«Եթե Հայաստան դաշինքը փաստերով խոսեր, ԿԸՀ-ն դա հաշվի կառներ։ Ուզում եք ասել, որ ԿԸՀ-ն կեղծե՞լ է, որ ասում է, թե վերահաշվարկների արդյունքներն ընտրությունների վրա էական ազդեցություն չեն ունեցել»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով «Հայաստան» դաշինքի կողմից ընտրակեղծիքների մասին ահազանգերին՝ ասաց «Իմ քայլի» պատգամավոր Հակոբ Ասլանյանը։
Նկատառմանն ի պատասխան, որ Նիկոլ Փաշինյանն ասել էր՝ անգամ մեկ ձայնի կեղծման դեպքում երկու ձեռքը կկտրի, Հակոբ Ասլանյանը հորդորեց չմանիպուլացնել, որովհետեւ այդ տրամաբանությամբ ինչ-որ մեկը կարող է դիտավորյալ ընտրախախտում անել՝ այն հույսով, որ Փաշինյանն ասածը կկատարի․ «Երիտասարդ եք, այնպես արեք, որ հայելու մեջ նայելիս չամաչեք։ Սա բոլորին է վերաբերում։ Բոլոր նրանց, որոնք կպնում են ինչ-որ խոսքերից, մանիպուլացնում դրանք։ Ձեզ թվում էր՝ դա պետական հայտարարությո՞ւն էր»։
Հարցադրմանն ի պատասխան, որ երկրի ղեկավարի ասածի մասին է խոսքը, Ասլանյանն ասաց․ «Դե գիտեք ինչ կա, նայած ինչ․․․ասենք, նայե՞լ եք, թե Չերչիլն իր խոսքում ինչքան սխալներ է թույլ տվել։ Օրինակ եմ բերում, որ ինչպես Փաշինյանը, այնպես էլ շատ երկրների ղեկավարներ կարող են խոսքի մեջ սայթաքումներ ունենալ։ Չի կարելի դա վերցնել ու դրոշակ սարքել»։
Լրագրողները նկատեցին՝ այդ համատեքստում կարելի է հիշատակել, որ Նիկոլ Փաշինյանը հունիսի 17-ին հայտարարեց՝ զոհերի թիվը 3705 է, անհետ կորածներինը՝ 268, մինչդեռ դրանից առաջ՝ հունիսի 12-ին, Անդրանիկ Քոչարյանն ասել էր, որ զոհերի թիվը 3918 է, անհետ կորածներինը՝ 419, դա էլ է սայթաքո՞ւմ։ Հակոբ Ասլանյանը կարծիք հայտնեց, որ ինքը չի կարող հարցի պատասխանը տալ․ «Ի՞նչ եք ուզում ասեմ։ Ես էլ չեմ կարող ասել, թե որին պետք է հավատամ․․․ինչո՞ւ եք ժպտում։ Փաշինյանը չի դրել ու մեկ-մեկ հաշվել զոհերին, նրան զեկուցել են։ Գուցե զեկուցողները տարբեր են։ Երբեմն լինում են թյուրիմացություններ, ձեր տանը չեն լինո՞ւմ»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ