Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Առայժմ վեճեր կան պահվող անձանց կարգավիճակի վերաբերյալ. ԿԽՄԿ նախագահ

Հունիս 30,2021 15:37

Լեռնային Ղարաբաղի պատերազմից հետո գերեվարված անձանց հարցում կա առաջընթաց, գերիները տուն են վերադառնում, սակայն առայժմ տարաձայնություններ կան որոշ պահվող անձացն կարգավիճակի վերաբերյալ: Այս մասին ռուսական «Իզվեստիա» թերթի հետ զրույցում հայտարարել է Կարմիր խաչի միջազգային կազմակերպության (ԿԽՄԿ) նախագահ Պետեր Մաուրերը:

«Գրանցվել է առաջընթաց, գերիները տուն են վերադառնում: Միաժամանակ դեռ վեճեր կան որոշ կալանավորվածների շուրջ՝ արդյոք նրանք համարվում են ռազմագերի, ինչ կարգավիճակ ունեն և արդյոք կարող են վերադառնալ: Մենք շարունակում ենք զբաղվել այդ հարցերով»,- ասել է նա: Մաուրերի խոսքով՝ Կարմիր խաչն ուղիղ հասանելիություն ունի ձերբակալվածներին:

«Ադրբեջանի կառավարությունը մեզ տեղեկացրել է, որ… տարաձայնություններ կան հայկական կողմի հետ (կալանավորվածների-խմբ.) կարգավիճակի հարցում: Այդ խնդիրը Բաքուն և Երևանը պետք է միմյանց միջև կարգավորեն: Մենք կարող ենք կիսվել մեր փորձով, կարող ենք ինչ-որ բան խորհուրդ տալ, բայց համապատասխան կառավարությունները պետք է վերջնական կարգավիճակն իրենք սահմանեն և որոշեն: Մենք կապի մեջ ենք երկու կողմերի հետ էլ: Եվ հույս ունեմ, որ ապագայում կհաջողվի լուծում գտնել Հայաստանում և Ադրբեջանում պահվող բոլոր անձանց խնդիրներին»,- ասել է Մաուրերը:

Անդրադառնալով Ադրբեջանում կալանավորված հայերի պահման պայմաններին՝ Մաուրերը նշել է, որ իրենք հրապարակային գնահատական այդ հարցի վերաբերյալ չեն տալիս. «Մենք այցելում ենք, որպեսզի գնահատենք մարդկանց պահման պայմանները, բայց, ինչպես դուք գիտեք, դա ԿԽՄԿ-ի համար կոնֆիդենցիալ գործընթաց է: Մենք գործակցում ենք տարածաշրջանի բոլոր իշխանությունների հետ, որպեսզի մեր նկատառումները հասցենք համապատասխան իշխանություններին, և առայժմ ավել բան չեմ կարող ասել»:

Խոսելով մարդասիրական հարցերի լուծման մասին՝ Մաուրերը նշել է, որ այս պահին իրենց բյուջեն մոտավորապես 4-5 անգամ ավելի մեծ է, քան նախորդ 27 տարիների ընթացքում: «Նախկինում մեր բյուջեն կազմում էր մոտ 10-11 մլն դոլար, իսկ հիմա մոտենում է 50 մլն դոլարի, և դա զգալիորեն ավելացնում է մեր ներկայությունը տարածաշրջանում: Մենք օգնում ենք տեղահանված անձանց, օգնում ենք մարդկանց, որոնք վերադառնում են: Ոչ պակաս կարևոր է մնում աշխատանքը՝ կապված երկու կողմերում կալանավորված անձանց այցելությունների և նրանց ընտանիքների հետ կապերի վերականգման հետ: Եթե անհրաժեշտություն առաջանա և ստեղծվեն հնարավորություններ, մենք, հավանական է, կշարունակենք ավելացնել մեր ներկայությունն այստեղ, բայց ավելի դանդաղ տեմպերով, քանի որ շատ դժվար է ֆինանսավորում գտնել այդ գործողությունների համար»,- ասել է նա:

Մաուրերը նաև խոսել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ իր վերջին հանդիպումից:
«Մենք քննարկել ենք բոլոր այն հակամարտությունները, որոնց շուրջ մեր շահերը մարդասիրական հարցերի շուրջ համընկնում են: Մենք շատ սերտ գործակցում ենք ՌԴ Պաշտպանության նախարարության հետ Լեռնային Ղարաբաղի հարցում, ռուս զինվորականների և խաղաղապահների հետ, որոնք այնտեղ տեղակայված են»,- ասել է նա:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930