«2020 թվականն Արցախի համար ծանրագույն տարի էր՝ հաշվի առնելով ադրբեջանա-թուրքական զինված ագրեսիան, դրա հարուցած մարդկային կորուստները և Քովիդ-19 համավարակը։ Բացի պաշտպանության ոլորտից՝ սրանք իրենց ծանր հետևանքներն են ունեցել նաև Արցախի արտաքին քաղաքականության վրա»,- այս մասին այսօր Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի լիագումար նիստում հայտարարեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ ամփոփելով Արցախի նախագահի վերջին տարվա գործունեության արդյունքները։
Նախագահի հավաստմամբ՝ պատերազմի ընթացքում օգտագործվել են դիվանագիտական բոլոր ուղիները․ բազմաթիվ նամակներ են ուղղվել հարյուրից ավելի պետություններին՝ Արցախի անկախության ճանաչման հայցով։ Նա ասաց, որ նոյեմբերի 10-ից հետո բոլոր դիվանագիտական ջանքերն ուղղել են գերիների վերադարձի խնդրին և եռակողմ հայտարարության արդյունքում Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային արժեքների պահպանմանը ։ Այս մասով նամակներ են ուղղվել մարդու իրավունքների և մշակութային ժառանգության հարցերով զբաղվող միջազգային կազմակերպություններին։
Արայիկ Հարությունյանը մասնավորապես նշեց․ «Այս պահին Արցախի Հանրապետության արտաքին քաղաքականության նպատակն է Արցախի տարածքային ամբողջականության վերականգնումը, բռնի տեղահանված արցախցիների վերադարձն իրենց հայրենիք, Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը»։
Անդրադառնալով սոցիալական ոլորտին՝ Արցախի նախագահը նշեց, որ պետությունը շարունակելու է զոհված, վիրավորում ստացած զինծառայողների սոցիալական աջակցության ծրագրերը։ Նա նաև հավելեց, որ պետության ուշադրության կենտրոնում կշարունակեն մնալ մոր և մանկան առողջության հիմնախնդիրները։
Կարդացեք նաև
Նելլի Գրիգորյան