Կորոնավիրուսի դեմ պատվաստման տեմպերը գոհացուցիչ չեն։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը։ Սակայն, ըստ տիկին Ավանեսյանի, օրական պատվաստումներն արդեն աճ են գրանցում․ «Նախընտրական լարված քարոզարշավի հետ կապված, առաջնահերթությունների հետ կապված մենք չէինք ունենում ցանկալի արդյունք, բայց ընտրություններից հետո այս շաբաթվա ընթացքում արդեն ավելանում են պատվաստումները, մենք օր ենք ունեցել, որ երեք հազարից ավելի պատվաստում է եղել»։
Աշխարհի տարբեր երկրներում շրջանառվում է կորոնավիրուսի նոր շտամ, տիկին Ավանեսյանն ասաց՝ մի նոր ալիք է բարձրանում․ «Եթե պատվաստումով ստեղծենք հանրային իմունիտետի շերտ՝ կխոչընդոտենք, որպեսզի վիրուսն անընդհատ փոխանցվելով մուտացվի, եւ պատվաստանյութն էլ դրանց նկատմամբ անընդհատ պետք է վերանայվի՝ արդյոք արդյունավե՞տ է, թե՞ ոչ։ Վարակի տարածման ալիքների այս շրջանում շատ կարեւոր է, որ քաղաքացիներն ավելի ակտիվ դիմեն պատվաստման»։
Հայաստանում 80 հազարից ավելի պատվաստում է իրականացվել, նախարարի պաշտոնակատարը վստահեցրեց՝ անցանկալի հետեւանք չի գրանցվել։
Պատվաստումից հետո էլ պետք է փակ տարածքներում դիմակ կրել։ Տիկին Ավանեսյանը պատվաստանյութի երկու դեղաչափն էլ ստացել է, սակայն շարունակում է դիմակ կրել։ Բացատրեց՝ ինչու․«Մենք մեկ ամիս առաջ հայտնել էինք, որ պատվաստումները ստացած անձանց համար գուցե գնանք սահմանափակումների մեղմման, եւ հանեցինք բացօթյա տարածքներում դիմակի կրման պարտադիր պահանջը, նախատեսում էինք նաեւ հանել փակ տարածքներում պատվաստված անձանց դիմակ կրելու պահանջը։ Բայց վերջին երկու-երեք շաբաթների ընթացքում նոր շտամերի ի հայտ գալը եւ դրանց ակտիվ տարածումը ՌԴ-ում, Վրաստանում արդեն կան դեպքեր, մեզ մոտ էլ արդեն սեկվանավորում ենք որոշ խմբաքանակներ, եւ եթե հայտնաբերենք՝ լրացուցիչ կտեղեկացնենք, այս ամենը մեզ հուշում է, որ դեռ վաղ է դիմակներից ընդհանրապես հրաժարվելու կանոնն ուժի մեջ մտցնել։ Դրա համար փակ տարածքներում դիմակ կրելը պարտադիր է»։
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Լուսանկարը՝ արխիվային