Լրահոս
Օրվա լրահոսը

Իսկ մենք միամտաբար այսքան ժամանակ կարծել ենք, թե պետական համակարգը պետք է ծառայի բացառապես պետությանը և ժողովրդին. «Փաստ»

Հուլիս 01,2021 08:30

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն օրերս ասել է. «Մենք կադրային ջարդ ենք խոստացել, և այն լինելու է։ Ընդհանրապես պետական համակարգը պետք է կուռ լինի և միանշանակ ծառայի հաղթած ուժին»: Դե, Գրիգորյանը կարող էր և չիմանալ, որ ջարդ բառը, ի թիվս այլ բացատրությունների, ունի նաև այսպիսի իմաստ. «Կառավարության կողմից հարուցված մասսայական հալածանքներ»: Չիմանալն ու չհասկանալը այս իշխանություններին շատ բնորոշ են: Սակայն հարցն այն է, որ այստեղ շատ ավելի կարևոր «միտք» է արտաբերել ԱԽՔ-ը: Տեսեք, նա ասում է. «Պետական համակարգը պետք է միանշանակ ծառայի հաղթած ուժին»:

Լո՞ւրջ, կամ՝ իյա, իրո՞ք… Իսկ մենք միամտաբար այսքան ժամանակ կարծել ենք, թե պետական համակարգը պետք է ծառայի բացառապես պետությանը և ժողովրդին: Լավագույն դեպքում «հաղթած» ուժին կարող են ծառայել քաղաքական պաշտոն զբաղեցնողները, թեպետ, ըստ Սահմանադրության, օրենքների ու պարզ տրամաբանության, նրանք ևս պարտավոր են ծառայել երկրին, պետությանը, ժողովրդին:

Ընդհանրապես, այս իշխանության ներկայացուցիչները հաճախակի են ինքնախոստովանական ցուցմունքներ տալիս: Սա ևս այդ դեպքերից է: Մարդը պարզ, հանրամատչելի ասել է, որ իրենք թքած ունեն երկրի վրա, պետության վրա, ժողովրդի վրա, որ իրենց համար «լումայի» արժեք չունեն պրոֆեսիոնալիզմը, փորձառությունը, կրթությունը, գիտելիքները: Կարևորը, որ պետական ամբողջ համակարգը, բոլոր մեծ ու փոքր պաշտոնյաները կամակատար լինեն, «սվոյ» լինեն, ծառայեն իրենց քաղաքական ուժին, իսկ եթե ավելի ճշգրիտ լինենք՝ մեկ անձի: Ինչպես «հին ու բարի» ժամանակներում. «Թեկուզ պոլի փետ լինի, բայց մերը լինի»: Իրականում պետական համակարգում մեծ թիվ են կազմում քաղծառայողները, որոնք պաշտպանված են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Բայց նախորդ երեք տարին ցույց է տվել, որ այս իշխանությունների համար օրենքը ոչինչ է, ցանկացած օրենք նրանք կարող են մեկնաբանել կամ ուղղակի փոխել այնպես, ինչպես իրենց է ձեռնտու:

Ընդ որում, այստեղ հատուկ պետք է նշել, որ խոսքը պետական պաշտոնյաների ընդվզումների կամ բոյկոտների մասին չէ, խոսքը պարզապես քաղաքական հայացքներ, քաղաքական «սիմպատիաներ» ունենալու մասին է: Եթե մարդը պրոֆեսիոնալ է, իր գործի մեջ փորձառու է, անթերի կատարում է իր աշխատանքը, ի՞նչ էական է, թե քաղաքական ինչ հայացքներ ունի: Եվ հետո, այդ ի՞նչ հզոր կադրեր ունի այս իշխանությունը, որ կարողանալու է լիարժեք փոխարինել աշխատող մասնագետներին: Երեք տարի տեսել ենք նրանց կադրերին, նրանց նշանակումները, որոնց պատճառով ամբողջ պետական կառավարման համակարգը կաթվածահար վիճակում էր, տնտեսությունը հասել է աղետի, անխտիր բոլոր ոլորտներում ձախողվել են՝ ինչքան «ուժները պատում է»:

Արսեն ՍԱՀԱԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031