Լրահոս
Օրվա լրահոսը

Մեծ Այրում և Ճոճկան գյուղերի բնակիչները դատական հայցեր են ներկայացրել Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի դեմ

Հունիս 30,2021 16:42

Լոռու մարզի Թումանյանի շրջանի շուրջ 70 բնակիչ իրենց առողջության, կյանքի անձեռնմխելիության և սեփականության իրավունքը կպաշտպանի դատարանում: «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ի դեմ դատական հայցեր են ներկայացրել Ախթալա խոշորացված համայնքի Մեծ Այրում և Ճոճկան գյուղերի բնակիչները:

Ինչպես նշված է Դատական տեղեկատվական համակարգի www.datalex.am կայքում, հայցերը վերաբերում են առողջության իրավունքի, անձնական կյանքի և բնակարանի անձեռնմխելիության իրավունքի խախտումներին ու վնասի փոխհատուցման պահանջին: Իրավաբանական աջակցությունը ցուցաբերում է «Թումանյան» փաստաբանական գրասենյակը:

Հայցերի համար հիմք են ծառայել հանքարդյունաբերական օբյեկտների աղտոտող ազդեցությունը կրող բնակիչներից վերցված, ինչպես նաև հարատև աղտոտման ենթարկվող տարածքներից վերցված հողի, ջրի և մթերքների նմուշների հետազոտությունների արդյունքները: Հետազոտություններն իրականացվել են 2018–2020թթ. քիմիական աղտոտման հարցերում մասնագիտացած «Առնիկա» չեխական կազմակերպության կողմից՝ «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի և «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի մասնակցությամբ: Հրապարակված զեկույցները (1 2 3) ցույց են տալիս ծանր և տոքսիկ մետաղների՝ մկնդեղի ու կադմիումի բարձր պարունակությունն օրգանիզմում: Առանձնապես մտահոգիչ էր քիմիական աղտոտվածության տարածքում բնակվող երեխաների օրգանիզմում այդ տարրերի բարձր պարունակությունը:

«Շատ կարևոր է հանքարդյունաբերությունից տուժած համայնքներում քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը: Հանքարդյունաբերությունը չպետք է գործի մարդկանց առողջության ու մաքրող տեխնոլոգիաների վրա տնտեսելու հաշվին»,- նշեց «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանում չկան վնասի փոխհատուցման մեխանիզմներ, հետևաբար, հաստատված չէ սոցիալական արդարությունը: «Մենք ձգտում ենք նրան, որպեսզի այդպիսի մեխանիզմներ լինեն ու աշխատեն, և վստահ ենք, որ տեղի համայնքները գիտակցելով, թե ինչ վնասներ են կրել, կինքնակազմակերպվեն և կունենան ավելի շատ աջակիցներ կյանքի ու առողջության իրավունքը պաշտպանելու գործում»,- ասաց Դուլգարյանը: Նա ընդգծեց, որ անհրաժեշտ է նաև ներդնել կանխարգելիչ միջոցառումներ ապահովագրության, փոխհատուցման վճարների չափի և մեխանիզմի վերաբերյալ` արդյունահանող ձեռնարկությունների պատճառած վնասը նվազագույնի հասցնելու համար:
«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը նշեց. «Առաջին անգամ մարդիկ պաշտպանում են իրենց իրավունքները ՝ հիմնվելով քիմիական աղտոտվածության վերլուծության արդյունքների վրա: Մենք ակնկալում ենք, որ կստեղծվի դատական նախադեպ, երբ ընկերությունը պատասխանատվության կենթարկվի լեռնահանքային օբյեկտների թունավոր արտանետումներից և արտահոսքերից տուժած կոնկրետ մարդկանց առաջ: Առողջ միջավայրի իրավունք նշանակում է կյանքի իրավունք: Դա այն է, ինչ Ախթալա համայնքի բնակիչները մտադիր են ապացուցել դատարանում»:

Թումանյանի տարածաշրջանում աղտոտվածության իրազեկվածության բարձրացում» ծրագրի՝ «Առնիկա» կազմակերպության կողմից համակարգող Վալերիա Գրեչկոն կարծում է, որ բնակավայրերի՝ հանքարդյունաբերական արտադրությանը մոտ գտնվելը պարտադիր ազդում է թե՛ տեղի բնակիչների առողջության, թե կենսապայմանների վրա: «Դատարան դիմելն իրենից ներկայացնում է Թումանյանի շրջանում բնապահպանական իրավիճակի բարելավմանն ուղղված գործողությունների և միջոցառումների մի ամբողջ շղթայի կարևոր փուլ: Դա նաև տեղի ակտիվիստների՝ իրավիճակը դեպի լավը փոխելու պատրաստակամության և վստահության ցուցիչն է: Դատական գործընթացները կարող են նպաստել հանքարդյունաբերության խնդիրների վրա ուշադրության կենտրոնացմանը ինչպես տարածաշրջանում, այնպես էլ՝ պետական մակարդակով: Մենք չենք բացառում հայցերի ներկայացում Մարդու իրավունքների Եվրոպական դատարան: Այդ դեպքում գործընթացներին կներգրավվի նաև միջազգային հանրությունը»,- նշեց նա:

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930