Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժամանակն է՝ միջազգային հանրությունը դադարի քաջալերել բռնապետ Ալիևին». 7 հայ ռազմագերիների մասով դիմում է ներկայացվել Եվրոպական դատարան

Հունիս 30,2021 15:53

Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնը, համագործակցաբար Վաշինգտոնում տեղակայված Արդարության և մարդու իրավունքների հայկական կենտրոնի հետ, ևս 7 հայտ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ խնդրելով «ժամանակավոր միջոց կիրառել» 2020թ․ նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումներով գերեվարված հայ զինծառայողների գործերով։

«Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիներին այդպիսին չճանաչելու շարունակական քաղաքականությունը մարդկային կյանքի նկատմամբ այլասերված վերաբերմունքի օրինակ է: Ժամանակն է, որ միջազգային հանրությունը դադարի քաջալերել բռնապետ Ալիևին և պահանջի, որպեսզի Ադրբեջանը կատարի 1949թ. ընդունված Ժնեւյան կոնվենցիայի  պարտավորությունները»,- ընդգծում է Արդարության և մարդու իրավունքների հայկական կենտրոնի ղեկավար, Հայ դատի երկարամյա գործիչ Քեն Խաչիկյանը։

«Ժամանակավոր միջոց» կիրառելու համար հայ գերիների մասին շարունակական վկայություններ հավաքագրելով՝ հիշյալ կենտրոնների դիմումները ՄԻԵԴ-ին առաջին քայլն է` ստիպելու Ադրբեջանին՝ որպես այդպիսին ճանաչել հայ ռազմագերիներին։ Դա նաև հնարավորություն կտա միջազգային մարդասիրական կազմակերպություններին, հատկապես՝ Կարմիր խաչի միջազգային կազմակերպությանը, մուտք գործելու գերեվարված անձանց մոտ։

Երեւանում եւ Վաշինգտոնում տեղակայված երկու իրավապաշտպան կազմակերպությունների համագործակցության արդյունքում Մարդու իրավունքների եվրոպական դատարան են ներկայացվել շուրջ հարյուր հայ ռազմագերիների վերաբերյալ գործեր։ Վերջերս, նույն համագործակցությամբ, հնարավոր էր եղել տեղեկություններ հավաքել Ադրբեջանի կողմից պահվող շուրջ 90 հայ գերիների վերաբերյալ։

Իրավապաշտպան կենտրոնները շարունակելու են հետամուտ լինել շուրջ հարյուր հայ գերիների ազատ արձակմանն ու նրանց կյանքի իրավունքի պաշտպանությանը։

ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930