Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական կողմը որևէ պահանջ Ադրբեջանի առջև չի դնում, ՀՀ և Ադրբեջանի ղեկավարությունը նույն կերպ են վերաբերվում հայ ռազմագերիներին, նրանց դիտարկում են՝ որպես առևտրի առարկա. Մարինա Գրիգորյան. «168 ժամ»

Հուլիս 01,2021 11:00

Բաքվում շարունակվում են հայ ռազմագերիների դեմ հարուցված շինծու քրեական գործերով դատական նիստերը։ Արցախի 44-օրյա պատերազմից հետո Շիրակի մարզից գերեվարված 13 ռազմագերիների վերաբերյալ հունիսի 29-ին դատախազի կողմից մեղադրական եզրակացությունն ընթերցելուց հետո, այսօր վերսկսվել է հայ ռազմագերիներ Լյուդվիգ Մկրտչյանի և Ալյոշա Խոսրովյանի նկատմամբ հարուցված շինծու քրեական գործով հերթական դատական նիստը։

168.am–ի հետ զրույցում «Սովորական ցեղասպանություն» նախագծի ղեկավար, փորձագետ Մարինա Գրիգորյանն անդրադառնալով գերիների խնդիրներին և հարցին՝ ինչո՞ւ իշխանություններին չհաջողվեց որևէ քայլ ձեռնարկել, որպեսզի ռազմագերիներին չդատապարտեին, պատասխանեց, որ երբ ասում ենք՝ չհաջողվեց, նշանակում է՝ իշխանությունները փորձել են որևէ քայլ ձեռնարկել, այնինչ նոյեմբերից հետո ՀՀ իշխանություններից կողմից չի նկատել որևէ լուրջ փորձ՝ լուծելու հայ ռազմագերիներին հայրենիք վերադարձնելու հարցը։

Նրա բնորոշմամբ, Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ գերիներին իրենց կներեն 1-2 ամիս Բաքվի բանտերում ավելի մնալու համար՝ բացարձակ ցինիկություն է, քանի որ, եթե նա գոնե մի քիչ պատկերացում ունենար, թե ինչ կտտանքների են ենթարկվում գերիները Բաքվում, ապա նման բան չէր ասի։ Որպես օրինակ՝ նա հիշեցրեց, որ 1997 թվականին անգլիական «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությունը հետազոտել էր Ադրբեջանից վերադարձած մոտավորապես 50 գերիների, և այդ ուսումնասիրության վերաբերյալ զեկույցն այժմ կա։

«Եթե Նիկոլ Փաշինյանը բարեհաճեր գոնե մեկ էջ կարդալ այդ զեկույցից, նա կհասկանար, որ այդպիսի բան չի կարելի ասել, ամեն մի ժամը, որը մեր հայրենակիցներն անց են կացնում Բաքվում, դա նրանց համար ուղղակի դժոխք է, բոլորը դրա մասին գիտեն։

Կարծում եմ՝ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարությունը նույն կերպ են վերաբերվում հայ ռազմագերիների խնդրին, որքան էլ, որ ցավալի է սա փաստել։ Նրանք հայ ռազմագերիներին դիտարկում են՝ որպես առևտրի առարկա, այլապես Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը չէր բացահայտի մեկ փաստ։ Նա իր հարցազրույցներից մեկում ասաց, որ նախկին արտգործնախարար Արա Այվազյանի հրաժարականից հետո բառացիորեն մի քանի օրվա ընթացքում հաջողվեց լուծել ռազմագերիների հարցը։

Հիշեցնեմ՝ Ալիևն անընդհատ հայտարարում էր, որ հայ ռազմագերիների հարցը լուծված է, իսկ մնացածներն ահաբեկիչներ են։ Հիմա ինչ, Արմեն Գրիգորյանը համաձա՞յն է Ալիևի հետ, որ հարցը լուծված է, ի՞նչ է նշանակում նրա այդ պնդումը․ ես կարող եմ ենթադրել, որ Արա Այվազյանն ուզում էր լուծել այդ հարցը և Ադրբեջանից պահանջում էր այն լուծել եռակողմ հայտարարության 9-րդ կետի հիման վրա։ Հիմա ՀՀ ղեկավարությունը, ի դեմս Արմեն Գրիգորյանի, փաստորեն, փաստում են, որ նրանք ի վիճակի չեն դիվանագիտական, քաղաքական համառ ու հետևողական աշխատանքով լուծել այդ հարցը և պահանջել Ադրբեջանից կատարել այդ կետը»,- շեշտեց Մ. Գրիգորյանը։

Միաժամանակ նա նկատեց՝ հայկական կողմը որևէ պահանջ Ադրբեջանի առջև չի դնում, նրա հետ աշխատանքներ չի տանում, փոխարենը՝ առևտուր են անում, թշնամուն փոխանցելով ռազմավարական նշանակություն ունեցող ականապատ տարածքների քարտեզները։

Զվարթ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031