Լրահոս
Օրվա լրահոսը

Շահին Ռզաեւ. Ադրբեջանում մեծամասնության մակերեսային ընկալմամբ՝ Նիկոլ Փաշինյանը խաղաղության կողմնակից է, իսկ Ռոբերտ Քոչարյանը՝ ռևանշիստ. Jamnews

Հուլիս 01,2021 13:20

Արցախյան հակամարտությունն ու Հայաստանի նոր խորհրդարանը․ հայացք Բաքվից

Jamnews. Որքան հիշում եմ (իսկ ես արդեն 56 տարեկան եմ), ադրբեջանցի ժողովրդին առաջին անգամ էին այդքան հետաքրքրում ընտրությունները Հայաստանում։ Ես իմ երկրում էլ ընտրությունների նկատմամբ այդպիսի հետաքրքրություն չեմ նկատել թերևս 2003 թ-ից հետո, երբ մահացավ նախորդ նախագահ Հեյդար Ալիևը, և նրան փոխարինեց նրա որդին՝ ներկայիս նախագահ Իլհամ Ալիևը։

Չէ, իհարկե, մեդիան պարբերաբար գրում էր տեղի ընտրությունների մասին, քարոզարշավներ եղել են, որոշ թեկնածուներ նույնիսկ ծրագրեր են ունեցել։ Նկատի ունեմ հասարակ ժողովրդին։

Օրինակ՝ խանութ եմ մտնում հացի, վաճառողը հարցնում է․ «Ասում են՝ Քոչարյանն իշխանության է վերադառնալու, և պատերա՞զմ է սկսելու»։ Մինչ ես փորձում եմ բացատրել իրավիճակը տարածաշրջանում Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո, անսպասելիորեն հավաքվում են մյուս գնորդներն ու լսում, ոմանք նույնիսկ դավադրության տեսություններ են կառուցում։

Ինչո՞վ է պայմանավորված հայկական ընտրություններով նման հետաքրքրվածությունն Ադրբեջանում։ Պատասխանը պարզ է․ մարդիկ նոր պատերազմ չեն ուզում։

Մեծամասնության մակերեսային ընկալմամբ՝ Նիկոլ Փաշինյանը խաղաղության կողմնակից է, իսկ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ ռևանշիստ։

Ռոբերտ Քոչարյանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առաջնորդն է եղել 1994-1997 թթ-ին, Հայաստանի նախագահը՝ 1998-2008թթ-ին։

Եվ այս մակերեսային պատկերացումը, կասկածներ ունեմ, որ հատուկ են տարածում Ադրբեջանի իշխանամետ լրատվամիջոցները (իսկ ուրիշ ԶԼՄ գրեթե չունենք)։ Եթերից վաղուց են անհետացել պատերազմի ժամանակ Փաշինյանի հասցեին հնչող ծաղրանքը, կադրերը, որտեղ նա պարում է Շուշիի Ջդրդուզում, որտեղ Հայաստանի առաջին տիկինը մարզում է կին մարտիկների ջոկատը և այլն։

Ըստ ամենայնի, հող է նախապատրաստվում հենց Փաշինյանի թիմի (եթե ոչ անձամբ նրա) հետ բարձր մակարդակում հետագա երկխոսության համար։ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Հայաստանի ժողովրդից իր մանդատն արդեն ստացել է։ Եվ, որքանով կարող եմ եզրակացություններ անել՝ հետևելով հայկական մամուլին, ընդդիմության կողմից դիմադրություն առանձնապես չի եղել։

Ներկայիս իշխանության հիմնական մրցակիցը՝ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ելույթ է ունեցել՝ օգտագործելով «արդյունքները կասկածելի են թվում», «դեռ չեմ որոշել, թե արդյոք աշխատելու եմ խորհրդարանում» արտահայտությունները։ Սա նման չէ Քոչարյանին։ Ես հեռու եմ Հայաստանի ներքին քաղաքականությունը վերլուծելու մտադրությունից, բայց այստեղից՝ Բաքվից, անձամբ ինձ թվում է, որ պատկերացումը, թե Ռուսաստանը սատարում է Քոչարյանի դաշինքին, մեծապես ուռճացված է (նրա իսկ համախոհների կողմից)։ Այսինքն՝ Հայաստանում մեծ ազդեցություն ունեցող Ռուսաստանն էլ է թեկուզ պասիվորեն, բայց՝ սատարել Փաշինյանի դաշինքին։

Սա, կրկնում եմ, այն է, ինչ մակերեսին է։ «Քաղաքացիական պայմանագրի» հաղթանակը կարող է նաև ավելի հեռուն գնացող հետևանքներ ունենալ։

Առաջինը՝ Լեռնային Ղարաբաղի այն հատվածի, որը վերահսկվում է ռուս խաղաղապահների կողմից, և Հայաստանի Հանրապետության միջև, առանց այն էլ առկա խորը պառակտման խորացումն է։ Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի «Արցախը Հայաստան է և վերջ» արտահայտությունը հիմա ավելի քան կասկածելի է թվում։

Ադրբեջանի համար 2025 թ-ին (երբ լրանում է ռուս խաղաղապահների մանդատը) գլխավոր սպառնալիք կարող է լինել նորընտիր Պուտինի (Ռուսաստանում ընտրությունները կայանալու են 2024 թ-ին) «Արցախը Ռուսաստան է և վերջ» արտահայտությունը։ Գուցե դա նույնիսկ ընդգրկվի նրա նախընտրական քարոզարշավում, եթե նա ցանկանա հերթական մի բանը խլել հարևան երկրից։

Բացի այդ, Ադրբեջանի համար «2025 թ-ի խնդիրը» խորանում է նաև ժամանակային առումով համընկնող նախագահական և խորհրդարանական ընտրությունների պատճառով, որոնք առանձին-առանձին անվտանգ են և կանխատեսելի, սակայն այսպիսի համընկնման դեպքում ավանդական ընտրակեղծիքները կարող են «ռեզոնանս»՝ ոչ մեծ անկարգություններ առաջացնել։ Սա հաշվի առնելով՝ Ադրբեջանում հնարավոր է արտահերթ նախագահական ընտրությունների անցկացում։ Իշխանության փոխանցման մասին դեռևս, ըստ ամենայնի, խոսք չկա, Իլհամ Ալիևն ամուր առողջություն ունի։

Այսինքն՝ ղարաբաղյան կլանի պարտությունը դե ֆակտո հայ ժողովրդի հրաժարումն է «միացման» գաղափարից («Հայաստանի հետ միացում» կարգախոսը, որով սկսվել էին առաջին ցույցերը 1988 թ-ի փետրվարի կեսերին Ադրբեջանի Խորհրդային Հանրապետության կազմում գտնվող Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզում)։

Իմ կարծիքով, սա առաջընթաց է։ Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի «Նոր պատերազմ՝ նոր տարածքներ» կարգախոսը մնացել է XX դարում։ Ի՞նչ է տալիս տարածքների նկատմամբ վերահսկողությունը։ Արդյունքը մենք տեսել ենք։

«Քաղաքացիական պայմանագրի» հաղթանակն ու Ղարաբաղի և, պայմանականորեն ասենք, «ցամաքային» հայերի միջև հակասությունների խորացումն ամեն ինչից զատ խարխլում է նաև Ստեփանակերտի իշխանությունը։ Եթե պատերազմից առաջ Ղարաբաղի հայերի քիչ թե շատ լեգիտիմ ընտրված ներկայացուցիչն Արայիկ Հարությունյանն էր համարվում, այժմ «դրության տերը» նախկին դաշտային հրամանատար, Ռոբերտ Քոչարյանի համախոհ Վիտալի Բալասանյանն է։

Ի՞նչ է սա նշանակում Բաքվի համար․

Հայաստանի իշխանության ազդեցությունը Լեռնային Ղարաբաղում նվազելու է։

Ավելանալու է Լեռնային Ղարաբաղի՝ ադրբեջանական զորքերի վերահսկողությունից դուրս մնացած մասից արտագաղթը։ Ո՞ւր են գնալու մարդիկ։ Հավանաբար, Ռուսաստան։ Ռուսական անձնագրեր բաժանելու սովորական դարձած պրակտիկա, իսկ Ռուսաստանն ինքը ժողովրդագրական խնդիրներ ունի։

Վստահ եմ, որ Ղարաբաղի հայերը մերժելու են Փաշինյանի ստորագրած նոր փաստաթուղթը։ Իսկ նա ստիպված է լինելու ստորագրել, նա ունի ժողովրդի վստահությունը (հայ ժողովուրդն էլ պատերազմ չի ուզում) և պարտավորություններ է ստանձնել, որոնք, այնուամենայնիվ, պետք է կատարի (նկատի ունեմ «Զանգեզուրի միջանցքը», թեև «միջանցք» բառը նոյեմբերի 10-ի փաստաթղթում նշված չէ, սակայն եթե քո տարածքով երթևեկում են հակառակորդի գնացքները, դա «սոխակ» էլ անվանես, էությունը չի փոխվում)։

Ադրբեջանի իշխանությունն ասում է, որ «Ղարաբաղյան հակամարտությունը լուծված է», այն պատմության գիրկն է անցել։ Սակայն բնակչությունը, այստեղ-այնտեղ կրկնելով հեռուստացույցով լսած մանթրան, կուլիսներում շշնջում է, որ «այս խմորը դեռ շատ ջուր կտանի»։

Իսկ ի՞նչ է պետք՝ պատմական շանսն օգտագործելու և Ղարաբաղի վերաբերյալ խաղաղության պայմանագիր կնքելու համար։ Շատ ու շատ բաներ։

Պայմանավորվել փախստականների վերադարձի մասին, սկզբնական փուլում՝ ԼՂ ներսում, այսինքն՝ ադրբեջանցիների վերադարձ Խոջալու և Ստեփանակերտ, և հայերի վերադարձ Հադրութ, Շուշի և այլ բնակավայրեր։

Ովքե՞ր են նրանց պաշտպանելու։ Հետևաբար, պետք է պայմանավորվել ոստիկանության համատեղ ջոկատների շուրջ, աշխարհում նման օրինակներ կան, օրինակ՝ Բելֆաստում։

Սահմանն ապամոնտաժելն ամենամեծ խնդիրը չէ, սակայն շատ ավելի դժվար է պայմանավորվել «միջանցքների» շուրջ։

Թերևս ամենամեծ խնդիրը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակն է։ Արդյո՞ք այնտեղ կլինեն իշխանության ընտրված ներկայացուցիչներ, արդյո՞ք նրանք կմասնակցեն իրենց քաղաքացիների և գյուղացիների կյանքի վերաբերյալ բանակցություններին, թե՞, ինչպես ասել է նախագահ Ալիևը, «գրողի ծոցը կորչի կարգավիճակը»։ Այս թեման ընտրությունների հետ առնչություն չունի, դրա մասին կարելի է և հարկ է ավելի հանգամանալից գրել։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031