Լրահոս
Օրվա լրահոսը

Ում շահերն են հետապնդում որոշ իմքայլականներ. վիճաբանություն ԱԺ-ում. Ինքնակամ կառույցները քանդելու մասին նախագիծը չընդունվեց

Հուլիս 01,2021 13:42

Այսօր ԱԺ արտահերթ նիստում «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների մեջ վիճաբանություն եղավ:

Պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը ներկայացրեց իրենց խմբակցության մի շարք պատգամավորների հետ համահեղինակությամբ «Քաղաքացիական օրենսգրքում» եւ Վարչական դատավարության օրենսգրքում փոփոխությունների նախագծերի փաթեթը,  որով սահմանվում է, որ պետական, համայնքային հողի վրա ցանկացած ինքնակամ կառույց չեն կարող օրինականացնել:

Գործող օրենքով ու ընթացակարգերով, համայնքի ղեկավարը կարող էր օրինականացնել համայնքի եւ պետական հողի վրա կառուցված ինքնակամ կառույցը: Բացի այդ, եթե կառուցապատողը հայց ներկայացներ դատարան, դատարանը կարող էր կասեցնել համայնքի որոշումը ու թույլ չտալ, որ այն քանդվի: Տպավորություն էր ստեղծվում, որ համայնքի ղեկավարը չի ցանկանում ապամոնտաժել ինքնակամ կառույցը:

Պետաիրավական հարցերի հանձնաժողովի անդամ Արթուր Դավթյանն ասաց, որ հանձնաժողովը դեմ էր, որ քվեարկության դրվեր ամբողջ փաթեթը, միայն դրական եզրակացություն են տվել մի հոդվածին. «Նախագծից մնացել է միայն Վարչական դատավարության մասին օրենսգրքի այն հոդվածը, ըստ որի՝ պարտադիր չի կասեցվում այն ակտը, որը ընդունել է վարչական մարմինը՝ համայնքապետը»:

Սա դահլիճում քննարկման տեղիք տվեց, որովհետեւ Նիկոլայ Բաղդասարյանը միայն մի հոդվածը չէր զեկուցել:

Մյուս պատգամավորների համար անհասկանալի էր՝ Նիկոլայ Բաղդասարյանը մի բան էր ասում, Արթուր Դավթյանը մեկ այլ բան: Բաբկեն Թունյանը հարցրեց. «Մինչեւ վերջ հասկանալի չեղավ մենք ինչ ենք անում ու ինչ չենք անում, խնդիրը լուծվո՞ւմ է, թե՞ չի լուծվում: Եթե կիսատ-պռատ է լուծվում, ավելի լավ է ոչ մի բան չանենք»:

Վահագն Հովակիմյանն ասաց, որ  առաջին ընթերցմամբ քննարկվել է մի փաթեթ, որի մեջ մտնում են մի շարք նախագծեր: Քննարկման ընթացքում ինքնակամ շինությունների օրինակները բերվել են Երեւանից՝ անտեսելով, թե դա ինչ հետեւանք կունենա մարզերի համար: Առաջարկվել է թողնել միայն այն հոդվածը, որով Երեւանի քաղաքապետարանը, վարչական շրջանների ղեկավարները եթե չէին կարողանում քանդել ապօրինի շինությունները, բողոքարկում էին դատարան, քանդման պրոցեսը կանգնեցնում էին, հիմա այլեւս չեն կարողանալու դատավորները կասեցնել քանդման որոշումները:

Ամբիոնին մոտեցավ Արթուր Դավթյանն ու ասաց, որ հանձնաժողովը եղել է մոլորության մեջ, դրա համար դրական եզրակացություն են տվել. «Ես հանձնաժողովում կոչ եմ արել կողմ քվեարկել: Բայց հիմա իմ անձնական կարծիքն եմ հայտնում՝ սրան չի կարելի օրենք ընդունել, պետք է դեմ քվեարկել»: Դահլիճում աղմուկ բարձրացավ, ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, որը վարում էր նիստը, սպառնաց նկատողություններ անել:

Նիկոլայ Բաղդասարյանն էլ պարզաբանեց, որ պարզ ասել են՝ այս նախագծից հետո չի կարող համայնքային հողի վրա օրինականացվել ինքնակամ կառույցը:

Ամբիոնին մոտեցավ «Իմ քայլը» խմբակցությունից դուրս եկած պատգամավոր Սոֆյա Հովսեփյանն ու դիտողություն արեց, որ 7-րդ գումարման ԱԺ-ի վերջին նիստն է, մի լավ օրենք չկա, որ անցկացնեն. «Ի՞նչ է նշանակում կոչ եմ արել կողմ քվեարկել, հիմա կոչ եմ անում չքվեարկել: Կարեւոր նախագիծ էր, նորմալ չի՞, որ ապօրինի շինությունները քանդվեն: Ամբողջ քաղաքացիները շնորհակալ կլինեն, որ վերջապես ապօրինի շինությունների վերջը այս քաղաքում ու ամբողջ երկրում տրվի: Եթե որեւէ մեկի շահերն է այստեղ հետապնդվում, ապա մի՛ արեք: Լուրջ խնդիր է: Կոչ եմ անում, որ համախոհություն ցուցաբերեք ու եթե նորմալ նախագիծ է՝ կողմ քվեարկեք»:

Պետաիրավական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Աննա Կարապետյանն ասաց, որ պարզապես կառավարությունը այս պահին չունի սպառիչ գործիքակազմ, որ կարողանա կանխարգելել ինքնակամ շինություններ սարքելը. «Կառավարությունը պատրաստում է համապարփակ նախագիծ, այնտեղ ուղղակի ժամանակ է պահանջվում գործիքակազմի համար, որպեսզի աշխատանքներն ավելի արդյունավետ կազմակերպվեն»:

Ինչ վերաբերում է Արթուր Դավթյան-Նիկոլայ Բաղդասարյան վեճին, Աննա Կարապետյանն ասաց, որ թյուրըմբռնում է եղել հանձնաժողովի անդամների մոտ, որովհետեւ այսպիսի նախագծերն այս հրատապությամբ չէր կարելի քննարկել: Հանձնաժողովում եկել են պայմանավորվածության, որ պետք է մնա միայն «Վարչական դատավարության» օրենսգրքի մի հոդվածը, բայց հետո պարզվել է, որ ԱԺ կանոնակարգը թույլ չի տալիս քննարկման դրված մայր օրենքի նախագիծը, տվյալ դեպքում՝ «Քաղաքացիական օրենսգրքի» նախագիծը հանել ու թողնել փաթեթի այլ օրենքի մի հոդվածը: Աննա Կարապետյանն ասաց, որ առաջարկում է առայժմ ձեռնպահ մնալ այս նախագծից, բայց քանի որ տարբեր կարծիքներ կան, թող խմբակցությունը որոշում կայացնի:

Քննարկումից հետո նախագիծը դրվեց քվեարկության: Բայց մինչ կքվեարկեին, «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարեց, որ խմբակցության պատգամավորները կարող են ազատ քվեարկել, քանի որ կարծիքները կիսվել են, բայց եթե նախագիծը չանցնի, ապա հույս ունի, որ առկա նախագծի հիման վրա 8-րդ գումարման ԱԺ-ն կլրամշակի ու կընդունի, իսկ եթե ընդունվի, ապա այն ուժի մեջ կմտնի 2022-ի փետրվարից:

Քվեարկության արդյունքում «կողմ» քվեարկեց 37 պատգամավոր, «դեմ»՝ 13, «ձեռնպահ» 15 պատգամավոր ու նախագիծը չընդունվեց:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031