Լրահոս
Օրվա լրահոսը

«Փարիզը կզրուցի Երեւանի հետ»

Հուլիս 01,2021 13:30

Հարցազրույց ֆրանսաբնակ հանրաճանաչ միմ Վահրամ Զարյանի հետ

– Մեր վերջին զրույցը 2019-ին էր («Առավոտ», 08.08.2019թ.), դուք ակնարկեցիք, թե ընթացքի մեջ է ձեր հիմնած փառատոնային կոնցեպտը…

– Այո։ Փառատոնի մեկնարկը տրվեց 2020թ. սեպտեմբերին, տեւեց մինչեւ դեկտեմբեր, անցկացվեց օնլայն ձեւաչափով։ Մեկ հետաքրքիր փաստ. ի սկզբանե, երբ դեռ քովիդի մասին պատկերացում էլ չունեինք, որոշված էր փառատոնի մեկնարկն ու ընթացքը իրականացնել նաեւ օնլայն՝ մուլտիմեդիա տարբերակով։ Մասնակցեց 6 երկիր՝ Հայաստան, Ֆրանսիա, Ռուսաստան, Գերմանիա, ԱՄՆ եւ Ռումինիա։ Մի բան էլ. շուրջ 20 տարի մտմտում էի ինչպես թատրոնը բերել ինտերնետային տարածք…

– Առաջին հայացքից, կներեք, դա ոչ մի դժվարություն չի ներկայացնում։

– Խնդիրը դժվարության մեջ չէ, այլ ձեւաչափի՝ ինչքանով է հնարավոր պահպանել ներկայացման դրամատուրգիական հիմքը։ Իսկ ինտերնետային տարածքը մի վայր է, որտեղ մարդիկ ապրում են։ Այնուամենայնիվ, օնլայնը կարծես հրամայական է դառնում՝ փնտրել, գտնել եւ բնակություն հաստատել այդ տիրույթում, կենդանացնել այն արվեստի միջոցով։ Իսկ բնակվել նշանակում է նոր արտահայտչամիջոցներ գտնել։

– Ի վերջո գտա՞ք այդ նորը։

– Օնլայնը հասարակության զգալի հատվածի մոտ ասոցացվում է սոցիալական կայքերի, լայքերի եւ այլնի հետ։ Ստեղծեցինք հարթակ՝ festivalperf.art, որտեղ ժամադրեցինք մեր հանդիսատեսին։ Ընդ որում, այդ հարթակը ամբողջովին մոտեցված է բեմին, այցելու հանդիսատեսն էլ՝ հնարավորինս թատերական արարողակարգին։

– Փառատոնը բնականաբար կլինի շարունակական։ Իսկ ե՞րբ կանցկացվի երկրորդը։

– Երկրորդը կանցկացնենք 2022-ի սկզբներին։ Հենց այդ նպատակով էլ Հայաստանում եմ։

– Կմանրամասնե՞ք։

– 2022-ին կայանալիք երկրորդ փառատոնային օրերին Փարիզը «կզրուցի» Երեւանի հետ մշակութային տարբեր ժանրերում՝ ժամանակակից թատրոն, պարարվեստ, երաժշտարվեստ եւ, բնականաբար՝ մնջախաղ։ Փառատոնի հիմքում ընկած է ժամանակակից բեմական արվեստը։

– Ինչպե՞ս է կայանալու հայ եւ ֆրանսիացի արվեստագետի զրույցը։

– Կայանալիք երկրորդ փառատոնի առիթով կայքի միջոցով հայաստանցի գործընկերներս տեղեկացված են եղել։ Հայտարարագրումն արդեն ավարտված է։ Ստացել ենք բազմաթիվ պիեսներ հայաստանցի երիտասարդ հեղինակների կողմից։ Փառատոնի մասնագիտական խումբը ընտրել է դրանցից մեկ-երկուսը ոչ միայն Ֆրանսիայում բեմադրելու համար, այսինքն՝ ընտրվածները «կճանապարհորդեն» եվրոպական այլ քաղաքներում նույնպես։

– Բայց ասացիք, որ փառատոնի կարգախոսն է «Փարիզը կզրուցի Երեւանի հետ»…

– Տեսեք. Ֆրանսիայի՝ նույն ձեւաչափով ժամանակակից հեղինակների պիեսներ «կայցելեն» Երեւան։

– Իսկ ո՞ւր մնացին եվրոպական մյուս երկրներ այցերը։

– Տարեցտարի փառատոնի շրջանակները կընդլայնվեն։ Նշեցի, որ 2022-ին որոշ ներկայացումներ «կճանապարհորդեն», իսկ արդեն դրանից հետո կայանալիք փառատոներին հյուրընկալած քաղաքը կմիանա մեր փառատոնային ցանցին, եւ այդպես շարունակ։ Մի կարեւոր հանգամանք եւս. փառատոնի ժամանակացույցը չի սահմանափակվելու միայն 3 ամսով՝ ինչպես առաջինի դեպքում, այլ տարվա ընթացքում կապահովի շփում, այցելություններ եւ այլն։

Այդ մասով մենք ընդգրկում ենք եվրոպական կառույցների, որոնք մտահոգված են ժամանակակից արվեստի զարգացմամբ եւ տարածմամբ։

– Կարելի՞ է իմանալ՝ թվով քանի՞ հայ դրամատուրգի ստեղծագործություն կմասնակցի 2022-ին կայանալիք փառատոնին։

– Երկու դրամատուրգի պիես կբեմադրվի Փարիզում, թույլ տվեք այս պահին հեղինակների անունները ինչ-ինչ պատճառներով չբարձրաձայնել։

– Փառատոնի անցկացումը չի՞ խոչընդոտում Vahram Zaryan թատերախմբի գործունեությանը եւ ի վերջո թատերախմբին ե՞րբ կտեսնենք Հայաստանում։

– 2007-ին հիմնված եւ գործունեություն ծավալող թատերախմբիս հյուրախաղային գրաֆիկը աննկարագրելի խիտ է, ինչը կազմվում է դեռեւս 2-3 տարի առաջ։ Բայց, պատկերացրեք, որ թատերախումբն ու փառատոնը օգնում են միմյանց, դրանք մեկ օրգանիզմ են դարձել։ Ի վերջո, փառատոնը թատերախմբի նախագծերից մեկն է։

– Դուք՝ լինելով աշխարհահռչակ դասական միմ Մարսել Մարսոյի վերջին սաներից, հիմնել եք ձեր դպրոցը կամ նոր ուղղություն, թարգմանաբար՝ «Ոչ մնջախաղ» անվամբ։ Մեր վերջին հանդիպումից հետո, թեեւ դուք պարզաբանել էիք «Ոչ մնջախաղ»-ը, սակայն հավատացնում ենք, որ առիթի դեպքում մինչ օրս էլ բազմաթիվ բանավեճերի, շահարկումների թեմա է դարձել այն։

– «Ոչ» ասելով նկատի չեմ ունեցել դասական մնջախաղի մերժումը, այլ փորձել եմ տարածք ձեւավորել դասականի եւ ժամանակակից մնջախաղի միջեւ։ Ասեմ, որ մինչեւ եկող տարի կհրապարակեմ գիրքս, որտեղ մանրամասն ներկայացված կլինի այդ նոր ուղղությունը։

Զրուցեց
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
30.06.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031