Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախում 120ՄգՎտ հիդրոէլեկտրակայան ենք կորցրել»․ էներգետիկ անկախության ինչ առաջարկներ են ներկայացնում միջազգային մասնագետները

Հունիս 30,2021 22:55

Հայաստանն իր էներգետիկան հիմնում է գազի վրա եւ հիմա ավելի արագ է սկսում զարգացնել վերականգնվող էներգետիկան։ Խորհրդային տարիներից մնացած բավական զարգացած հիդրոէներգետիկա Հայաստանում, կա ատոմակայան։ Գազը որպես անցողիկ էներգիա մնում է կարեւոր, արեւի եւ քամու էներգիան, հիդրոէներգետիկան դառնում են ավելի կարեւոր։ Այս մասին այսօր «Ապագա հայկականը» նախաձեռնության այսօրվա առցանց քննարկման ժամանակ ասաց տնտեսագիտության թեկնածու, Ժնեւի Վեբստերի համալսարանի տնտեսագիտության եւ կառավարման ոլորտի պրոֆեսոր Ռուբեն Ինճիկյանը։ Քննարկման թեման էր «Հայաստանի էներգետիկ (ան)ազատությունն ու տնտեսական զարգացումը»։

Պարոն Ինճիկյանի խոսքով․«Հայաստանն ունի այդ բոլոր կոմպոնենտները եւ մասնագիտացված է այդպիսի էներգետիկայի ճյուղերում եւ կարող է բավական արագ շարժվել նույնիսկ համաշխարհային էներգետիկ անցումից ավելի արագ եւ դառնալ այդ անցման առաջնորդներից մեկը։ Այսպիսով, Հայաստանը կստեղծի ավելի կայուն էներգետիկ սեկտոր, որը կդառնա ընդհանուր տնտեսական զարգացման շարժիչ ուժերից մեկը։ Ես այդ իմաստով լավատես եմ, եւ կարծում եմ, որ եթե Հայաստանը կարողանա հավաքել աշխարհի ռեսուրսները, որպեսզի զարգացնի այդ ուղղությունները, օրինակ՝ սփյուռքի հնարավորությունների օգտագործումը, շատ միջազգային ներդրումային կազմակերպությունները, որոնք օգնում են նման երեկոներին արագ անցում անել»։

Պարոն Ինճիկյանի կարծիքով՝ Հայաստանը կարող է միջազգային ներդրումային բանկերից ռեսուրսներ ներգրավի արեւի եւ քամու էներգիայի արտադրության ոլորտը զարգացնելու համար։

«Մենք ապրում ենք 4-րդ արդյունաբերական հեղափոխության ժամանակաշրջան, որտեղ կա հնարավորություն ոչ միայն զարգացնել արտադրությունը, այլեւ դարձնել էներգիայի օգտագործումն ավելի արդյունավետ եւ կարողանալ նվազեցնել մեկ շնչի վրա ընկնող էներգիայի օգտագործման ցուցանիշներն՝ չազդելով տնտեսական ցուցանիշների վրա»։

Քննարկման մյուս մասնակիցը՝ «SOLGÉS ENERGY»-ի հիմնադիր տնօրեն Արմեն Սեդեֆյանն էլ ուշագրավ ցուցանիշներ եւ գաղափարներ ներկայացրեց։ Պարոն Սեդեֆյանի խոսքով՝ Հայաստանի ատոմակայանը հնացած է, ԵՄ-ն եւ տարբեր այլ կառույցներ Հայաստանին ստիպում են կամ վերանորոգել ատոմակայանը կամ փակել․« 2016 թվականի տվյալներով ՀԱԷԿ-ի արտադրած էլեկտրաէներգիան ամբողջ էներգետիկայի մեջ 32% էր, երեւի հիմա՝ ավելի շատ, 33% ը՝ հիդրոէլեկտրակայանների։ Մենք 120ՄգՎտ հիդրոէլեկտրակայան ենք կորցրել Արցախում։ Բայց ունենք արեւային էներգիան, որը բավականին գովելի է, վերջին տարիներին հսկայական աշխատանք է կատարվել՝ նորից երիտասարդ մասնագետների շնորհիվ։ Մենք աշխատում ենք Հայաստանում գործող օպերատորների հետ, շատ լավ մասնագետներ կան ոլորտում։ Նման մասնագետները գնում են այլ երկրներում խորհրդատվություն անում նրանց համակարգերի համար։ Մենք չենք կարող բաց թողնել այս հնարավորությունը՝ վերակառուցել այսօրվա ամբողջական հայկական էներգետիկայի ոլորտն՝ օգտագործելով բոլոր բնական ռեսուսրները»։

Պարոն Սեդֆյանն ասաց, որ կարելի է մտածել smart՝ խելացի երկրի մասին։ Նա նշեց՝

Սյունիքում հողատարածքների կորստի պատճառով գյուղատնտեսությունը տուժել է, պետք է օգնել, որպեսզի գյուղացիները նոր աշխատելու միջոցներ ունենան․«Մենք մտածում ենք, որ բոլոր համայնքներում կարելի է ստեղծել մի մեծ ջերմոց, որը կօգտագործի արեւային էներգիայով, ստեղծել փոքր «smart city»-ներ՝ խելացի քաղաքներ։ Այսինքն, դրանք համայնքներին կանկախացնեն, համայնքները կապահովվեն ե՛ւ էլեկտրաէներգիայով, ե՛ւ ջրով, ե՛ւ սննդով, ե՛ւ աշխատանքով, որպեսզի արտագաղթ չլինի։ Ամբողջ Հայաստանով մեկ կարելի է կառուցել smart city»-ներ։ Կան նման ձեռնարկություններ, բայց դրանք բազմապատկել է պետք եւ ձգտել անկախ էներգետիկ համակարգի»։

Ռուբեն Ինճիկյանն էլ հավելեց՝ ՀՀ կառավարությունը պետք է մտածի տրանսպորտը նավթային վերելքից անցում կատարի էլեկտրականին․«Նավթը ապագայի հումք չէ, պղինձն ու մոլիբդենն՝ այո։ Պղինձն ու մոլիբդենն ապագայի էներգետիկայի համար հումք են մարտկոցների ստեղծման աշխատանքում։ Այդ իմաստով, գուցե պետք է մտածել, ոչ թե հումքն արտահանել, այլ այդ հումքի հիման վրա ստեղծել նոր տեխնոլոգիաներ, որոնք կծառայեն ապագա էներգետիկայում ե՛ւ Հայաստանում, եւ այլ երկրներ արտահանել»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930