Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մաքուր… զղջում

Հուլիս 01,2021 13:00

Կամ՝ նամակ-խոստովանություն հարազատ ու սիրելի մարդու մահվանից հետո

«Բարեւ բոլորին,
Ես շատ եմ զղջում իմ արարքների համար: Ղազար հոպար, Դուք ամենից լավ մարդն էիք ինձ համար: Քանի որ Դուք մահացել եք, ես կաղոթեմ Ձեզ համար ամեն օր…»:

Ղազար հոպարի մահը շատ անսպասելի էր եւ մեծ ցավ ու կորուստ Կարա-Պողոսյանների ընտանիքի համար: Մեծերը, ինչպես ասում են, մեծավարի տարան այդ ծանր վիշտը, իսկ փոքրերի համար…

7-ամյա Հայկոն Ղազար հոպարի հետ մի ուրիշ, առանձնահատուկ կապ ուներ` անբացատրելի, անիմանալի… Զարմանալի չէ, որ որքան էլ ջանացին նրան հեռու պահել սիրելի մարդու մահվան եւ դրա հետ կապված մյուս տհաճ լուրերի հետ որեւէ կերպ «առնչվելուց», այնուամենայնիվ, հնարավոր չեղավ երեխայից թաքուն պահել դառը, ցավալի իրականությունը: Ճիշտն ասած, Հայկոն էլ ցույց չտվեց, ավելի շուտ ձեւացրեց, թե ոչինչ չգիտի…


Ղազար հոպարն ու Հայկոն իրար շատ սիրելով` միաժամանակ, այսպես ասած, հակառակորդներ էին, անհաշտ… մտերիմներ: Դա էլ, թերեւս, իր պատճառներն ուներ, ինչի մասին լավ գիտեր ընդհանուր բակում ապրող գերդաստանի փոքրից մեծը: Հատկապես չէին մոռանում այն դեպքը, որը մի փոքր իրարանցում էր առաջացրել հարազատ բակում եւ հետո, բնականաբար, առօրյա խնդիրների հորձանուտին «ձուլվել»:

…Հայկոն շատ է սիրում կենդանիներ, եւ ահա մի օր ընկերների հետ որոշեց բակում նապաստակ պահել: Դե, պարզ է, նապաստակն առանց բույն չի լինում, եւ Հայկոն սկսեց հենց դրանից: Մի քանի բան բերեց, որ սկսի գործը, բայց երբ երեկոյան հոպար Ղազարը տուն եկավ, տեղի ունեցավ անցանկալին:

-Հիմա՞ ինչ է անցել մտքովդ,- տեսնելով բակում թափթփված իրերն ու գործիքները` տարակուսած հարցրեց հոպար Ղազարը:

Հայկոն շատ հանգիստ պատասխանեց, որ որոշել է նապաստակ պահել: Դա որ լսեց հոպար Ղազարը, հազիվ կարողացավ զսպել զայրույթը.
-Ի՜նչ նապաստակ, բալիկ ջան, դու գիտես, թե ինչպիսի հոտ ես գցելու մեր բակում: Վերջ տուր, նապաստակը տանը պահելու բան չէ… Հետո էլ՝ դու քո նկարչությամբ զբաղվիր, քեզ մոտ դա շատ լավ է ստացվում:
Ինչ էր մնում խեղճ Հայկոյին` չնայած հոպար Ղազարի բարկությանը հաջորդած շոյիչ ակնարկին: Իրեն մի կերպ զսպելով հավաքեց եղած-չեղածը, ամեն ինչ իր տեղը դրեց եւ արագ տուն մտավ:

-Ինչի՜ ա հոպար Ղազարը մտածում, որ սա իր հայաթն ա,- նեղացած ու մի տեսակ մեծավարի ծնողներին դիմեց նա: – Սա տատու հայաթն ա…

Հոպար Ղազարն, անշուշտ, չէր կարող չկանխազգալ Հայկոյի դժգոհությունն ու բողոքը, բայց որ երեխան կարող է նման կերպ՝ «մեծավարի» մեկնաբանել կատարվածը եւ այդպիսի երանգավորում հաղորդել դրան, չէր պատկերացնի:

Ճիշտ է, նա հետո ամեն կերպ ջանաց հարթել կատարվածը եւ, այսպես ասած, Հայկոյի խաթրն առնել, բայց…

Չնայած Հայկոն հոպար Ղազարի նկատմամբ այդպես էլ չփոխեց ջերմ, ակնածալից վերաբերմունքը եւ շատ էր սիրում նրան, ինչի վկայությունն այս պատմության հենց սկզբում բերված նրա նամակ-խոստովանությունն է, որ գրվել էր պատահական թղթի կտորի վրա եւ տեղ գտել հոպար Ղազարի՝ Հայկոյին նվիրած խաղալիքի մի անկյունում…

Գրիգոր ԾԱՏՈՒՐՅԱՆ
Բանաստեղծ, հրապարակագիր

«Առավոտ» օրաթերթ
30.06.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031