«Ռազմագերիների հարցը հումանիտար է եւ չի կարող կապված լինել այլ թեմայի հետ։ Սա եղել է մեր խորհրդարանական դիվանագիտության ուղղությունը։ Մեր եվրոպացի գործընկերները հստակ արձանագրում են, որ չի կարելի սա բանակցային սակարկման թեմա սարքել»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով այն փաստին, որ այդ թվում ԵԽԽՎ հերթական նստաշրջանում Ադրբեջանը հայ ռազմագերիների վերադարձի դիմաց շոշափել է Արցախի ականապատ քարտեզների վերադարձի եւ ՀՀ-ի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման հարցերը՝ ասաց «Իմ քայլի» պատգամավոր Սոս Ավետիսյանը։ Նրա խոսքով՝ ռազմագերիների հարցն այլ հարցի հետ կապելն անթույլատրելի է։
Ինչ վերաբերում է պատգամավոր, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանի առաջարկին, թե ՀՀ գործող խորհրդարանը պետք է Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու մասին դիմում հղի ԵԽԽՎ-ին, հայկական պատվիրակության անդամ, «Իմ քայլի» պատգամավոր Տաթեւիկ Հայրապետյանը նշեց․ «Նման հայտարարություն տեսականորեն կարող է լինել, եւ չեմ կարծում, որ անկախ կուսակցական պատկանելիությունից՝ որեւէ մեկը դեմ լինի դրան։ Բայց խոսքն ավելի շատ իրավական դաշտում է, եւ իրավական ներկայացուցիչները, վստահ եմ, այդ հարցերի վերաբերյալ ունեն որոշակի ծրագրեր եւ նպատակներ, ուստի ուղղակի տեքստով հանդես գալն այն արդյունքը չի ունենա»։
Այս առիթով Սոս Ավետիսյանը հավելեց․ «Հնարավորություն տեսականորեն կարող է լինել, բայց ասեմ, որ դեռեւս ապրիլին մենք ասել ենք՝ եվրոպական դատարանն ունի ռազմագերիներին բաց թողելու մասին որոշում, որը պարտադիր է ԵԽ անդամ երկրների համար»։
Կարդացեք նաև
Տաթեւիկ Հայրապետյանը նաեւ շեշտեց՝ ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության հետ իրենք առանձին հանդիպում չեն ունեցել, բայց հանձնաժողովներից մեկի նիստում, երբ քննարկվել է պատերազմի հումանիտար հետեւանքների հարցը, մի դրվագ է եղել․ «Ադրբեջանցիները կիկին խոսում էին խաղաղության կեղծ թեզերից, ես էլ մեջբերեցի Ալիեւի վերջին տեքստերից։ Եվրոպացի պատվիրակները պտտվել եւ հարցնում էին՝ իսկապե՞ս նման տեքստեր է արտաբերել։ Ի պատասխան ադրբեջանցի պատվիրակը նյարդային ասաց՝ ինչո՞ւ պետք է վերադարձնենք հայ գերիներին, եթե հանցագործ են եւ ահաբեկիչ։ Դա էլ սրեց մթնոլորտը քննարկման ժամանակ։ Մեր եվրոպացի գործընկերները հասկանում էին, թե ինչ է կատարվում։ Կա ընկալում, որ սա վտանգավոր գործելաոճ է Ադրբեջանի կողմից որդեգրված»։
ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ, «Իմ քայլի» պատգամավոր Հովհաննես Իգիթյանն էլ հետեւյալ կարծիքը հայտնեց, որ ԵԽԽՎ-ում լուրջ չեն ընկալում այն փաստը, որ Ադրբեջանը հայ ռազմագերիների վերադարձի հարցը կապում է ականապատ քարտեզների վերադարձի հետ։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ