Լրահոս
Օրվա լրահոսը

«Մի անգամ ես տղաներից մեկին ասացի՝ ես չեմ ընտրվի, դուք իմ գլուխն այս ասֆալտի վրա կջնջխեք, ես գիտեմ». Հովիկ Աղազարյան

Հունիս 30,2021 23:13

Այսօր ԱԺ արտահերթ նիստում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը ներկայացրեց իրենց խմբակցության մի շարք պատգամավորների հետ համահեղինակությամբ «Քաղաքացիական օրենսգրքում» փոփոխությունների նախագիծը:

Բաղդասարյանն ասաց, որ նախագիծը վերաբերում է պետական եւ համայնքային հողի վրա ինքնակամ կառույց կառուցելուն: Գործող օրենքով ու ընթացակարգերով, համայնքի ղեկավարը կարող է օրինականացնել համայնքի եւ պետական հողի վրա կառուցված ինքնակամ կառույցը: Այս դրույթը հնարավորություն է տալիս իրավապահ մարմիններին նույն օրը հայց ներկայացնել դատարան եւ կասեցնել համայնքի որոշումը ու թույլ չտալ, որ այն քանդվի: Տպավորություն է ստեղծվում, որ համայնքի ղեկավարը չի ցանկանում ապամոնտաժել ինքնակամ կառույցը: Հիմա նախագծով սահմանվում է, որ պետական, համայնքային հողի վրա ցանկացած ինքնակամ կառույց չեն կարող օրինականացվել:

ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը հարցրեց՝ երբ անձը բարեխիղճ մոլորության մեջ է ու կառուցել է մի կառույց, որի մեկ սյունը գտնվել է համայնքային հողի վրա, այդ կառույցի ճակատագիրն ի՞նչ է լինելու: Նիկոլայ Բաղդասարյանը պատասխանեց, որ նման դեպք եղել է, երբ Աբովյան փողոցի վրա մեկը կառուցել է հյուրանոց ու հյուրանոցի մի մասը դուրս է եկել Աբովյան փողոց: Նա պարտավոր է դա քանդել իր ուժերով ու պետք է տույժ կրի:

Ելույթում Վլադիմիր Վարդանյանն ասաց, որ եթե այս նախագիծն ընդունեն ու 2022-ից դա կիրառեն, սնկի պես աճելու են ինքնակամ կառույցները;

«Իմ քայլի» պատգամավոր Հովիկ Աղազարյանն էլ ասաց, որ ինքը առերեսվել է այդ խնդրին ու հուսահատ պայքար է մղել ինքնակամ կառույցների դեմ, երբեմն՝ ֆիզիկական միջամտությամբ. «Շատ վիրավորական է, երբ դու իշխանություն ես ու քայլում ես փողոցով, մարդիկ նայում են քեզ ու ցույց են տալիս այն կառույցը, որն արդեն մտել է փողոցի մեջտեղը: Ասում են՝ դու ո՞վ ես, քեզանից ի՞նչ ես ներկայացնում: Մի անգամ ես տղաներից մեկին ասեցի՝ ես չեմ ընտրվի, դուք իմ գլուխն այս ասֆալտի վրա կջնջխեք, ես գիտեմ, բայց դա ինձ չի հետաքրքրում, այս կառույցը պիտի քանդվի: Մեր հարգարժան իրավաբաններն այդ բառն այնպիսի գեղեցիկ տոնայնությամբ են օգտագործում՝ ինքնակամ կառույց, ոնց որ դուրս է գալիս դրական երեւույթ է հասարակության մեջ, մենք էլ չենք հասկանում այդքան բանը: Մի հատ էլ Վլադիմիր Վարդանյանն ասում է՝ բա եթե կառույցի մի սյունը հայտնվել է համայնքային տարածքում, ի՞նչ անի այդ մարդը: Այդ մարդը թող բարի լինի, գնա թույլտվություն վերցնի ու իր հողի վրա իր շենքը սարքի»:

Կառավարությունը դեմ է նախագծին: Աղազարյանն ասաց, թե, եթե իրենց միջամտությունը չլիներ, Երեւանը շատ կարճ ժամանակում կորցնելու էինք, որովհետեւ պատվելու էր ինքնակամ կառույցներով:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930