Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

«Թող պատերազմներ, հայրենիքներ վաճառողներ, սեւեր ու սպիտակներ չլինեն»

Հուլիս 01,2021 12:30

Ռազ Հովհաննիսյանը ծնունդով Օշականից է, ավարտել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական արվեստ մասնագիտության առաջին կուրսը: Մեր զրուցակցի հետ խոսել ենք տարբեր հարցերի շուրջ։

– Ապագա դերասան ես: Ինչպե՞ս եւ ե՞րբ որոշեցիր դերասան դառնալ, ի՞նչը ոգեւորեց քեզ:

– Որոշել էի դեռ 9-րդ դասարանում, երբ փոքրիկ էպիզոդիկ դերով հանդես եկա Սոս Սարգսյանի համանուն վիպակի հիման վրա նկարահանված, ռեժիսոր Ալբերտ Մկրտչյանի «Լակոտը» ֆիլմում: Ֆիլմից հետո ինքս ինձ ասացի՝ դու պետք է դերասան դառնաս եւ հիմա էլ դրա ճանապարհին եմ:

– Ավարտեցիր առաջին կուրսը: Ինչպե՞ս տարին անցավ ԵԹԿՊԻ-ում: Պատերազմ էր…

– Ավարտեցի 1-ին կուրսը, սովորում եմ Նիկոլայ Ծատուրյանի կուրսում, ինչն ինձ համար մեծ ձեռքբերում է արդեն։ Իսկ տարին անցավ փորձերով, ստեղծագործական մթնոլորտում եւ իհարկե՝ պարտադիր սովորելով, քանի որ 4 տարին դրա համար է: Պատերազմը մեծ սպի թողեց, որը երբեք չի բուժվի։ Անդառնալի է նաեւ մանկությանս ընկերոջ կորուստը։ Ատում եմ պատերազմները։

– Քանի որ ընտրել ես հենց այս ոլորտը, ուզում եմ իմանալ, թե ո՞ր դերասաններն են իրենց կերպարով քեզ ուժ տալիս, օգնում սեփական ոճը ձեւավորելուն, ներքին համոզմունք առաջացնում դեպի դրականը: Եթե, իհարկե, կան այդպիսիք:

– Այո, ես ունեմ նման մարդ եւ որքան էլ փորձեմ իր նման խոհեմ, իմաստուն ու բարի լինել՝ չի ստացվի, իրոք, միշտ մի բան կպակասի…Նա հայ թատրոնի, կինոյի նահապետ Սոս Սարգսյանն է: Երանի մի օր վարպետի խոհերն ու ցանկությունները իրականանան, քանի որ երազում էր մեր երկիրը տեսնել ազատ եւ հզոր:

– Ըստ քեզ՝ թատրոնի եւ կինոյի դերը հասարակության համար…

– Թատրոնը վերջին հաշվով ժամանցի վայր է, մեկը դրա մեջ կրթվում է, մյուսը՝ սովորում, իսկ մեկ ուրիշը՝ հոգեւոր սնունդ ստանում…գուցե: Գիտեք, թատրոնը հասարակության կյանքում մեծ նշանակություն ունի ու իրոք երանի նրան, ով վայելում է ներկայացումը եւ որոշ դասեր քաղում: Գուցե հենց սա է պետք քաղել թատրոնից՝ կատարելով սխալների շտկում եւ սեփական կյանքը վերանայել: Վերջին շրջանում Հայաստանում շատ քիչ ֆիլմեր են նկարահանում, եւ ըստ իս՝ ֆիլմերը պետք է լինեն ազգայինով հարուստ, չպետք է վերցնենք ուրիշինը եւ դարձնենք մերը: Մենք պետք է արժեւորենք մեր հայկականը, այլապես կմնանք այնպես, ինչպես կանք:

– Ո՞րն է դերասանի խնդիրն այսօր:

– Դերասանի խնդիրն այսօր իր գործը անելն է, պարզապես անելը, քանի որ մենք մեր կյանքը լցրել ենք զզվելի քաղաքականությամբ եւ մի կողմ ենք դրել մեր մասնագիտությունը: Պետք է լավ տիրապետենք մեր փեշակին, դա է դերասանի խնդիրը:

– Երիտասարդական ծրագրերի մասնակցո՞ւմ ես: Ի՞նչ հետաքրքրություններ ունես:

– Բնականաբար, նման մի ծրագրի հիմա Օշականում եմ մասնակցում, քանի որ այդտեղ եմ ապրում եւ փորձում եմ օգտակար լինել, նաեւ ինքս սովորել իմ ընկերներից: Ուզում եմ անմահացած ընկերոջս մասին հուշ-երեկույթ կազմակերպել: Դա չնչին մի բան է, որ կարող եմ անել նրա համար։

– Երբեւէ մտածե՞լ ես երկրից հեռանալու մասին։

– Երկրից հեռանալու մասին չեմ մտածել եւ չեմ էլ մտածի, քանի որ ես եմ այս երկրի տերը, եթե թողնեմ, որ ուրիշի ձեռքը հասնի իմ եկեղեցուն, էլ չեմ կարող բողոքել, որ երկիր եմ կորցնում: Պետք է մնալ, պետք է պայքարել՝ ամուր կառչելով արմատից: Ինչպես Սոս Սարգսյանն էր ասում՝ «Էս երկրին Տեր է պետք, բոլորը իշխում են, Տեր եղեք»: Տեր լինենք մեր երկրին, մեր հողին, մեր հրաշք Հայաստանին: Ու ես հավատում եմ, որ նորից կզարկի նրա սիրտը ու լեռների ուսին նորից կծնվեն հաղթական լուսաբացներ:

– Ամառային արձակուրդներ են, եւ այսպես ասած՝ շունչ քաշելու, նորովի ինքնակազմակերպվելու եւ մտածելու շատ ժամանակ ունի երիտասարդը: Ինչպե՞ս ես անցկացնելու հանգստյան օրերը, նոր գաղափարներ ու անելիքներ ունե՞ս:

– Այո, զարգանալ միշտ է պետք, իրականում ուզում եմ դաշնամուր նվագել սովորել եւ շատ եմ ուզում ճանաչել իմ երկիրը, այցելել շատ եկեղեցիներ… պետք է ճանաչենք մեր երկիրը, որի ապագան մենք ենք ստեղծում:

– Եվ որպես վերջաբան…

– Սոս Սարգսյանն ասում էր՝ դերասանի կյանքը շատ հարուստ կյանք է: Եվ ես կարծես թե դրանում համոզվում եմ: Թող պատերազմներ չլինեն, թող հայրենիքներ վաճառողներ չլինեն, թող սեւեր ու սպիտակներ չլինեն, լինի խաղաղություն ու սեր… թող լինի:

Զրուցեց
Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
30.06.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031