«Արցախում անվտանգության հիմնախնդրից հետո երկրորդ առաջնահերթ խնդիրը բնակարանայինն է։ Նախագահի կողմից բազմիցս հայտարարվել է, որ առաջիկա օրերին կառավարության կողմից կհաստատվի բնակարանային ծրագիրը՝ այն ընտանիքների համար, ովքեր պատերազմի հետևանքով զրկվել են իրենց կացարաններից»,- այս մասին այսօր հրավիրված առցանց ասուլիսի ժամանակ հայտարարեց Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը՝ ներկայացնելով իր նախորդ տարվա գործունեության տարեկան հաղորդումը։
Արտակ Բեգլարյանը հայտնեց, որ կառավարության կողմից ծրագրի հաստատումից հետո կընդունվի նաև կարգ, որով մանրամասն կսահմանվեն այդ հարցում լիազոր մարմինը, ժամկետները, դիմելու ընթացակարգը և քաղաքացիներին հետաքրքրող բոլոր այլ մանրամասները։ Նա հավելեց, որ մինչ այժմ արդեն իսկ ինչ-որ չափով իրականացվել են տեղահանվածներին կացարանով ապահովելու և վերանորոգման աշխատանքներ, որոնք ծրագրի հաստատումից հետո ավելի մեծ ծավալ կունենան և ավելի ակտիվ փուլ կմտնեն։
«Գործող զինծառայողների մասով զբաղվում է պաշտպանության նախարարությունը։ Մանրամասներ հայտնել չեմ կարող, սակայն մեզնից ինչ հասնի՝ աջակցելու ենք։ Կառավարությունը զբաղվում է միայն չգործող, պահեստազորի զինծառայողների հարցերով։ Այս մասով կարող եմ ասել, որ առաջիկայում ստեղծելու ենք բնակարանային ծրագրի իրականացման լիազոր մարմին, որը կզբաղվի նաև պահեստազորի զինծառայողների բնակարանային խնդիրներով, սակայն գործող զինծառայողները կշարունակեն մնալ պաշտպանության նախարարության իրավասության ոլորտում»,- ասաց նախարարը։
Անդրադառնալով քաղաքացիներին հուզող այն հարցին, թե երբ վերջնականապես կլուծվի բնակարանային խնդիրը՝ Արտակ Բեգլարյանը նշեց, որ այս պահին նախատեսվում է հինգ տարի ժամկետում ամբողջությամբ լուծել բնակարանային հիմնախնդիրը։
Կարդացեք նաև
Նախարարը տեղեկացրեց, որ բնակարանային ծրագիրն իրականացվելու է ըստ հերթացուցակների՝ առաջնահերթության կարգով բնակարանով ապահովելով խոցելի խմբերի ներկայացուցիչներին։
«Բնակարանային հիմնախնդրից զատ խնդիրներ կան նաև ռեսուրսների հարցում։ Կորցրել ենք մի շարք բնական ռեսուրսների աղբյուրներ։ Մոտ ապագայում կկարողանանք հանրությանն առաջարկել ջրի որակի բարձրացման ծրագիր։ Ենթակառուցվածքները գրեթե ամբողջությամբ վերականգնված են։ Հայտնի է, որ մեր ՀԷԿ-երի մի մասն անցել է Ադրբեջանի վերահսկողության ներքո, այս մասով կարիք ունենք համակարգի նորարարացման»,- ասաց Արտակ Բեգլարյանը։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ