Հունիսի 29-ին ՀՀ գլխավոր դատախազությունից Քր. դատ. օրենսգրքի 180-181 հոդվածով նյութեր նախապատրաստելու նպատակով ոստիկանության կենտրոնական բաժին ստացվել է Արմեն Գրիգորյանի դիմումը, որ Ա. Սպենդարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն ՊՈԱԿ-ի տնօրեն Հարրի Կոնստանտին Օրբելյանը նշանակվել է ԱՄՆ-ի Նյու-Յորքի քաղաքային օպերայի երաժշտական տնօրեն և դիրիժոր՝ համատեղությամբ կատարելով երկու աշխատանքները, ինչի առնչությամբ նախապատրաստվում են նյութեր:
Aravot.am-ը թեմայի վերաբերյալ մեկնաբանություն խնդրեց Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնից: Թատրոնի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հետեւյալը հայտնեցին. «Կոնստանտին Օրբելյանը Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնում նշանակվել է 4 տարի ժամկետով 2017 թվականի օգոստոսի 3-ից մինչև 2021 թ. օգոստոսի 3-ը՝ միաժամանակ շարունակելով զբաղեցնել թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը, որը բնույթով ստեղծագործական աշխատանք է: Այս տարվա հունիսին Կոնստանտին Օրբելյանը նշանակվել է Նյու Յորքի քաղաքային օպերայի երաժշտական ղեկավար և գլխավոր դիրիժոր, որտեղ աշխատանքները կմեկնարկեն օգոստոսի 4-ից: Բացի այդ նշված պաշտոնները ևս ստեղծագործական են և համատեղելի տնօրենի պաշտոնի հետ»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ