Լրահոս
Օրվա լրահոսը

Հայրենիքի փրկությա՞ն, թե՞ իշխանության պայքար

Հուլիս 01,2021 14:00

Նոյեմբերի 9-ին կնքված եռակողմ պայմանագրից անմիջապես հետո էլ ավելի կտրուկ սրվեցին իշխանության եւ ընդդիմության հարաբերությունները, ու ընդդիմության ուժերը, մտավորականները, ժողովրդի որոշ հատվածները միավորվեցին եւ ձեւավորեցին հայրենիքի փրկության կոմիտե, ովքեր որպես օրակարգի գլխավոր հարց, պարտված իշխանության առջեւ դրեցին Նիկոլ Փաշինյանի եւ նրա թիմի հրաժարականի հարցը:

Այդ պայքարը տարբեր վայրիվերումներով շարունակվեց մոտ վեց ամիս եւ չնայած նրան, որ այն գլխավոր նպատակի իրականացման առումով հաջողությամբ չպսակվեց, այնուամենայնիվ, բավականին մեծ անհանգստություններ պատճառեց իշխանություններին:

Այնուամենայնիվ, ինչ որ կերպ երերաց իշխանական բուրգը, որից, սակայն, ինչպես միշտ՝ վարպետորեն դուրս գալու լուծում գտավ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այն է՝ երկրում անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որի խայծը շատ արագ կուլ տվեցին խորհրդարանական եւ արտախորհրդարանական համարյա բոլոր ընդդիմադիր ուժերը:

Անկեղծ ասած, առաջարկը տրամաբանական որեւէ կապ չուներ հայրենիքի փրկության կոմիտեի առաջ քաշած օրակարգի հետ եւ շատ բնական կլիներ, եթե ընդդիմությունը միանգամից մերժեր իշխանության այդ առաջարկը:

Սակայն տեղի ունեցավ անսպասելին. փոխանակ այդ առաջարկին պատասխանելու, որ դա ընդհանրապես որեւէ աղերս չունի իրենց առաջ քաշած օրակարգի հետ (չհաշված շարժման որոշակի անհատների անհամաձայնությանը), այդ կոմիտեում ընդգրկված, ինչպես նաեւ կոմիտեից դուրս գործող համարյա բոլոր ընդդիմադիր ուժերը միանգամից զարմանալիորեն համաձայնեցին այդ առաջարկին: Տպավորությունն այնպիսին էր, կարծես թե հայրենիքի փրկության կոմիտեի եւ դրանից դուրս այսպես թե այնպես գործող ուժերը երանությամբ սպասում էին հենց նմանատիպ առաջարկի եւ խորքային իմաստով, իրենց հիմնական օրակարգը հենց արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման պահանջն էր:

Իշխանության եւ ընդդիմության միջեւ այդ առաջարկի շուրջ պայմանավորվածությունն այնքան սահուն տեղի ունեցավ, որ կարծես այդքան ամիսների պայքարի նպատակը ոչ թե կապիտուլյանտ (նրանց խոսքերն են) իշխանությունների հրաժարականի պահանջն է, այլեւ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման պահանջը: Մի՞թե 6 ամիս տեւած համառ պայքարն ակնհայտորեն չէր վկայում, որ իշխանությունը ոչ միայն հրաժարական չի տալու, այլեւ չնչին զիջում անելու ցանկություն անգամ չունի: Փաստորեն, ընդդիմությունն իրո՞ք այդքան կարճատես էր, որ չհասկացավ շատ պարզ մի բան. իշխանությունը հանգիստ գնաց այդ քայլին, քանի որ պարզորոշ հաշվարկել էր, որ լինելով իշխանության ղեկին եւ օգտագործելով իր ունեցած լծակները (նաեւ ժողովրդի ոչ փոքր հատվածի հավատն իրենց նկատմամբ), շատ հանգիստ հաղթելու է այդ ընտրություններում, ինչը եւ փաստացի եղավ: Հակառակ պարագայում, իշխանությունն ինչո՞ւ պետք է գնար այդ ռիսկային քայլին եւ մտներ թեժ ընտրապայքարի մեջ, երբ շատ հեշտորեն կարող էր այդ 6-ամսյա պայքարի ընթացքում հանգիստ զիջել իշխանությունը եւ այն հանձնել պայքար ծավալած ընդդիմությանը: Փաստորեն, այդ առաջարկով իշխանությունը միանգամից երկու նապաստակ խփեց. նախ դիվանագիտորեն կանգնացրեց իր դեմ ծավալվող պայքարը, որպեսզի ժամանակ շահի եւ երկրորդ, ընդդիմությանն ուղղորդեց մի դաշտ, որտեղ ինքն ակնհայտորեն ֆավորիտ էր ու հնարավոր հաղթող: Եվ այդ ամենը նաեւ այն պատճառով, որ հայրենիքի այս ծանրագույն վիճակում, ընդդիմությունն ակնհայտորեն շեղվեց իր հիմնական ճանապարհից (գայթակղվեց սատանայով) եւ զիջեց իր սուրբ՝ հայրենիքի փրկության պայքարի ճանապարհը (մերժեց Տիրոջը), իսկ նմանատիպ մոտեցումը հիմնականում հենց այդ կերպ էլ ավարտվում է:

Այլ խոսքով, իշխանության եւ ընդդիմության միջեւ բավականին ջերմորեն կնքվեց արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման վերաբերյալ համաձայնությունը, որը եւ տեղի ունեցավ 2021թ. հունիսի 20-ին: Երկուստեք՝ իշխանության եւ ընդդիմության մոտ այդ ցանկությունն այնքան մեծ էր, որ դրան չխանգարեց անգամ այն իրողությունը, որ մայիսի 12-ից թշնամին արդեն մի քանի ուղղություններով մտել եւ Հայաստանի տարածքից գրավել էր բավականին հողատարածքներ, որոնք առ այս պահը նրա տիրապետության տակ են ու չափազանց զարմանալիորեն, ոչ իշխանությունը, ոչ ընդդիմությունը, բացառությամբ մի քանի դատարկ հայտարարությունների, ոչ մի կտրուկ քայլի չդիմեցին: Եթե սրան էլ ավելացնենք այն, որ բացի գրավյալ տարածքներից, թուրքերը նաեւ մեր այդ տարածքներից հայ զինվորների գերեվարեցին, ովքեր մինչեւ այսօր նրանց մոտ են, ապա հայրենիքի փրկության մասով նրանց «անձնազոհ» քայլերի պատկերն ավելի ամբողջական կլինի: Խոսքեր չեմ գտնում ասելու, թե որքան ամոթալի է, երբ այսքան կորուստներից հետո հայրենիքի փրկության կոմիտեի անդամ ուժերը իշխանության հետ ուս-ուսի տված ընտրապայքար են անում, թե ով ավելի շատ մանդատների կտիրանա: Այս պարագայում ի՞նչ տարբերության կա իշխանության եւ ընդդիմության գործելակերպի մեջ:

Արդյո՞ք նրանք նույնը չեն …

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ
Հայաստանի Ճարտարագիտական ակադեմիայի թղթակից անդամ

«Առավոտ» օրաթերթ
30.06.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031