«Ինչի համար ես պիտի երկաթից հավաքված ոտքերովս ընկնեմ վարչական դատարան»
Հունիսի 1-ին նամակ եմ ստացել Շիրակի մարզի ԴԱՀԿ-ից, որով ծանուցել են, որ տղայիցս՝ Մկրտիչ Սեմյոնի Չարչօղլյանից պետք է գանձել 15000 դրամ։ Գնացի ոստիկանություն, ասացի, որ սա թյուրիմացություն է, տղաս ավտոմեքենա չունի, տուգանք եք ուղարկել։ Հետո պարզեցին, որ անցյալ տարի՝ 2020 թվականի հուլիս ամսին տուգանել են տղայիս դիմակը սխալ կրելու համար, որի մասին ոստիկանությունը տղայիս տեղյակ չէր պահել։ Հաշմանդամության տեղեկանքը՝ «Բեռլին» պոլիկլինիկայի քաղվածքը ցույց տալուց հետո, բացատրելով, որ տղաս ունի ի ծնե թոքերի խնդիր, ալերգիա, ամբողջ տարին իր մոտ գրիպոզ վիճակ է, քթով չի կարող շնչել, բերանով է շնչում։ Ոստիկան Հայդոսյան Հակոբը ասաց, որ նամակ գրեմ ՀՀ ոստիկանության նախարար Վահե Ղազարյանին՝ Նալբանդյան-130 հասցեով, տուգանքը կհանեն մեր վրայից։ Սակայն ոստիկանությունը խաբեց։ 26.06.2021թ. նամակ ստացա ՀՀ ոստիկանությունից, որ ոստիկանության պետին ուղարկած որոշումը վերադարձվել է 23.07.20թ.։ Իսկ ակտը 27.01.21 թվին տեղադրվել է ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում, բայց ես չգիտեմ այդ կայքի գոյության մասին, չեն ասել, որ մեզ տուգանել են, մենք հաշմանդամ ենք եւ ունենք առողջական խնդիրներ, տանից էլ հազվադեպ ենք դուրս գալիս, պատկանում ենք ռիսկային խմբին։
Ոստիկանությունն անբողոքարկելի վարչական ակտի հիման վրա դրամական պահանջներն ուղարկել է ՀՀ ՀԿԱ ծառայության համապատասխան բռնագանձման գործընթաց մեկնարկելու համար։ Այդ ակտը խաբելով են տղայիս ստորագրել տվել։ Ոստիկանները ինչքան շատ են ակտ գրում, էդքան շատ էլ պարգեւավճար են ստանում, տուգանքների 30%-ը գնում է իրենց գրպանը, նույնիսկ անչափահասներին էին տուգանում։ Տղաս 2020 թվականի հուլիսին տանից դուրս է եկել անձրեւից հետո, որպեսզի գնա խանութ գիշերով։ Փողոցն անցնելիս, հենց փողոցում մի մեքենա է կանգնեցնում իրեն, ոչ ոստիկանության մեքենայի միջից դուրս է գալիս ոստիկանը, հարցնում է՝ «ինչո՞ւ է դիմակը սխալ կրում»։ Տղաս պատասխանում է, որ անցնում է, որ գնա խանութ, համ էլ նոր դիմակ գնի, սա արդեն երեւի թուլացել է։ Տղաս ասել է, որ ինքը ունի թոքերի հետ խնդիրներ, ալերգիա ունի, հաշմանդամ է, քթով չի կարող շնչել։
Ոստիկաններն ասել են, թե ինքը որ պոլիկլինիկայի վրա է գրանցված, իրենք կստուգեն, կճշտեն. «դու գրի, որ ունես առողջական պրոբլեմներ, ստորագրիր, խնդիր չկա»։ Տղաս հայերեն գրել չգիտի։ Ոստիկանները իրենք են գրում մի թղթի կտորի վրա, հետո տղայիս ստիպում են, որ արտագրի իր ձեռագրով ու ստորագրի, ու հարցնում են՝ թե որ պոլիկլինիկայում է հաշվառված, որպեսզի ստուգեն։ Տղաս նշում է՝ Գյումրու «Բեռլին» պոլիկլինիկայում է հաշվառված, բժշկուհին էլ Հախվերդյանն է։ Տղաս արտագրությունն անում է, առանց կասկածելու, որ իրեն վրա վարչական ակտ են շինում…
Կարդացեք նաև
Եթե տղայիս պետք է տուգանեին, թող ասեին, որ տուգանում են, որ մենք էլ հնարավորություն ունենայինք բողոքարկելու, ոչ թե խաբեին ստորաբար։ Մենք ապրում ենք Գյումրու կենտրոնում, տանից դուրս գալուց առաջ անպայման պետք է դիմակ դնենք, հետո նոր դուրս գանք, վախից քիչ է մնում շաքար ունենանք։ Ոստիկանությունում ասացին, որ կամ պետք է մուծեմ, կամ էլ պետք է դիմեմ վարչական դատարան, որն ավելի թանկ կնստի ինձ վրա։ Ինչի համար ես պիտի իմ չարած զանցանքի համար այս տապին, երկաթից հավաքված ոտքերովս ընկնեմ վարչական դատարան։ Ո՞ւմ դիմեմ, որպեսզի վերականգնեմ իմ ոտնահարված իրավունքները, որին հանդիպում է ՀՀ հպարտ քաղաքացին, ով սովորելով Մոսկվայի Պլեխանովի անվան համալսարանում, էսքան չի իրեն իրավունքները խախտված զգացել, որքան իմ հայրենիքում, ուրեմն հեռանամ իմ երեխաների, թոռների հետ միասին, երբ որ ազնիվ, հայրենասեր երեխաներ եմ դաստիարակել, լինելով վաստակավոր ուսուցչուհու աղջիկ՝ Բադասյան Էմմայի, ով ոչ միայն իր 5 երեխաներին է ազնիվ դաստիարակել, այլ նաեւ իր աշակերտներին։
Խնդրում եմ կառավարությանը, փոխվարչապետին, արդարադատության նախարարությանը՝ կարգի հրավիրել ոստիկանության աշխատակիցներին, որոնք չարաշահելով իրենց պաշտոնեական դիրքերը, առանց ծանուցման՝ անհիմն տուգանում են քաղաքացիներին: Սա կանխամտածված գործողությունների շղթա է, քանի որ գիտեն անպատիժ են մնալու։ Թող կառավարությունը ոչ բարեխիղճ ոստիկաններին ենթարկի պատասխանատվության։ Էլ ուժ չունենք դիմադրելու ապօրինի որոշումների հետեւանքներին: Ուզում եմ խնդրել՝ դիմակների սխալ կրման համար տուգանքների համաներման առաջարկ արվի բոլոր տուգանվողների անունից, կան տուգանվածներ էլ, ովքեր զոհվել են:
Ռուբինա ՉԱՐՉՕՂԼՅԱՆ
Հ.Գ. Ի լրումն իմ բողոքի՝ ավելացնեմ նաեւ, որ դիմակ կրողները հիվանդացան ավելի շուտ, շատ ծանր տարան կորոնայով վարակվելիս, դժբախտաբար շատերը չկարողացան հաղթահարել՝ մահացան։ Իսկ այն զանգվածը, ով քիչ դիմակ կրեց, թոքերի վիճակը չվատացավ ու կորոնայով վարակվելը նույնիսկ չէին զգացել, պատահաբար անալիզներ տալու ժամանակ, պարզվում է, կորոնայով վարակվել են ու անցել է։ «Жить здорово» հաղորդաշարի հեղինակ եւ հաղորդավար Ելենա Վասիլի Մալիշեւան հիվանդացել էր, չի էլ զգացել, թե երբ։ Բժշկուհին սենսացիոն հայտարարություն արեց, ասելով, որ դիմակ պետք չէ կրել, դա վտանգավոր է։ Այս հայտարարությունից սկսեցին մեղադրանքների տարափ թափել բժշկուհու հասցեին, քանի որ պաշտոնյաների դիմակ արտադրելու եւ իրացնելու գործին էր զարկում։ Էս ամեն ինչը պլանավորած բիզնես է, խաբեություն:
«Առավոտ» օրաթերթ
30.06.2021