2021 թվականի համար բյուջեի նախագծով կանխատեսվում էր 3,2% տնտեսական աճ, սակայն այդ ցուցանիշի վերանայման արդյունքում այս տարվա համար կանխատեսվում է 6% տնտեսական աճ։ Այս մասին այսօր կառավարության նիստի օրակարգին անցնելուց առաջ ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ «Կարեւոր է, որ մենք, այդ ցուցանիշներին զուգահեռ, բավականին հաջող իրականացնում ենք պետական բյուջեի եկամտային մասի հավաքագրումներ, եւ այդ առումով ունենք կիսամյակի գերակատարում»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։
ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանն էլ ներկայացրեց որոշ ցուցանիշներ, ըստ այդմ՝ այս տարվա առաջին կիսամյակի ընթացքում հարկային եկամուտների հավաքագրումը կազմել է ավելի քան 750 միլիարդ դրամ, ծրագրային ցուցանիշը նախատեսված էր 683 միլիարդ դրամ․ «Մեզ հայտնի տեղեկությունների հիման վրա ճշտված ծրագրային ցուցանիշը մոտ 697,7 միլիարդ դրամ է։ Այս համեմատության մեջ կարող ենք ասել, որ առաջին կիսամյակի համար ունենք 52,5 միլիարդ դրամի գերակատարում։ Սա այն պայմաններում, երբ 2021 թվականի առաջին կիսամյակում հարկ վճարողներին եւ ֆիզիկական անձանց համապատասխան հարկատեսակների մասով վերադարձվել է 84 միլիարդ դրամ, իսկ եթե համեմատենք վերադարձի գումարները նախորդ տարվա համեմատելի ժամանակաշրջանների հետ, կարող ենք փաստել, որ 2020 թվականի նույն ժամանակաշրջանում վերադարձվել է 65 միլիարդ դրամ, 2019-ին՝ 52 միլիարդ, 2018-ին՝ 49 միլիարդ»։
Պարոն Հովհաննիսյանն ասաց, որ հավաքագրված եկամուտների մեջ իր ազդեցությունն է ունեցել դրոշմանիշային վճարների գծով կատարված օրենսդրական փոփոխությունը․ «Որի արդյունքում հավելյալ հավաքագրված դրոշմանիշային վճարների ծավալն, որը զուտ տարբերությամբ, կազմում է 9,2 միլիարդ դրամ, իսկ եթե չեզոքացնենք դրոշմանիշային վճարների ազդեցությունն եւ զուտ եկամուտները համեմատենք միմյանց հետ, ապա 2021 թվականի ընթացքում տարբերությունը կկազմի 54 միլիարդ դրամ։ Նաեւ հավելեմ, որ այս տարվա առաջին 6 ամիսներին գործարքներն ավելացել են 24 միլիոն հատով, իսկ 2019 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ՝ 25 միլիոն հատ ավել»։
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ