադրբեջանական կողմն այլեւս ընդհանրապես չի օգտվելու։ Այս մասով լրացուցիչ աշխատանքներ տանում ենք, նաեւ աշխատանքներ են տարվում այդ ճանապարհների անվտանգության մակարդակը բարձրացնելու, այդ թվում՝ գիշերային լուսավորվածության հարցերն են լուծվում, վերահսկողությունն է լրացուցիչ ուժեղացվում»:

Պատասխանելով Արցախից արտագաղթը կանխելու մասին հարցին էլ, պետնախարարն ասաց, որ այդ հարցի կարգավորման համար երկու հիմնական խնդիր կա` երկարատեւ եւ կայուն անվտանգության ապահովում, բնակարանային խնդիրների հնարավորինս արագ եւ արդյունավետ լուծումներ: «Բարեբախտաբար, կարող եմ ասել, որ ի տարբերություն հետպատերազմյան սկզբնական շրջանի`մինչեւ հունվար ամիս, մեզ համար արդեն ակնհայտ է, որ անվտանգության, գոնե մինչեւ հիմա պայմաններն ավելի արդյունավետ են, քան շատերը սպասում էին: Այսինքն, մեր սպասելիքները շատ ավելի վատն էին, քան իրականությունը»,- ասաց Արտակ Բեգլարյանը`հավելելով, որ սա արդեն լրացուցիչ հույս է տալիս հանրությանը`Արցախում երկարաժամկետ կյանք պլանավորելու առումով:

Ինչ վերաբերվում է ռուս խաղաղապահների ժամկետի լրանալուց հետո հնարավոր զարգացումներին, բանախոսն ասաց, որ իր գնահատմամբ՝ ռուս խաղաղապահների տեղակայման ժամկետը հինգ տարով չի սահմանափակվում, իսկ թե լուծումներն ինչպիսի՞ն կլինեն`ժամանակը եւ գերտերություններն իրենց գործողություններով ցույց կտան: Իր համոզմամբ, ռուս խաղաղապահները երկար ժամանակ են կանգնած լինելու, իհարկե, հայկական զինված ուժերի հետ մեկտեղ, երաշխավորելու են անվտանգությունը: «Մեր օրակարգը խաղաղ բանակցային, քաղաքական գործընթացով մեր անվտանգության երաշխավորումն է, որին, հուսանք, Ադրբեջանը պատրաստ կլինի»,- ասաց Արտակ Բեգլարյանը:

Բնակարանային ապահովման առկա ծրագրերը, ինչպես նաեւ կառավարության գործողությունները`Արցախում տնտեսության վերականգնման եւ զարգացման ուղղությամբ, ըստ արցախցի պաշտոնյայի, լրացուցիչ հնարավորություններ կստեղծեն մարդկանց ապահով եւ անվտանգ կեցության համար: Արտակ Բեգլարյանն ասաց, որ ժողովրդագրական տարբեր ծրագրեր կան`տարեցտարի նաեւ Արցախում բնակչության թիվն ավելացնելու համար:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031