Այս տարի` նախորդ տարվա համեմատ, ծիրանի արտահանման ծավալներն աճել են։ Այս մասին այսօր կառավարության նիստի օրակարգին անցնելուց առաջ ներկայացրեց էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը։
Նա ասաց, որ չնայած վերջերս շատ են քննարկում գյուղատնտեսության ոլորտի խնդիրները, մասնավորապես ոռոգման հետ կապված խնդիրները, բայց արտահանման գծով ամեն ինչ շատ լավ է․ «Մինչեւ այս պահը ծիրանի արտահանումը կազմել է 21 հազար տոննա՝ նախորդ տարվա 7,200 տոնայի համեմատ։ Գերազանցել ենք նախորդ տարվա ամբողջ ծավալը, նախորդ տարի արտահանվել է 19 հազար 700 տոննա ծիրան։ Կարող ենք հույս ունենալ, որ մոտ 50-70% ավել արդյունք կունենանք ծիրանի մասով»։
Վահան Քերոբյանը վստահեցրեց՝ ընդհանուր գյուղմթերքի արտահանման առնչությամբ էլ բավականին լավ վիճակ է՝ մոտ կրկնակի ավելի գյուղմթերք է արտահանվել՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ․ «Կարծում եմ, որ տեմպը պահպանվելու է եւ մենք կարող ենք լավ արդյունք ակնկալել ամբողջ տարվա համար։ 2019-ին եւ 2020-ին գրեթե նույն քանակի գյուղմթերք է արտահանվել, 2020 թվականին՝ նույնիսկ 2% ավել, այս տարի էապես ավելի լավ արդյունք է լինելու 2019 եւ 2020 թվականների համեմատ»։
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ