Լրահոս
Օրվա լրահոսը

44-օրյա պատերազմի վերքերը բաց են, իսկ ԵՄ-ում գիտեն՝ ինչպես ապաքինել

Հուլիս 01,2021 12:00

Սկիզբը՝ այստեղ:

«Ժամանակն է խոսել ԵՄ դերակատարության մասին՝ ողջ տարածաշրջանում կապեր ստեղծելու իմաստով՝ կլինի ճանապարհներով, թե այլ ենթակառուցվածքներով՝ գազամատակարարում, էլեկտրամատակարարում»

«Հայաստանը տարածաշրջանում շատ կարեւոր գործընկեր է»

Հունիսի 25-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունեց Երեւան ժամանած Եվրամիության պատվիրակությանը:

Ռումինիայի ԱԳ նախարար Բոգդան Աուրեսկուն կարեւորել էր այս տարվա մարտի 1-ից ուժի մեջ մտած Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, ընդգծելով՝ վերոնշյալ համաձայնագրից առավելագույնս օգուտ քաղելը եւ ԵՄ պատրաստակամությունը՝ նոր թափով օժանդակելու ՀՀ կառավարությանն ինստիտուցիոնալ բարեփոխումներն առաջ մղելու գործում: Լիտվայի ԱԳ նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսը նշել էր Հարավային Կովկասում անվտանգության ու կայունության ամրապնդման կարեւորությունը՝ հավելելով, որ այն իրենց համար առանցքային նշանակություն ունի նաեւ սեփական անվտանգության ապահովման համատեքստում:

Լիտվայի ԱԳ նախարարը նշել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերի միջեւ վստահության մթնոլորտի ձեւավորման եւ ամրապնդման անհրաժեշտությունը՝ հավելելով, որ ԵՄ-ն պատրաստ է իր օժանդակությունը ցուցաբերել նաեւ այս հարցում: Գաբրիելիուս Լանդսբերգիսն այս առումով կարեւորել էր մարդասիրական բնույթի խնդիրների, այդ թվում՝ Ադրբեջանում պահվող ռազմագերիների վերադարձի լուծումը: ՀՀ կառավարությունում հանդիպմանը քննարկվել էին ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգին, ինչպես նաեւ տարածաշրջանում ստեղծված իրավիճակին ու դրա հանգուցալուծմանը վերաբերող հարցեր:

Նույն օրը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն էր ընդունել պատվիրակությանը: Եվրոպացի բարձրաստիճան դիվանագետները նշել էին, որ տարածաշրջանային այցի նպատակն է ընդգծել Եվրամիության համար հարավկովկասյան տարածաշրջանի երկրների հետ հարաբերությունների եւ ԵՄ Արեւելյան գործընկերության կարեւորությունը, հայտնում են նախագահի աշխատակազմից:

Արեւելյան գործընկերության շրջանակում Հայաստանի հետ արդյունավետ փոխգործակցության առումով դիվանագետները նկատել էին, որ այս տարվա դեկտեմբերին նախատեսվող՝ Արեւելյան գործընկերության գագաթաժողովին ընդառաջ՝ ցանկանում են տեղեկանալ գագաթաժողովից Հայաստանի ակնկալիքների մասին: Այս հանդիպմանն ընդգծվել էր, որ Եվրամիության համար կարեւոր է տարածաշրջանի կայունությունը, եւ իրենք ցանկանում են ներդրում ունենալ այդ հարցում: Արմեն Սարգսյանն անդրադարձել էր Ադրբեջանի կողմից անազատության մեջ պահվող հայ ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց շուտափույթ վերադարձի հարցին՝ շեշտելով, որ այս հրատապ խնդրի լուծման գործում Հայաստանն ակնկալում է միջազգային գործընկերների աջակցությունը:

Ավստրիայի համար Հայաստանը տարածաշրջանում շատ կարեւոր գործընկեր է, «Ազատությանը» տված հարցազրույցում արձանագրեց Ավստրիայի եվրոպական եւ միջազգային հարցերով դաշնային նախարար Ալեքսանդր Շալլենբերգը։ Նա շեշտել էր, որ Հարավային Կովկասը իրենց անմիջական հարեւանն է, եւ Հայաստանում, Ադրբեջանում ու Վրաստանում կայունությունը, անվտանգությունը եւ բարգավաճումը նպաստում է Եվրոպական միության կայունությանը, անվտանգությանը եւ բարգավաճմանը։

Մարտի 1-ից ուժի մեջ մտավ Հայաստանի ու ԵՄ-ի միջեւ ստորագրված ու վավերացված Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, ո՞րը պետք է լինի Հայաստանի ու Եվրամիության միջեւ հարաբերությունների հաջորդ նպատակը։ Ըստ Ալեքսանդր Շալլենբերգի. «Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը բավականին ամբիցիոզ համաձայնագիր է։ Այն ընդգրկում է բազմաթիվ ոլորտներ ու դրական ազդեցություն կունենա մարդկանց կյանքի վրա՝ ներդրումային ավելի լավ միջավայր, ավելի ազդեցիկ քաղաքացիական հասարակություն, բնակության ավելի ապահով միջավայր, գնումների ավելի ազնիվ ու թափանցիկ ընթացակարգեր, ավելի անվտանգ ապրանքներ, սպառողների պաշտպանություն եւ ավելի մաքուր, առողջ միջավայր։ Որոշ ժամանակ կպահանջվի՝ ընդունելու բոլոր անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունները եւ ավելի շատ ժամանակ՝ ամբողջովին դրանք կիրարկելու համար։ Սակայն առաջին քայլն արված է»։

Անդրադառնալով 44-օրյա պատերազմի ու Ադրբեջանի հետ սահմանային շարունակվող ճգնաժամին, եւ դիտարկմանը, որ Հայաստանում շատերը համարում են, որ Ռուսաստանը եւ ՀԱՊԿ-ը գործնականում որեւէ աջակցություն չցուցաբերեցին իրենց դաշնակից Հայաստանին, այս առումով հնարավո՞ր է անվտանգության եւ պաշտպանության ոլորտում համագործակցության զարգացումը Հայաստանի հետ, Շալլենբերգը պատասխանել էր. «Մեզ համար Հայաստանը տարածաշրջանում շատ կարեւոր գործընկեր է։ 2013թ.-ից Ավստրիայի պաշտպանության նախարարությունը՝ Հայաստանի իր գործընկերների հետ համագործակցաբար կազմակերպում է վարժանքներ ու աշխատաժողովներ՝ անվտանգության համակարգերի բարեփոխումների վերաբերյալ։ Ավստրիայի ՊՆ-ն ակտիվ դերակատարություն ուներ ԵԱՀԿ-Հայաստան համագործակցության ծրագրում, բայց, դժբախտաբար, Երեւանում ԵԱՀԿ գրասենյակը փակվեց։ Ներկայում համագործակցությունը կենտրոնացած է Հայաստանի պաշտպանության նախարարության Մարդու իրավունքների եւ բարեվարքության կենտրոնի հետ իրականացվող ծրագրերի ուղղությամբ։ ԵԱՀԿ Անվտանգության համագործակցության ֆորումում Հայաստանի ներկայիս եւ Ավստրիայի գալիք նախագահությունը կարող է լավ հարթակ ապահովել՝ հետագա հնարավոր ներգրավվածության քննարկման համար»։

ԵՄ երկրների ԱԳ նախարարները կարեւորում են՝ գերեվարված անձանց ազատ արձակումն ու ականապատման քարտեզների հանձնումը
Այսպես, եվրոպացի ԱԳ նախարարների այցի հիմնական ուղերձներից էր «բոլոր ռազմագերիներին եւ ձերբակալվածներին» ազատ արձակելու պահանջը։ Նրանք ողջունեցին վերջերս Ադրբեջանի կողմից 15 ձերբակալվածների ազատ արձակումը եւ Հայաստանի կողմից ականապատ դաշտերի քարտեզների փոխանցումը, որը տեղի ունեցավ Վրաստանի միջնորդությամբ։ Արձանագրվեց նաեւ, որ դրանք մարդասիրական կարեւոր քայլեր են եւ վստահության վերականգնմանն ուղղված նշաններ, ինչպես նաեւ, որ ԵՄ-ն վճռական է նպաստելու հակամարտության ամուր եւ համապարփակ հանգուցալուծմանը՝ բոլոր գործընկերների, ներառյալ՝ ԵԱՀԿ-ի հետ սերտ համագործակցության միջոցով։

Եվրամիության անդամ երեք երկրների ԱԳ նախարարները հունիսի 26-ին Թբիլիսիում ամփոփելով տարածաշրջանային աննախադեպ այցը՝ կրկին կարեւորեցին ղարաբաղյան պատերազմի հետեւանքով գերեվարված անձանց ազատ արձակումը եւ ականապատման քարտեզների հանձնումը։ Վրաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակում հրավիրված ասուլիսում Ռումինիայի ԱԳ նախարար Բոգդան Աուրեսկուն իր խոսքում նշեց. «Հաշվի առնելով նախորդ տարվա ռազմական գործողությունները՝ մենք Հայաստանում եւ Ադրբեջանում խորքային քննարկումներ ենք ունեցել ներկա վիճակի եւ առաջիկա անելիքների վերաբերյալ։ Մենք կոչ արեցինք գործել կառուցողական ոգով, վերակառուցել վստահությունը։ Վստահության կառուցման մի մաս է բոլոր գերիների ազատ արձակումը, ականապատված բոլոր տարածքների քարտեզների հանձնումը, եւ դրանք շարունակում են առաջնահերթություն մնալ: ԵՄ-ն պատրաստակամ է աջակցել բոլոր հարցերում, որոնք կարող են հանգեցնել խնդիրների բանակցային, կայուն եւ տեւական կարգավորմանը: Ես ընդգծեցի երկու հասարակությունների միջեւ հաշտեցման կարեւորությունը, այս գործընթացը երկար ժամանակ ու ջանքեր է պահանջում, սակայն այլընտրանք չունի»:

ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ջոզեպ Բորելի լիազորությամբ՝ Ավստրիայի Եվրոպական եւ միջազգային հարցերով դաշնային նախարար Ալեքսանդր Շալլենբերգի, Լիտվայի ԱԳ նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսի ու Ռումինիայի ԱԳ նախարար Բոգդան Աուրեսկուի տարածաշրջանային աննախադեպ այցը Եվրամիության կողմից հստակ ազդակ է, որ ԵՄ-ն չի ցանկանում թողնել տարածաշրջանը այլ խաղացողների: Տարածաշրջանային այցի մեկնարկին Բուխարեստի օդանավակայանում հրավիրված ասուլիսին հնչեցրած նշյալ միտքը այցի ավարտին վերահաստատեց նաեւ Ավստրիայի ԱԳ նախարար Ալեքսանդր Շալլենբերգը։

Նա խոսեց նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հետ ունեցած հանդիպումների մասին, նշեց, որ Լեռնային Ղարաբաղի պատերազմի հետեւանքով առաջացած վերքերը դեռ բաց են: «Վստահությունն ամենապահանջված ռեսուրսն է, որի կարիքն ունի տարածաշրջանը եւ որի պակասը կա: Մեր նպատակն է ցանել այդ վստահության առաջին սերմերը: Գիտենք, որ Լեռնային Ղարաբաղի պատերազմի հետեւանքով առաջացած վերքերը դեռ բաց են, սակայն մենք կարիք ունենք ապաքինման գործընթացի: Այս այցից հասկացանք, որ կողմերը գիտակցում են նման գործընթացի անհրաժեշտությունը, եւ նրանք կարիք ունեն գործընկերների այդ գործընթացը սկսելու համար: ԵՄ-ն պատրաստակամ է հնարավոր ամեն ձեւով աջակցություն ցուցաբերել։ Այս համատեքստում ցանկանում եմ բարձր գնահատել Վրաստանի դերը, որի վարչապետի միջնորդությամբ հնարավոր դարձավ Ադրբեջանի կողմից հայ գերիների ազատ արձակումն ու Հայաստանի կողմից ականապատված տարածքների քարտեզների հանձնումը», – նշել է Շալլենբերգը:

Իսկ Լիտվայի ԱԳ նախարարը հույս հայտնեց, որ նաեւ Եվրամիության միջնորդությամբ իրականացված գերիների վերադարձը եւ ականապատված տարածքների քարտեզների՝ Ադրբեջանին տրամադրումը կարող է շարունակական լինել։ Լանդսբերգիսն՝ ամփոփելով տարածաշրջան այցի արդյունքները, համոզմունք հայտնեց, որ կայունության ու կանխատեսելիության կարիքը տարածաշրջանը շատ ունի. «Այցը լավ ժամանակաշրջան էր լսելու կողմերի կարծիքը՝ ինչպես կարող է Եվրամիությունն ավելի ներգրավված լինել: Երբ խոսում ենք Հայաստանի եւ Ադրբեջանի մասին, մենք պետք է օգնենք վստահության կառուցման հարցում»: «Ժամանակն է խոսելու Եվրամիության դերակատարության մասին՝ ողջ տարածաշրջանում կապեր ստեղծելու իմաստով՝ կլինի ճանապարհների միջոցով, թե այլ ենթակառուցվածքներով՝ գազամատակարարում, էլեկտրամատակարարում: Եվրամիությունը գիտի, թե դա ինչպես պետք է անել»,- հավելեց Լիտվայի ԱԳ նախարարը:

Այսպիսով, Բրյուսելի ուղերձները հստակ էին. ԵՄ-ն նպատակ ունի հասկանալ, թե ինչ միջոցներով է հնարավոր կառուցել վստահություն, Երեւանում եւ Բաքվում կայացած հանդիպումներում արձանագրվել է, որ 44-օրյա պատերազմի հետեւանքով առաջացած վերքերը դեռ բաց են, ապաքինման կարիք կա, իսկ ԵՄ-ն պատրաստ է հնարավոր ամեն ձեւով աջակցել:

Հավելենք, որ Եվրամիության արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով հանձնակատար Ջոզեպ Բորելի մանդատով կատարվող տարածաշրջանային այցի արդյունքները հաջորդ ամիս ներկայացվելու են Եվրամիության ղեկավարներին: Այցի նպատակը հարավկովկասյան երեք երկրների հետ Բրյուսելի հարաբերությունների խորացումն է եւ Արեւելյան գործընկերության գագաթաժողովի նախապատրաստումը, որը նախատեսված է անցկացնել այս տարվա դեկտեմբերին։

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 30.06.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031