Լրահոս
Օրվա լրահոսը

Հեռակա փոխհրաձգություն հայ և ադրբեջանցի պատվիրակների միջև՝ ԵԱՀԿ ԽՎ-ում՝ հայ ռազմագերիների, սահմանազատման և սահմանագծման հարցերի շուրջ

Հունիս 30,2021 20:10

Հունիսի 30-ից հուլիսի 6-ն անցկացվում է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը (ԵԱՀԿ ԽՎ): Այն անցկացվում է հիբրիդային եղանակով: Հունիսի 30-ին տեղի ունեցավ ԵԱՀԿ ԽՎ երրորդ` Ժողովրդավարության, մարդու իրավունքների և հումանիտար հարցերի հանձնաժողովի նիստը: ԵԱՀԿ ԽՎ փոխնախագահ Կարի Հենրիքսենը ներկայացրեց «Համաշխարհային ճգնաժամի պայմաններում բազմակողմանիության ամրապնդում»  թեմայով զեկույց, որտեղ մտահոգություն հայտնեց օրեցօր աճող խտրականության, անհանդուրժողականության դրսևորումների մասին:

Զեկույցում լուրջ մարտահրավեր են համարվում նաև լրագրողների նկատմամբ բռնություններն ու սահմանափակումները:

Հանձնաժողովի նիստի ընթացքում հեռակա փոխհրաձգություն տեղի ունեցավ հայ և ադրբեջանցի պատվիրակների միջև: Հայ պատվիրակները բարձրացնում էին հայ ռազմագերիների հարցը, որ Ալիևը չի ցանկանում այդ անձանց վերադարձնել, թուրք և ադրբեջանցի պատվիրակները մեկը մյուսի հետևից սկսեցին խոսել ականապատ դաշտերի քարտեզների տրամադրման, սահմանազատման և սահմանագծման անհրաժեշտության մասին:

ԵԱՀԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Անի Սամսոնյանը ԵԱՀԿ ԽՎ-ում հայտարարեց. «Ադրբեջանը շարունակում է չվերադարձնել հայ ռազմագերիներին և նրանց օգտագործել քաղաքական նպատակներով»: Անդրադառնալով Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների՝ հայ ռազմագերիների մասին հայտարարություններին, Անի Սամսոնյանն ասաց. «Նրանք այնպես են խոսում հայ ռազմագերիների մասին՝ պահանջելով նրանց փոխանակել ականապատ դաշտերի քարտեզների հետ, կարծես այդ անձինք առևտրի առարկա լինեն: Սա վկայում է այն մասին, որ Ադրբեջանը ներգրավված է մարդկային թրաֆիքինգի մեջ և հայ ռազմագերիների հարցը քաղաքական սակարկման թեմա է դարձրել»: Անի Սամսոնյանը շեշտեց՝ Ադրբեջանի զինված ուժերը եկել ու հաստատվել են ՀՀ-ի ինքնիշխան տարածքում ու հայտարարեց՝ նրանք պետք է անհապաղ վերադառնան:

ԵԱՀԿ ԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության անդամ Ուլվիյա Աղաևան, հղում կատարելով այն փաստին, որ Քարվաճառում ականի պայթյունից մարդկային զոհեր են եղել, հայտարարեց, որ Հայաստանը պարտավոր է Ադրբեջանին վերադարձնել ականապատ դաշտերի քարտեզները: Անդրադառնալով հայ ռազմագերիների վերադարձին՝ նա նշեց. «Նոյեմբերի 10-ի եռակողմ համաձայնագրի համապատասխան բոլոր հայ ռազմագերիները վերադարձվել են: Այն սաբոտաժի խմբի անդամները, որոնք Ադրբեջան են ուղարկվել ահաբեկչության համար, չեն կարող կոչվել ռազմագերիներ»:

ԵԱՀԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Մարիա Կարապետյանը վստահեցրեց՝ Հայաստանը վերադարձրել է Ադրբեջանի բոլոր ռազմագերիներին, իսկ Ալիևը դա չի ուզում անել և խոսեց պատճառների մասին. «Ալիևը չի ուզում վերադարձնել հայ ռազմագերիներին, քանի որ ուզում է երկարաձգել հայ ժողովրդի վիշտը, ցույց տալ Արցախում ապրող հայերին, որ այնտեղ ապրելն անվտանգ չէ»: Նա վստահեցրեց, որ Ադրբեջանը Հայաստանին ոչ թե պետք է չափաբաժնով վերադարձնի ռազմագերիներին, այլ բոլորին մինչև վերջ և անհապաղ:

Ադրբեջանցի պատվիրակ Ամինա Ագազադեն ասաց, թե հայկական կողմի գործը չէ մեկնաբանել երկու հարևան երկրների նախագահների այցերը՝ նկատի ունենալով Ալիև-Էրդողան հանդիպումը:

Թուրք պատվիրակ Քամիլ Այդինը բարձրացրեց այսպես կոչված ադրբեջանցի տեղահանվածների խնդիրը, թե իբր նրանք չեն կարողանում վերադառնալ իրենց հայրենի հող, որն ազատագրվել է, որովհետև այդ տարածքներն ականապատ են:

Ադրբեջանցի պատվիրակ, ԵԱՀԿ ԽՎ փոխնախագահ Ազայ Գուլիևը, պատասխանելով հայկական պատվիրակության անդամների բարձրացրած խնդիրներին, ասաց, թե իբր ՄԻԵԴ-ը մերժել է հայկական կողմի դիմումն անհապաղ ազատ արձակել 11 հայ ռազմագերիների:

Անդրադառնալով սահմանազատման խնդիրներին, նա նշեց՝ դա երկկողմանի խնդիր է, և պետք է լուծվի երկու սահմանակից երկրների ղեկավարների հաղորդակցության միջոցով: Նա առաջարկում է Հայաստանի հետ համատեղ ստեղծել հանձնաժողով, սկսել երկկողմանի քննարկումներ սահմանագծման և սահմանազատման հարցով:

Նա փորձեց համոզել, որ Ալիևի և Էրդողանի երկխոսությունը հայկական կողմն օգտագործել է քարոզչական նպատակներով: Դիմելով Մարիա Կարապետյանին՝ նրան հորդորեց հայ հասարակությանը պատրաստել խաղաղության, այլ ոչ թե սուտ տեղեկություններ տարածել:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930