Լրահոս
Օրվա լրահոսը

«Ավտոներկրող կա՝ 13 երեխա ունի, բայց 4 հատ ավտո չի կարողանում ներկրել, որ երեխաներին պահի». Ավտոներկրողներն ու բեռնափոխադրողները ՊԵԿ-ի առջեւ բողոքի ցույց արեցին

Հունիս 30,2021 18:40

Այսօր պետական եկամուտների առջեւ ցուցարարների երկու խումբ կար՝ ավտոներկրողներն ու բեռնափոխադրողները: Առաջինները կառավարությունից պահանջում էին թույլտվություն՝ դեռեւս մեկուկես տարի առաջ գնած ավտոմեքենաների ներկրման թույլտվության ժամկետը երկարացնելու, բեռնափոխադրողներն էլ խնդրում էին՝ անտեսել օրենքի պահանջը, ըստ որի բեռը պետք է բարձել ավտոմեքենայի ամբողջ տարողությամբ:

«Ասենք 2010 թվականի արտադրության մեքենայի համար որ պետք է 400 դոլար վճարեինք, հիմա 2,5 միլիոն դրամ է դարձել: Մեքենաներից մեկը օրինակ՝ Փոթի է հասել 2020-ի փետրվարի 11-ին, այդ ժամանակ արդեն ժամկետը լրացել էր: Դրա համար մեքենաները մնացին Վրաստանում: Մարտին 5 օր ժամանակ տվեցին, բայց այդ ժամանակ կորոնավիրուս էր, ճանապարհները փակ էին, չէինք կարողանում մեքենաները բերել: Ապրիլին էլ ժամանակ տվեցին, բայց մենք նորից դիմեցինք ՊԵԿ-ին, որ չենք կարողանում մեքենաները բերել: Հիմա 1,5 տարի այդ մեքենաները մնացել են օդի մեջ»,-ասաց ավտոներկրող Ահարոն Սարուխանյանը: Ներկրման ենթակա ավտոմեքենաները Հայաստան-Վրաստան սահմանին են: Ըստ նրա, այդ մեքենաներ, չեն կարողանում մաքսազերծել 2019-ի դրույքաչափերով, որովհետեւ կառավարությունը թույլ չի տալիս:

Նրանց խոսքով, այդ իրավիճակում հայտնվել են ոչ իրենց մեղքով, ո՛չ անգործություն են դրսեւորել, ո՛չ անփութություն ո՛չ էլ օրենքն են արհամարհել: Մեկ այլ ներկրողի խոսքով էլ. «Վրաստանի դանդաղելու կամ դիտմամբ ուշացնելու պատճառով կոնտեյներներն ուշ բացվեցին եւ պատճառը եղավ այն, որ մեքենաները չկարողացանք ժամանակին ներկրել: Հայաստանի կառավարությունը թույլ տվեց, որ ապրիլի 20-30 ներկրենք, բայց այդ ժամանակ Վրաստանում սկսվեց պանդեմիան եւ շարժը կանգնեց: Հիմա մեզ համար անհասկանալի է՝ եթե մեզ թույլ են տվել, բայց Վրաստանում արգելված է, ո՞նց հասկանանք՝ մեզ թույլատրվա՞ծ է, թե՝ ոչ»:

Ներկրողներն ասում են՝ մեկ տարուց ավել է մեքենաները սահմանին արեւի տակ կանգնած են: Ո՛չ կարողանում են ներկրել ո՛չ՝ քանդել՝ տանել, չգիտեն ի՞նչ անել: Նրանց խոսքով, այդ մեքենաները վրացական կողմին խանգարում են, եւ չի բացառվում, որ Վրաստանն օրենք հանի՝ դրանք բռնագանձելու. «Ի՞նչ պետք է անենք, դրա համար եկել ենք, որ կառավարությունը մի ելք առաջարկի»:

«Ավտովարորդների պաշտպանության լիգայի» նախագահ Տիգրան Հովհաննիսյանի խոսքով, ավտոներկրող կա՝ 13 երեխա ունի, բայց 4 հատ ավտո չի կարողանում ներկրել, որ երեխաներին պահի»:

Ներկրողների դիմումներին, սակայն, կառավարությունից պատասխանել են՝ մեքենաները կարող եք մաքսազերծել նոր դրույքաչափերով:
Նրանց խոսքով՝ դա անհնարին է, որովհետեւ այդ մեքենաները գնվել են այն հաշվարկով, որ պետք է մաքսազերծվի 2019-ի դրույքաչափերով: Դրանք գնվել են 2019 թվականի հունիս-սեպտեմբեր ամիսներին: «Միգուցե մեր կառավարության համար էլ է դժվար դիմել ԵԱՏՄ-ին, բայց ի վերջո այս հարցին լուծում պետք է տրվի թե՝ ոչ»,-բողոքի ցույցի ժամանակ ասում էին ավտոներկրողները:

Էդուարդ Ղազարյանը, որը բեռնափոխադրող է, մի քանի ամիս է սպասում է կառավարության պատասխանին: Նրա խոսքով, իրենց պահանջն այն է, որպեսզի, Դուբայից, Չինաստանից, Հնդկաստանից եկող բեռները Նորդուզից, ոչ թե իրանական բեռնբափոխադրողները բերեն, այլ՝ հայկական: Բեռնափոխադրողների պահանջն էր, որպեսզի կառավարությունը թույլ տա ավելի քիչ ծավալով էլ բեռ տեղափոխել. Այսինքն՝ եթե մեքենան 25-26 տոննա տարողությամբ է, թույլ տան, որ 10 տոննա տեղափոխի, այլ ոչ ամբողջ ծավալով՝ ինչպես որ օրենքի պահանջն է: Բանն այն է, որ ամբողջ տարողությամբ բեռը փոխադրելու դեպքում, ըստ բեռնափոխադրողների, ե՛վ ավտոմեքենան է փչանում, ե՛վ ճանապարհներն են վնասում: Բացի այդ սոցիալական խնդիրներ են առաջանում: Նրանց ներկայացմամբ, եթե 200 տոննա բեռ է գալիս, ոչ թե 8 ավտոմեքենա է այդ բեռը տեղափոխում, այլ՝ 20 եւ ստացվում է, որ 20 ընտանիք կարողանում է ապրել: Վեց ամիս է՝ դիմումները կառավարությունում են, ոչ մի պատասխան չկա, ո՛չ մերժում են ո՛չ՝ պատասխանում: Մենք չենք ասում 100 տոկոսով իրանական բեռնափոխադրումներին արգելեք, բայց ինչ-որ տոկոս պետք է մեզ տան: Վարկ ենք վերցրել, 50-60 հազար դոլարով ավտոմեքենաներ ենք գնել, բայց հնարավորությունը չեն տալիս, որպեսզի մարենք այդ վարկերը: Տարուց ավել է հարկեր ենք վճարում՝ գույքահարկ, տեխզննում, ԱՊՊԱ, բայց չենք աշխատում»:

Ըստ բեռնափոխադրողների,  տոննայի պահանջը միշտ էլ եղել է, բայց 3 տարի է, խստացվել է, պարտադրում են տոննային համապատասխան աշխատեն:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930