Լրահոս
Օրվա լրահոսը

Պետությանը պատճառված 159 մլն. դրամ վնասը վերականգնելու նպատակով կալանք է դրվել համայնքի ղեկավարին պատկանող գույքի վրա

Հունիս 30,2021 17:52

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Գայ համայնքի ղեկավարի կողմից շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու, ծառայողական պարտականությունները չկատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Դեռևս 2020թ. փետրվարի 12-25-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կողմից Արմավիրի մարզի Գայ համայնքում իրականացվել է տեսչական ստուգում, ինչի արդյունքում հայտնաբերվել են մի շարք խախտումներ, այդ թվում՝ ինքնակամ կառուցապատման դեպքեր:

Ստուգումների արդյունքում հայտնաբերված խախտումների վերաբերյալ կազմվել է ակտ, որն ուղարկվել է իրավասու մարմիններին՝ խախտումներին իրավական գնահատական տալու նպատակով:

Նկատի ունենալով, որ համայնքի ղեկավարի գործողություններում առկա են եղել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներ, հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունն իրականացվել է ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում:

Նախաքննության ընթացքում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ Գայ համայնքի ղեկավարը, 2008 թվականից մինչ օրս զբաղեցնելով նշված պաշտոնը, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները՝ չի կատարել ծառայողական պարտականությունները, ինչի արդյունքում էական վնաս է պատճառվել համայնքի օրինական շահերին՝ անզգուշությամբ առաջացնելով ծանր հետևանքներ:

Մասնավորապես՝ համայնքի ղեկավարը դիտավորությամբ որևէ միջոց չի ձեռնարկել՝ կանխարգելելու, կասեցնելու առանց գործառնական նշանակության փոփոխության վերաբերյալ փաստաթղթերի համայնքի տարբեր նշանակության թվով 11 հողամասերում կատարված ինքնակամ կառուցապատման աշխատանքների և շահագործման ուղղությամբ:

Ավելին՝ խախտումները ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմի կողմից ստուգումների արդյունքում հայտնաբերելուց հետո համայնքի ղեկավարը շարունակել է դիտավորությամբ որևէ միջոց չձեռնարկել, օրենքով սահմանված կարգով չի ապահովել հետևանքների վերացումը:

Քննությամբ հիմնավորվել է, որ ինքնակամ կառուցված շինություններն օրինականացնելու ուղղությամբ որևէ միջոց չձեռնարկելով՝ դրանց օրինականացման համար վճարվելիք ընդհանուր 159.396.000 ՀՀ դրամ գումարը համայնքի բյուջե չի մուտքագրվել, ինչի արդյունքում էական վնաս է պատճառվել համայնքի օրինական շահերին:

Մինչդատական վարույթում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Գայ համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (3 դրվագ) և 308-րդ հոդվածի 2-րդ մասով (8 դրվագ): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Պետությանը պատճառված վնասը վերականգնելու նպատակով կալանք է դրվել համայնքի ղեկավարին պատկանող գույքի վրա:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է դատախազական հսկողություն և դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930