Լրահոս
Օրվա լրահոսը

«Վստահ եմ` գիրքը երկրորդ էջից չի փակվի». ԵՊԿ պրոֆեսոր

Հունիս 30,2021 16:32

«Ես երջանիկ եմ, որ ունեցա իմ համեստ մասնակցությունն այս հսկայական գործում։ Շնորհակալ եմ մեր գիտական խորհրդին, Սպենդիարյան թանգարանի ողջ անձնակազմին։ Սա մեծ նվեր ու հոգեւոր սնունդ է յուրաքանչյուր երաժշտի համար։ Հիշում եմ` դեռ 2010 թվականին «Գոլոս Արմենիի» թերթում հրապարկել էի մի հոդված այս աշխատության մասին, որում ասվում էր, որ Գեւորգ Բուդաղյանի գրական ժառանգությունը ոչ այնքան մեծ է, որքան նշանակալի, այստեղ խոսվում է Սպենդիարյանի «Ալմաստ» օպերայի գործիքավորման մասին եւ մեկտեղվում նրա հիշողությունների օրագրի հետ»,- ասում է «Դիտարկումներ Ա. Ա. Սպենդիարովի «Ալմաստ» օպերայի գործիքավորման շուրջ» գրքի գլխավոր խմբագիր, արվեստագիտության թեկնածու, ԵՊԿ պրոֆեսոր Ալինա Փահլեւանյանը։

Հունիսի 29-ին Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի դահլիճում տեղի ունեցավ Գեորգի Բուդաղյանի «Դիտարկումներ Ա. Ա. Սպենդիարովի «Ալմաստ» օպերայի գործիքավորման շուրջ» գրքի շնորհանդես-գինեձոնը: Մեծ դիրիժորը և սպենդիարյանագետն այս հիմնարար աշխատությունը ստեղծել է` տասնամյակներ շարունակ ղեկավարելով եւ ուսումնասիրելով «Ալմաստ» օպերան: Գիրքը հրատարակվել է Սպենդիարյանի տուն-թանգարանի նախաձեռնությամբ, «Էդիթ Պրինտ» հրատարակչությունում 2021 թվականին` կոմպոզիտորի ծննդյան 150-ամյակի առիթով:

Գիրքն արժեքավոր ուղեցույց է դիրիժորների, կոմպոզիտորների, երաժշտագետների, երաժիշտ մանկավարժների եւ առհասարակ, Սպենդիարյանի ստեղծագործությունը հետազոտողների համար ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում: 1968 թվականին ավարտվել է վերոնշյալ օպերայի գործիքավորման մասին աշխատությունը եւ հանձնվել կոմպոզիտորի թանգարանին։

«Ուզում եմ անդրադառնալ եւ շնորհակալությունս հայտնել Վահագն Վարդանյանին, որը մեծ դեր ունեցավ այս գործում` զբաղվելով գրքի էջադրմամբ եւ նոտաների համակարգչային շարվածքով, թանգարանի անձնակազմին, բոլոր նրանց, ովքեր անմասն չմնացին այս գործում։ Կարծում եմ` աշխատությունը սեղանի գիրք կդառնա ուսանողության համար, կընթերցվի եւ կսիրվի։ Վստահ եմ` գիրքը երկրորդ էջից չի փակվի, քանի որ թեթեւ եւ կենդանի գրված է»,- հավելեց տիկին Փահլեւանյանը:

«160 էջանոց գիրք ենք հրատարակել` Սպենդիարյանական շնչով։ Ռուսերեն տարբերակը հնարավորություն կտա գիրքը ճանաչելի դարձնել նաեւ Հայաստանի սահմաններից դուրս, իսկ նոտային օրինակներով առկա են այլ օտար լեզուներով տարբերակները։ Սպենդիարյանի գործիքավորումը դիտարկվում է ոչ միայն տեխնիկական տեսանկյունից, այլեւ այն, որ երաժշտության միջոցով պատկերավոր ներկայացնում է գործողությունը»,- ասում է գրքի խմբագիր Վահագն Վարդանյանը։

Շնորհանդես-գինեձոնն ուղեկցվում էր հայկական երգ-երաժշտությամբ ու գինով։ Սա սպենդիարյանցիների ոչ առաջին եւ ոչ էլ վերջին շնորհանդեսն է, կոմպոզիտորի 150-ամյակին նվիրված այլ միջոցառումներն առջեւում են։

Նատալի ՄԿՐՏՉՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930