Այսօր ԱԺ նիստում քննարկվեց «Կինեմատոգրաֆիայի մասին» բազմաչարչար օրենքի նախագիծը: Ինչպես նշեց նախագծի համահեղինակ Աննա Կոստանյանը, այս օրենքը լուծում է մի քանի խնդիր՝ տեղական կինոյի զարգացում, համատեղ արտադրության զարգացում եւ օտարերկրյա ներդրումների կլանում:
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովի անդամ, իմքայլական Արթուր Մանուկյանը որոշեց ԱԺ ամբիոնից նախագծի համար շնորհակալություն հայտնել աուդիտոր, ֆինանսական խորհրդատու Կարեն Ֆիդանյանին. «Շատ ուզենայի, որ Կարեն Ֆիդանյանի անունը այստեղից հնչի: Շնորհակալ եմ ջանասիրության համար ու ահռելի, տիտանական աշխատանքի համար, որ ինքը մեզ համար արեց ձրի»:
Ի դեպ, հենց նույն Ֆիդանյանի հետ կապված կինոգործիչները բողոքում էին, թե ինչո՞ւ է ֆինանսիստն աշխատում Կինոյի մասին օրենքի վրա:
Հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանն էլ ասաց, որ գնդակը կինոգործիչների դաշտում է:
Կարդացեք նաև
Հաջորդ հարցը, որ քննարկվեց, արտադրական կանեփի հարցն էր: Սերգեյ Բագրատյանը հիմնական զեկուցող էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Գաբրիելյանին հարցրեց՝ նախագծում 10 մլն դրամ տուգանք է նախատեսվում, եթե արտադրական կանեփի լիցենզիա չունեցող անձի փոխանցեն կանեփը, եթե 2 գրամ փոխանցեց ու 20 տոննա, տուգանքը նո՞ւյնն է: Գաբրիելյանը պատասխանեց, որ միջազգային փորձն են մոտարկել տեղական պայմաններին ու կանեփի չափը կապ չունի: Իր ելույթում Բագրատյանն ասաց, որ չափը խիստ կապ ունի. «Ձեր համարելը շատ քիչ է, մենք էլ համարում ենք, որ շատ սխալ եք համարում: Չի կարելի 2 գրամ կանեփի համար ու 25 տոննայի համար նույն չափով տուգանել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ