Արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է Հայաստանում Ճապոնիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուսիմա Մասանորիին:
Ռուստամ Բադասյանը ողջունել ու շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և հաջողություն մաղթել երկու պետությունների միջև հարաբերությունների զարգացման գործում:
Դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ Ճապոնիայի կառավարությունը բարձր է գնահատում Ռուստամ Բադասյանի մասնակցությունը այս տարվա մարտին Ճապոնիայում տեղի ունեցած ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 14-րդ կոնգրեսին։ Դեսպան Ֆուկուսիմա Մասանորիի խոսքով՝ Հայաստանն ու Ճապոնիան պետք է ավելի սերտացնեն հարաբերությունները, քանի որ ինքը տեսնում է դրա ներուժը՝ հատկապես բարձր տեխնոլոգիաների և մշակութային ոլորտներում և, չնայած կառուցվածքային ու համակարգային տարբերություններին՝ նաև դատաիրավական ոլորտում։
Ռուստամ Բադասյանը շնորհակալություն է հայտնել Ճապոնիայի կառավարությանը՝ Արցախյան պատերազմի հետևանքները չեզոքացնելու նպատակով Հայաստանին տրամադրած 3,6 մլն դոլար հումանիտար օգնության համար և անդրադարձել Կոնգրեսի մասնակցության արդյունքներին ու ճապոնացի գործընկերոջ հետ հանդիպման ընթացքում քննարկած համագործակցության լայն օրակարգին, մասնավորապես՝ պրոբացիայի և քրեակատարողական ոլորտներում Ճապոնիայի լավագույն փորձը Հայաստանում ներդնելու հնարավորությանը։
Կարդացեք նաև
Հանդիպման ավարտին կողմերն անձնական ներդրման պատրաստակամություն են հայտնել՝ ի շահ Հայաստան-Ճապոնիա հարաբերությունների զարգացման։
ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի վարչություն