Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես 100 տոկոսով կարող եմ ասել, որ ջուրն անվտանգ է լողալու համար և մաքուր է». «Սևան» ազգային պարկի տնօրենի ժ/պ. «Հայկական ժամանակ»

Հուլիս 01,2021 12:06

Այս տարի Սեւանա լճի ծաղկումը կամ կանաչումը կարճ ժամանակ է տեւել: «Սեւան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արման Աբելյանի խոսքով՝ ջուրն անվտանգ է, եւ քաղաքացիները կարող են հանգիստ այցելել Սեւանա լիճ:

Այս տարվա հուլիսին շրջակա միջավայրի նախարարության կանխատեսմամբ՝ լճի մակարդակը կհասնի վերջին տասնամյակների համար աննախադեպ նիշի՝ 1901 մետրի:

Սեւանա լճում եւ դրա հարակից տարածքում իրականացվող աշխատանքների մասին զրուցել ենք Արման Աբելյանի հետ:

Պարո՛ն Աբելյան, ի՞նչ վիճակում է լիճը, դարձյալ կանաչո՞ւմ է նախորդ տարիների պես:

– Հուրախություն բոլորիս՝ այս տարի ծաղկման գործընթացը շատ կարճ ժամանակահատված եղել է արդեն 1 փուլով, որն աչքով տեսանելի չի եղել: Սեւանա լիճ թափվող գետերից ամեն ամիս վերցնում ենք փորձանմուշներ, չի բացառվում, որ երկրորդ փուլով էլ կանաչում լինի, բայց դրա ժամանակահատվածն ու ակտիվ պրոցեսի ծավալները կանխատեսելի չեն: Ծաղկման հիմնական պատճառները մի քանիսն են՝ Սեւանա լճի ջրահավաք ավազանում առկա տասնյակ բնակավայրերից, սպասարկման եւ ժամանցի օբյեկտներից լիճ մտնող կեղտաջրերը, կենցաղում օգտագործվող սինթետիկ լվացքի միջոցները, գյուղատնտեսական եւ անասնապահական գործունեության հոսքաջրերը, լճի ջրի մակարդակի բարձրացման հետեւանքով ջրածածկված տարածքների օրգանական նյութերը եւ նաեւ բարձր ջերմաստիճանը:

Որքանո՞վ է մաքրվել լիճը եւ դրա հարակից տարածքները. տարիներ շարունակ դժգոհություններ են եղել դրանից:

– Աշխատանքներ կատարվել են, բայց արդյունքը 100 տոկոսանոց չի կարող լինել: Մենք նախատեսում ենք առաջնահերթ լճի ջրի ծաղկման կանխարգելմանն ուղղված միջոցառումներ իրականացնել: Առաջինը՝ լճի ջրի մակարդակը պետք է բարձրացվի, վերջին ժամանակաշրջանի համեմատ այն հասել է մաքսիմումի՝ գրեթե 1901 մետր նիշի, ինչը շատ լավ ցուցանիշ է: Երկրորդը՝ լճի ավազանում գործող 3 կեղտաջրերի մեխանիկական մաքրման կայաններին կից կենսաբանական մաքրման բաղադրիչ պետք է կառուցվի: Մաքրման կայաններ պետք է տեղադրվեն լճի ափամերձ տարածքում գործող սպասարկման եւ ժամանցի վայրերում: Ունենք գործող 21 մաքրման կայաններ 14 տնտեսվարողների կողմից տեղադրված, բայց դա շատ քիչ է, բոլոր վարձակալներին հորդորել ենք, որ կենսաբանական մաքրման կայան տեղադրեն:

Հիմա կարո՞ղ ենք արձանագրել, որ այս տարի քաղաքացիները կարող են հանգիստ գալ Սեւանա լիճ եւ որ այդտեղ անվտանգ է:

– Ես 100 տոկոսով կարող եմ ասել, որ ջուրն անվտանգ է լողալու համար եւ մաքուր է:

Նիկոլայ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031