«Փորձեմ ասածս ճիշտ հասկացնել։ Ռազմագերիների վերադարձի հարցը միայն ռազմագերիների բարեկամների, ՀՀ-ի, ԵԽԽՎ պատվիրակության, խորհրդարանի մեծամասնության, անգամ ՀՀ պետության միակ խնդիրը չէ, այլ ողջ հայության եւ քաղաքակիրթ աշխարհի։ Մենք մի սխալ ենք թույլ տվել այդ հարցում»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց ԵԽԽՎ-ում հայկական խորհրդարանական պատվիրակության անդամ, «Իմ քայլի» պատգամավոր Հովհաննես Իգիթյանը։
Նա նշեց․ «Որպես մեղադրանք չեմ ասում․ գտնում ենք, որ չենք օգտագործել ողջ հայության ներուժը։ Այսօր ամեն երկրի ադրբեջանական դեսպանատան մոտ պետք է ցույց լիներ։ Հասկանում եմ, որ քաղաքական նպատակով ՀՀ-ում կարելի է Դեմիրճյան փողոցը փակել, բայց աշխարհն ամեն օր պետք է այդ խնդիրը զգար։ Միայն այս դեպքում հարցը կդառնար միջազգային հանրության խնդիր։ Ցավոք, ընտրությունների ժամանակ քաղաքական հայացքները տարածվեցին նաեւ սփյուռքի որոշ կառույցների վրա, եւ նրանք զբաղվում էին ավելի շատ քաղաքական հարցերով, ոչ թե հայության խնդիրներով»։
«Իմ քայլի» պատգամավոր Սոս Ավետիսյանն էլ կարծիք հայտնեց, որ հայ ռազմագերիների հարցի շահարկումը ներքաղաքական օրակարգում շահավետ չէ։ Ինչ վերաբերում է Բաքվում հայ ռազմագերիների դատավարությանը եւ ՀՀ փաստաբանների պալատի՝ նրանց օգնություն տրամադրելու պատրաստակամությանը, Սոս Ավետիսյանը նշեց․ «Չեմ կարծում, որ դատավարություններին պետք է առհասարակ մասնակցել, որովհետեւ դրանք շինծու են, դրանք Ադրբեջանն անում է իր հանրությանը որոշ բաներ ապացուցելու համար։ Մեր՝ դրան մասնակցությունը կարող է բերել այդ աբսուրդային դատերը լեգիտիմացնելուն։ Եթե ասում են շինծու է, եւ փաստաբան ենք ուղարկում, ստացվում է, որ ընդունում ենք, որ դա դատավարություն է»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ