Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում ճգնաժամի հետագա զարգացման մեջ կողմերից ոչ մեկը շահագրգռված չէ:
«Ռուսաստանը որոշիչ դեր է խաղացել շատ լուրջ ճգնաժամի կարգավորման գործում: Եվ ոչ մեկը շահագրգռված չէ, որ այն զարգանա. ո՛չ Ադրբեջանը, ո՛չ Հայաստանը, ո՛չ առավել ևս Լեռնային Ղարաբաղի բնակիչները,- ասել է Պուտինը այսօր անցկացված ուղիղ կապի ժամանակ:- Եթե մենք բոլորս խաղաղ, բարեկամաբար ապրենք, մենք պայմաններ կստեղծենք մարդկանց կյանքի բարելավման համար, և ոչ միայն անվտանգության ոլորտում, այլև ընթացիկ պայմաններում: Նկատի ունեմ ընտանիքների բնականոն համագոյակցություն, նկատի ունեմ տնտեսական զարգացում, սոցիալական զարգացում, ինչում անկասկած ամենամեծ ձևով կարիք ունեն Լեռնային Ղարաբաղի բնակիչները: Քանի որ անհնար է ապրել անընդհատ տագնապի մեջ, որ զինված հակամարտությունը կվերականգնվի, մենք դա հիանալի հասկանում ենք: Նշանակում է, դա հասկանում են նաև Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները»:
Պուտինը նշել է, որ տարածաշրջանում բազմաթիվ խնդիրներ են կուտակվել, մասնավորապես, նորմալ ենթակառուցվածքների վերականգնման, սահմանագծման հարցում: Նրա խոսքով՝ այդ առումով գործընթացն արդեն սկսված է, ստեղծվել է եռակողմ աշխատանքային խումբ: «Ամեն ինչ անում ենք, որպեսզի վերականգնվեն բնականոն հարաբերությունները տարածաշրջանում: Եվ այդ աշխատանքի շահառուները, անկասկած, պետք է լինեն Լեռնային Ղարաբաղի բնակիչները: Եվ ուզում եմ մտածել, որ այդպես էլ կլինի, չնայած տասնամյակներով կուտակված բոլոր դժվարություններին»,- ասել է Պուտինը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ