Վանաձորի թիվ 1 հիմնական դպրոցում տեղի ունեցավ Արցախյան 44-օրյա պատերազմում հերոսաբար անմահացած աշակերտներ Դավիթ Մոսոյանին և Արթուր Մանուկյանին նվիրված հուշ-ցերեկույթ, որին հաջորդեց հերոսների անունով կոչված ռազմագիտության դասասենյակի բացման արարողությունը։ Ռազմագիտության դասասենյակն ամբողջությամբ վերանորոգվել և նոր գույքով է համալրվել դպրոցի նախաձեռնությամբ և բարերարի աջակցությամբ:
Միջոցառմանը ներկա էին Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արամ Գրիգորյանը, Զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Արմեն Հակոբյանը, մարզպետարանի այլ պատասխանատու պաշտոնյաներ, Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու հոգևոր հովիվ տեր Վահան քահանա Ազարյանը, բարձրաստիճան զինվորականներ, տղաների հարազատները, ուսուցիչներ, հյուրեր։
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի և իր անունից զոհված հերոսների ծնողներին խոնարհում հայտնեց Արամ Գրիգորյանը.
-Փա՛ռք մեր զինվորներին, հայո՛ց բանակին: Մենք յուրաքանչյուրս պարտք ունենք նրանց հանդեպ, պիտի ոտքի կանգնեցնենք, շենացնենք մեր երկիրը հանուն նրանց հիշատակի,-ասաց վարչության պետը՝ շնորհակալություն հայտնելով նաև դպրոցի տնօրինությանը, կոլեկտիվին նման նախաձեռնություն ցուցաբերելու համար: Ա. Գրիգորյանն իր խոսքում կարևորեց նաև աշակերտների շրջանում ռազմահայրենասիրական ոգու ամրապնդումը, ինչը դպրոցների կարևոր առաքելություններից մեկն է:
Կարդացեք նաև
Հերոս զինվորների անմահության խորհուրդը հիշատակող իր խոսքում տնօրեն Լիլիթ Սարուխանյանը պատգամեց տոկալ, արարել և շենացնել Հայաստանը։
Իր օրհնությունը հղեց տեր Վահան քահանա Ազարյանը:
Բոլոր ներկաները հույս հայտնեցին, որ ռազմագիտության դասասենյակը կծառայի հայրենասիրական գաղափարներ կյանքի կոչելուն և երեխաների ռազմահայրենասիրական ոգին բարձր պահելուն։
Դպրոցի աշակերտների մասնակցությամբ կազմակերպված հուշ- ցերեկույթը տոգորված էր հայրենասիրության շնչով ու բազում հուզիչ ակնթարթներ պարգևեց ներկաներին:
Լոռու մարզպետարան