Այսօր ԱԺ արտահերթ նիստում քննարկվեց իմքայլական պատգամավորներ Գեւորգ Պապոյանի եւ Լիլիթ Ստեփանյանի հեղինակած «Տարածքային կառավարման մասին» փոփոխությունների նախագիծը: Ինչպես նշեց Գեւորգ Պապոյանը, նախագծի նպատակն է մարզպետների աշխատանքը դարձնել ավելի արդյունավետ եւ հաշվետվողականությունը բարձրացնել:
«Իմ քայլի» պատգամավոր Հովիկ Աղազարյանը հարցրեց՝ մենք գնում ենք խոշորացում, դուք մարզպետների կարգավիճակը բարձրացնում եք, հակասություն չկա՞ այս մոտեցումների մեջ: Պապոյանը պատասխանեց, որ մարզպետները շարունակում են հաշվետու մնալ նախարարին ու հակասություն չկա. «Այնքան էլ համաձայն չեմ գնահատականի հետ, որ մարզպետների կարգավիճակը բարձրացնում ենք»: Աղազարյանը մտահոգված էր. «Մարզպետը կարող է իր հեղինակությամբ որոշակի ճնշում ունենալ ընտրված համայնքի ղեկավարի նկատմամբ»: Պապոյանը պատասխանեց, որ խոշորացման հետ կապված որեւէ բովանդակային փոփոխություն նախագծում չկա, խոսքը զուտ հաշվետվողականության մասին է, որոշ ուղղություններ պետք է համակարգվեն վարչապետի նշանակած փոխվարչապետի միջոցով, որոշ մասը՝ ոլորտային քաղաքականություն իրականացնողի:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ