Լոռիում տեղացած կարկուտը գյուղացու բերքը հավասարեցրել է հողին: Մոտ 20 րոպե տեղացած հավկիթի չափ կարկուտը վնասվել են մարզի մի շարք համայնքների կարտոֆիլի ու ցորենի ցանքսատարածությունները, կոտրել է նաեւ պտղատու ծառերը:
Բազում համայնքի բնակչուհի Նարգիզի ընտանիքում, հասցված վնասի չափն են հաշվում: Այն 2 մլն դրամից ավելի է. «Մեր եկամուտը լինումա էս բախչից: Ամուսինս ամեն տարի Ռուսաստան էր գնում, էս տարի չի գնացել, էստեղ մնացել է, որ մեր այգին մշակենք, վաճառենք, ձմեռվա մեր ապրուստը լինի: Ամենաշատը տուժել է վարունգը, որ ես 2 օրը մի անգամ 10.000 դրամի վարունգ եմ վաճառում: Լոբին է փչացել, ծառերը, կարտոշկեն էլ չգիտեմ, թե տակն ինչ կլինի»:
Նույն խնդրի առաջ է կանգնել նաեւ Սեյրան Հարությունյանը: Բանկից վարկեր է վերցրել, որ այգին մշակի, ընտանիքը պահի: Այնինչ, կարկուտը թույլ չտվեց ծրագրերը կյանքի կոչել. «Ոչ թե վնասել է, այլ ոչ մի բան չի թողել: Թե պտուղ մնացել է, էն էլ վիրավոր, նա արդեն պիտանի չի, 2 օր հետո կթափվի: Լոբին սարու ծերին լրիվ չորացելա: Ոնց որ ուզենանք մեռած մարդուն կենդանացնենք, դա անհնար բանա: Աշխատանք չկա, իմ ապրուստի միջոցը սա էր, արդեն սա էլ հույսներս կտրեցինք: Լիքը վարկեր ունեմ վերցրած, արդեն ես չգիտեմ ինչ եմ անելու: Անասուն եմ առել, որ կարողանամ իմ ընտանիքը պահեմ, նույնիսկ խոտ չկա: Չէինք ապրում, բայց սրանով էինք յոլա գնում, էս էր մեր ապրուստի միջոցը»:
Կարդացեք նաև
Բազումի համայքապետարանում հանձնաժողով են կազմել, այժմ վնասի չափն են հաշվարկում. «Բոլորի տներն այցելելու ենք, վնասի չափը ճշտելու ենք ու ներկայացնենք մարզպետարան: Այգիները լրիվ զրոյացվել է, բերք չկա: Բոլորն են տուժել, տենց մարդ չկա, որ տուժած չլինի»,-ասում է համայնքի ղեկավար Սրբուհի Հարությունյանը:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ