Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Առանց խնամակալության մարմինների մասնակցության տեղի է ունեցել գույքի առքուվաճառք. խախտվել են Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատի շահառուների գույքային իրավունքները

Հունիս 30,2021 17:11
dataxazutyun

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել են ՀՀ հաշվեքննիչ պալատի կողմից 2021թ. «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ում իրականացված հաշվեքննության արդյունքները: Պարզվել է, որ ՀՀ կադաստրի կոմիտեում տուն-ինտերնատի թվով 10 շահառուների սեփական, ինչպես նաև նրանց շահերի տիրույթում գտնվող անշարժ գույքերի վերաբերյալ կատարվել են գործարքներ՝ առանց նրանց կամ վերջիններիս խնամակալի մասնակցության:

Ոսումնասիրությամբ պարզվել է, որ 2 դեպքում առանց խնամակալության մարմինների մասնակցության տեղի է ունեցել գույքի առքուվաճառք, որոնցով հարուցվել են քրեական գործեր: 1 դեպքում դատական ակտով խնամարկյալը փաստացի տիրապետման հիմքով ժառանգությունն ընդունած ժառանգ է ճանաչվել, որի հանգամանքների պարզման նպատակով նախաձեռնվել է քրեադատավարական կարգով նյութերի նախապատրաստման գործընթաց: Իսկ մնացած 7 դեպքերում (որոնցից 2-ը՝ մահվան հիմքով) նոտարական գրասենյակներում ժառանգական գույքի ընդունման շրջանակներում այլ անձանց տրվել են ժառանգության վկայագրեր և կատարվել են անշարժ գույքի իրավունքների պետական գրանցումներ, որի արդյունքում շահառուները զրկվել են օրենքով սահմանված ժառանգական գույքի ընդունման հնարավորությունից:

Վերը նշված 2 քրեական գործերի շրջանակներում, օրինակ, պարզվել է, որ ՏԻՄ պատասխանատու պաշտոնատար անձինք անտեսել են այն հանգամանքը, որ անգործունակ ճանաչված 2 անձինք հանդիսացել են «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ»-ի շահառու, խնամակալ են ճանաչել այլ անձանց և տվել են գույքի օտարման համաձայնություն: Արդյունքում շահառուներին պատկանող գույքն անօրինական օտարվել է:

Ընդ որում, ուսումնասիրության արդյունքում պարզվել է նաև, որ անձանցից մեկը թեև 2016թ. ընդունվել է «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ, սակայն մինչ օրս հաշվառված է ՀՀ Լոռու մարզի Օձուն համայնքում և ընդգրկված է ընտրողների ռեգիստրում:

Ուսումնասիրությունը փաստում է, որ «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ը, հանդիսանալով անգործունակ ճանաչված և իրենց մոտ տեղափոխված, իրենց շահառու հանդիսացող անձանց խնամակալը, տեղեկացված չի եղել վերջիններիս ժառանգության իրավունքի ծագման մասին և չի մասնակցել ժառանգության բացմանը: Իսկ նոտարական գրասենյակները չունենալով անգործունակ ճանաչված անձանց ցանկին հասանելիություն, այլ անձանց անուններով վավերացրել են գործարքներ և տվել ժառանգության իրավունքի վկայագրեր: Արդյունքում տուն ինտերնատի շահառուները զրկվել են առնվազն հիշյալ գույքերի սեփականության, ինչպես նաև ժառանգման իրավունքներից:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1228 հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ժառանգությունն ընդունելու ժամկետը բաց թողած ժառանգի դիմումի հիման վրա դատարանը կարող է նրան ճանաչել ժառանգությունն ընդունած` հարգելի համարելով ժամկետը բաց թողնելու պատճառները, եթե պարզվի, որ ժամկետը բաց թողնելու պատճառ է դարձել այն հանգամանքը, որ ժառանգը չգիտեր և պարտավոր չէր իմանալ ժառանգության բացման մասին ու պայմանով, որ ժառանգությունն ընդունելու ժամկետը բաց թողած ժառանգն այդ ժամկետը բաց թողնելու պատճառները վերացվելուց հետո` վեց ամսվա ընթացքում, դիմել է դատարան:

Նկատի ունենալով վերոգրյալը՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը դիմել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ քննարկելու տուն-իներնատի շահառուների ժառանգության ընդունման պահանջներով հայց հարուցելու նպատակահարմարությանը հարցը:

Հաշվի առնելով, որ պարզվել է 2016թ.-ից տուն-ինտերնատի շահառու անձի՝ դեռևս Լոռու մարզի Օձուն համայնքում հաշվառված լինելու հանգամանքը, առաջարկվել է պարզել նմանատիպ հնարավոր այլ դեպքերը և լուծել վերջիններիս հաշվառման հասցեների փոփոխման հարցը՝ ըստ նրանց բուժման կամ խնամքի հաստատության գտնվելու վայրի:

Բացի այդ, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 38-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն խնամակալները պարտավոր են պաշտպանել խնամարկյալների իրավունքներն ու շահերը: Հիմք ընդունելով դա՝ ՀՀ գլխավոր դատախազության կողմից խնդիր է դրվել գործուն միջոցներ ձեռնարկել օրենսդրական փոփոխություններ կատարելու ուղղությամբ՝ իրավասու մարմինների (այդ թվում՝ նոտարիատի ընդգրկմամբ) միջև խնդրո առարկայի մասին անհրաժեշտ տեղեկատվության փոխանակման և այլ գործիքակազմերի ներդրման ու կիրառման միջոցով անգործունակ ճանաչված անձանց, ինչպես նաև այլ խոցելի խմբերի իրավունքների և օրինական շահերի հնարավոր խախտումները բացառելու, և նրանց իրավունքներն (այդ թվում՝ գույքային) առավել արդյունավետ իրացնելու նպատակով:

ՀՀ դատախազություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930