Լրահոս
Օրվա լրահոսը

Փոխարժեքի նման վարքագիծը պետք է համարել օբյեկտիվ, բնականոն եւ ԿԲ-ի չմիջամտելու արդյունք. Ինչ գործոններ են նպաստել դոլարի նկատմամբ դրամի արժեւորմանը

Հուլիս 01,2021 11:22

Վերջին օրերին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամը զգալի արժեւորվել է:

Տնտեսական ի՞նչ հիմքեր ունի սա, ինչ գործոններ են ազդել դոլարի էժանացման ու դրամի արժեւորման վրա, եւ ի՞նչ չափով է այս ամենին ազդել ներգրավված պետական պարտքը: Այս հարցերի պատասխանը «ՀՀ»-ն փորձեց ստանալ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Ինովացիոն եւ ինստիտուցիոնալ հետազոտություններ» լաբորատորիայի ղեկավար, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Ատոմ Մարգարյանից:

Ըստ նրա՝ փոխարժեքի նման վարքագիծն ունի օբյեկտիվ գործոններ: Դրամն արժեւորվել է, եւ ինչ-որ տեղ դա արձագանքն է այս փուլում ավարտված քաղաքական շրջափուլի: Թերեւս, կարելի է համաձայնել այն տեսակետին, որ շուկա մտել է մեծ քանակությամբ դոլար նաեւ որոշակի քաղաքական շրջանակներից, եւ ԿԲ-ն այս իմաստով լրջորեն չի միջամտել: «Երկրորդը սեզոնային գործոններն են: Տարվա այս շրջանում հատկապես գյուղատնտեսական մթերքի արտահանման ծավալները մեծ են, եւ հետադարձ արժութային հոսքեր են ապահովվում, որն էլ որոշակիորեն ազդել է փոխարժեքի վրա: Մյուսը, իհարկե, պղնձի գներն են: Եթե նայենք, թե միջազգային շուկայում պղինձն ինչ գնային սեգմենտում է, ապա կտեսնենք, որ գրեթե մոտենում է պատմական մաքսիմումին»,- ասաց տնտեսագետը:

Բայց, անշուշտ, մասնագետի խոսքով, ավելի ծանրակշիռ գործոն է պետական պարտքի ներգրավումը, նաեւ մասնավոր կառույցների կորպորատիվ սեկտորի ու բանկային շրջանակների կողմից արժութային հսկայական միջոցների ներգրավումը. «Նկատի ունեմ այս տարեսկզբին եվրոբոնդերի թողարկումն ու տեղաբաշխումը, նաեւ տպավորիչ ծավալների արժութային միջոցներ են ներգրավում, որպես լիկվիդայնության ռեսուրսներ, մասնավոր բանկերը՝ օգտվելով ներքին եւ արտաքին շուկաների տոկոսադրույքների տարբերություններից, եւ դա, բնականաբար, ազդում է այս շուկայի իրավիճակի վրա: Մեծ հաշվով սպեկուլյատիվ բերողներ չկան եւ չեն էլ կարող լինել, որովհետեւ ռեզերվները նույնպես մեծ ծավալների են հասել՝ նաեւ շնորհիվ հենց այս եվրոբոնդերի տեղաբաշխման: Նայենք նաեւ աշխարհի ֆոնը, դոլարի վարքագիծը: Դոլարը որոշ չափով արժեզրկվել է: Չնայած արդեն խոսակցություններ կան, որ ֆեդերալ ռեզերվային համակարգը կվերանայի իր մոտեցումները քանակական խստացման ուղղությամբ: Բայց առայժմ այդպիսի քայլեր չեն արվում: Ընդամենը հայտարարություններ են»:

Ատոմ Մարգարյանը, իբրեւ մեկ այլ գործոն, մեջբերեց մասնավոր տրանսֆերտների հոսքի պարագան:

Ինչ վերաբերում է այն գնահատականներին, որ դրամի արժեւորումը տնտեսական ակտիվացման արդյունք է, ապա, ըստ մեր զրուցակցի, այո, որոշ ակտիվացում կա շինարարության ոլորտում, գյուղատնտեսության բնագավառում. «Բայց մեր տնտեսության մեջ լուրջ որակական, կառուցվածքային փոփոխություններ վերստին չկան: Եվ սա խնդիր է: Նկատի ունեմ այն ոլորտները, որոնք պետք է գեներացնեին ավելացված արժեքի մեծ մասնաբաժին եւ մրցունակ արտադրանք ստեղծեին ու դուրս բերեին արտաքին շուկաներ: Լուրջ ներդրումային ակտիվություն նույնպես չկա ռեալ սեկտորում»:

Սա է ընդհանուր պատկերը, եւ փոխարժեքի նման վարքագիծը պետք է համարել օբյեկտիվ, բնականոն եւ ԿԲ-ի չմիջամտելու արդյունք: Բայց այս ամենով հանդերձ՝ մեր պարտքն ավելացել է, եւ դա ենթադրում է նաեւ հետադարձ հոսքեր՝ պարտքի սպասարկում:

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031