Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի մասնավոր հատվածը կօգտվի «կանաչ» ֆինանսավորման նոր ռեսուրսներից

Հունիս 30,2021 16:27

ՎԶԵԲ-ը, ԵՄ-ն, ԿԿՀ-ն ընդլայնում են Հայաստանում ՓՄՁ-ների ֆինանսավորումը

  • ՎԶԵԲ-ը աջակցում է Հայաստանի մասնավոր հատվածին՝ տեխնոլոգիաները ԵՄ չափանիշներին համապատասխանեցնելու նպատակով
  • Ֆինանսավորումը կօգնի ՓՄՁ-ներին ներդրումներ կատարել կլիմայի փոփոխության մեղմման և կանաչ տեխնոլոգիաների ոլորտում
  • Վարկեր, որոնք համալրված են ԵՄ-ի և Կանաչ կլիմայի հիմնադրամի կողմից տրամադրվող տեխնիկական խորհրդատվությամբ և խրախուսական դրամաշնորհով

Հայաստանի մասնավոր հատվածը կօգտվի կանաչ ֆինանսավորման նոր ռեսուրսներից՝ շնորհիվ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ), Եվրամիության (ԵՄ) և Կանաչ կլիմայի հիմնադրամի (ԿԿՀ) կողմից համատեղ մշակված՝ 10 միլիոն ԱՄՆ դոլարի չափով ֆինանսական փաթեթի, որի նպատակն է հեշտացնել մասնավոր հատվածի անցումը դեպի ավելի կայուն, ցածր ածխածնային և կլիմայադիմակայուն տնտեսություն:

Ֆինանսավորման փաթեթը տրամադրվում է  ԱԿԲԱ Բանկի կողմից, ՎԶԵԲ-ի՝ Կանաչ տնտեսությունների ֆինանսավորման ծրագրի (ԿՏՖԾ-GEFF) և «ԵՄ-ն՝ բիզնեսի համար​»-ՎԶԵԲ վարկային գծի ներքո՝ խթանելով տեղական ձեռնարկություններին վարկերի տրամադրումը, որպեսզի վերջիններս ներդրումներ կատարեն կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականության համար, ինչպես նաև արդիականացնեն տեխնոլոգիաներն ու ծառայությունները ԵՄ չափանիշներին համապատասխանելու նպատակով` միաժամանակ խթանելով կանաչ տեխնոլոգիաների օգտագործումը:

«ԵՄ-ն՝ բիզնեսի համար»-ՎԶԵԲ վարկային գիծն օգնում է տեղական ընկերություններին բարձրացնել իրենց չափանիշները, արդիականացնել արտադրությունը, բարելավել աշխատանքային պայմանները և խթանել մրցունակությունը տեղական և միջազգային շուկաներում: Ցանկացած վարկի առնվազն 70 տոկոսը կֆինանսավորի կանաչ տեխնոլոգիաներում ներդրումները: Վարկառուների համար հասանելի են նաև խրախուսական դրամաշնորհներն ու տեխնիկական խորհրդատվությունը, որոնք ֆինանսավորվում են Եվրամիության կողմից «ԵՄ-ն՝ բիզնեսի համար» նախաձեռնության ներքո:

ՎԶԵԲ-ի՝ Կանաչ տնտեսությունների ֆինանսավորման ծրագիրն աջակցում է ձեռնարկություններին և անշարժ գույքի սեփականատերերին, ովքեր ցանկանում են ներդրումներ կատարել կանաչ տեխնոլոգիաներում: Ֆինանսավորում կստանան այն ծրագրերը, որոնք ներառում են ներդրումներ այնպիսի տեխնոլոգիաներում, ինչպիսիք են ջերմամեկուսացումը, ֆոտոգալվանային արևային վահանակները, գեոթերմալ ջերմային պոմպերը և ջրարդյունավետ ոռոգման համակարգերը: Ծրագիրը ներառում է նաև տեխնիկական խորհրդատվության համապարփակ փաթեթ, որը կօգնի հայտնաբերել և ստուգել կանաչ ներդրումների համար հնարավորությունները: Բիզնեսները կարող են պարզել, թե որ կանաչ տեխնոլոգիաներն են հասանելի Հայաստանում՝ ԿՏՖԾ Տեխնոլոգիայի ընտրիչի միջոցով։

ԿԿՀ-ն կաջակցի ծրագրին կարողությունների զարգացման և իրականացման միջոցով՝ միևնույն ժամանակ տրամադրելով խրախուսական դրամաշնորհներ մասնակցության իրավունք ունեցող՝ կանաչ ծրագրերի համար:

Հայաստանում ՎԶԵԲ-ի ղեկավար Դիմիտրի Գվինդաձեն ասել է. «Մասնավոր հատվածի տեխնոլոգիական արդիականացման խրախուսումը և աջակցությունը կբարելավեն մրցունակությունը և ունեն արտահանման հնարավորությունները էլ ավելի խթանելու պոտենցիալ: ԱԿԲԱ Բանկը մեր երկարաժամկետ հաճախորդներից է և ազդեցիկ գործունեություն է ծավալում ամբողջ երկրում: Մենք հանձնառու ենք օժանդակել ընկերություններին, որպեսզի նրանք բարելավեն իրենց ստանդարտները և հաջողությամբ աշխատեն ի շահ Հայաստանի տնտեսության»:

«ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության ֆինանսավորմամբ ստեղծված գործիքի նպատակն է աջակցել հայաստանյան ՓՄՁ-ներին՝  տալ բարձր հավելյալ արժեք և նպաստել նրանց մրցունակության և արդյունավետության բարձրացմանը՝ ԵՄ-Հայաստան «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի» դրույթներին համահունչ։ ԵՄ-ն հանձնառու է աջակցելու հայաստանյան մասնավոր հատվածի «կանաչ» վերափոխմանը և դրա՝ արժեշղթաների Եվրոպական ցանցին ինտեգրմանը», նշել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը։

ԱԿԲԱ Բանկը Հայաստանի առաջատար բանկերից մեկն է, որն առաջարկում է ծառայությունների ամբողջական փաթեթ անհատ հաճախորդներին և փոքր ու միջին ձեռնարկություններին (ՓՄՁ): Ակտիվների առումով այն Հայաստանի 4-րդ խոշորագույն բանկն է, և գերիշխող դիրք ունի գյուղատնտեսության ոլորտի և գյուղական բնակավայրերի միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների վարկավորման գործում:

ԿՏՖԾ (GEFF) ծրագիրն օգնում է Հայաստանում կառուցել կանաչ տնտեսություն՝ աջակցելով կանաչ ֆինանսավորման ընդլայնմանը, համաձայն ՎԶԵԲ-ի՝ Անցում դեպի կանաչ տնտեսություն (GET) մոտեցմանը։

ՎԶԵԲ-ը Հայաստանում առաջատար ինստիտուցիոնալ ներդրող է: Մինչ օրս Բանկը Հայաստանում ներդրել է ավելի քան 1,51 միլիարդ եվրո 189 ծրագրերում՝ ֆինանսական, կորպորատիվ, ենթակառուցվածքային և էներգետիկայի ոլորտներում, ընդ որում ներդրումների 88 տոկոսը բաժին է ընկնում մասնավոր հատվածին։

ՎԶԵԲ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930