Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Բաբայան. Հնարավոր չէ գավառական, 19-րդ դարի խուլ գյուղի մտածողությամբ շարժվել 21-րդ դարում. «Փաստ»

Հուլիս 01,2021 10:24

Խորհրդարանական ընտրությունների անցկացումը միտված էր երկրում առաջացած քաղաքական ճգնաժամը լուծելուն, կարծիք կար, որ այդ կերպ հանդարտվելու են նաև հասարակական կրքերը, անհանդուրժողականությունն ու ատելությունը քիչքիչ զիջելու են իրենց դիրքերը: Բայց ընտրությունների արդյունքներից հետո ամեն ինչ, կարծես թե, ավելի սրվեց, այնքան, որ հասարակության մի մասը սկսեց մեղադրել մյուսին, օրինակ՝ այն մարդկանց, որոնք իրենց այգիների ոռոգման համար կառավարությանը պահանջներ են ներկայացնում: Մեղադրանքի հիմքում հետևյալ թեզն է՝ «ընտրել եք, սա էլ արդյունքն է»:

Ռեժիսոր, Հովհաննես Թումանյանի անվան Տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը նշում է՝ ոռոգման ջուր ունենալու քաղաքացիների պահանջը բնական է: «Ամեն պարագայում ջուր պետք է լինի, այլ հարց է, թե այդ պահանջին ինչպես են արձագանքում: Իշխանությունն առաջին հերթին պետք է անի ամեն ինչ, որ այդ հարցը շուտափույթ լուծվի: Մեղադրել մարդկանց, ասել, թե դուք եք ընտրել, սա ձեր ընտրության արդյունքն է, ամենավերջին քայլն է: Բոլոր դեպքերում պետք է հասկանալ մի բան: Մենք մի ժողովուրդ ենք, մի հասարակություն, և մենք իրար հետ ապրելու ենք»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Բաբայանը:

Ասում է՝ ավելի մեծ խնդիր է տեսնում քաղաքական գիտակցության մեջ: «Սա պետք է բացատրել, հասկանալ: Հնարավոր չէ գավառական, 19-րդ դարի խուլ գյուղի մտածողությամբ շարժվել 21-րդ դարում: Աչքերը բաց պետք է ապրել, աշխարհի հետ միասին ապրել: Հասկանալ, թե ինչ օրենքներ են գործում, որովհետև բնության, ֆիզիկայի, քիմիայի օրենքներից բացի կան նաև հասարակական օրենքներ, որոնք պետք է ուսումնասիրել: Ու ամենակարևորը՝ թշնամի չփնտրել: Սեփական ժողովրդի մեջ թշնամի փնտրելը ամենադատապարտելի գործն է:

Չի կարելի հուսահատություն սերմանել: Կյանքը մարդուն տրված մեծագույն պարգև է: Մենք մեծ մեղք ենք գործել, որ այսքան զոհ ենք տվել: Սա ամենամեծ կորուստն է, յուրաքանչյուր մարդու կորուստը մոլորակի, տիեզերքի կորուստն է: Գնահատենք կյանքը, հասկանանք, որ այն տրված է ուրախության համար, ընդ որում՝ պետք է ուրախություն պարգևես ոչ միայն ինքդ քեզ, այլ նաև դիմացինիդ: Պետք չէ փչացնել ո՛չ սեփական կյանքը, ո՛չ էլ ուրիշինը, կյանքը շատ կարճ է»,-ընդգծում է ռեժիսորը:

Լուսինե ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031