Հունիսի 30-ին առաջին ընթերցմամբ քննարկվեց ԱԺ պատգամավորներ Նիկոլայ Բաղդասարյանի, Ծովինար Վարդանյանի, Վիկտոր Ենգիբարյանի, Հայկ Գեւորգյանի, Սերգեյ Մովսիսյանի, Գեւորգ Պապոյանի, Հայկ Սարգսյանի, Հովիկ Աղազարյանի, Հռիփսիմե Գրիգորյանի, Սերգեյ Ատոմյանի եւ Հայկ Ցիրունյանի հեղինակած ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը, որի ընդունումը պայմանավորված է ապօրինի շինությունների առկայությամբ: Հեղինակների համոզմամբ, եթե ընդունվեն փոփոխությունները, ապա Հայաստանում այլեւս չեն կառուցվի ինքնակամ կառույցներ:
Ըստ հիմնավորման` նախորդ տարիներին ձեւավորվել է պրակտիկա, երբ տնտեսվարող սուբյեկտներն ու ֆիզիկական անձինք կառուցապատումը կատարում էին առանց շինարարության թույլտվության, իսկ այնուհետեւ դիմում համայնքի ղեկավարին` ինքնակամ կառույցներն օրինականացնելու խնդրանքով: Պատճառն այն է, որ ինքնակամ շինությունների օրինականացումն ավելի արագ է կատարվում եւ ավելի մատչելի է, քան օրինական կարգով շինարարության թույլտվություն ստանալը:
Հետեւաբար առաջարկվում է փոփոխություն կատարել Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածում` այն շարադրելով նոր խմբագրությամբ: Փոփոխությամբ կապահովվեն եւ’ տնտեսվարող սուբյեկտների, եւ’ քաղաքացիների իրավունքները` ինքնակամ կառույցների օրինականացման հարցում, եւ’ համայնքի իրավունքը` ապամոնտաժելու ինքնակամ կառույցները` առանց վարչական վարույթ իրականացնելու: Նախատեսվում է նաեւ, որ ինքնակամ կառույցների ապամոնտաժման ծախսերն ամբողջությամբ կրելու է կառուցապատողը` անկախ նրանից, թե ով է այդ աշխատանքները կատարել: Նախագծով լուծվում է նաեւ ինքնակամ կառույցների առկայությամբ անշարժ գույքի պետական գրանցման հարցը:
Հարցուպատասխանի ձեւաչափում զեկուցող Նիկոլայ Բաղդասարյանը պարզաբանեց, որ նախագծի ընդունումից հետո պետական կամ համայնքային պատկանելության հողամասի վրա ինքնակամ կառուցված որեւէ կառույց օրինականացման ենթակա չի լինելու եւ ապամոնտաժվելու է:
Կարդացեք նաև
Պատգամավոր Արթուր Դավթյանը հայտնեց, որ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը նախագծին բացասական եզրակացություն է տվել: Պատգամավորն էլ իր հերթին կարծում է, որ նախագիծը չի լուծելու այն խնդիրը, ինչին միտված է: Ըստ նրա` ինքնակամ կառույցի հետագա ճակատագիրը պետք է տնօրինի հողամասի տերը` որոշելով` ապամոնտաժե՞լ կառույցը, թե՞ օգտագործել այլ նպատակով:
Դրական չէր նաեւ Կառավարության դիրքորոշումը: ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Արման Պետրոսյանը նշեց, որ նախագծի բազմաթիվ դրույթներ խնդրահարույց են, մասնավորապես չի հստակեցվում, թե ինչ է լինելու այն ինքնակամ կառույցների ճակատագիրը, որոնց մի մասը գտնվում է պետական կամ համայնքային պատկանելության հողամասերի վրա: Նաեւ չի հստակեցվում` ինչպես է որոշվելու, թե երբ է կառուցվել տվյալ ինքնակամ կառույցը, քանի որ, ըստ նախագծի, քանդման ենթակա են լինելու օրենքի ընդունումից հետո կառուցված շինությունները:
Նա խորհրդարանականներին հորդորեց ձեռնպահ մնալ նախագիծն ընդունելուց:
ՀՀ Ազգային ժողով