Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Չի եղել Պաշտպանության նախարարի կողմից որևէ գրություն, որևէ հայտ, որևէ առաջարկություն, որը մեր կողմից չի բավարարվել»․ Արայիկ Հարությունյան

Հունիս 30,2021 14:06

«2020 թվականն Արցախի համար ծանրագույն տարի էր՝ հաշվի առնելով ադրբեջանա-թուրքական զինված ագրեսիան, դրա հարուցած մարդկային կորուստները և Քովիդ-19 համավարակը։ Պետական կառավարման և տնտեսության վրա ազդեցություն են ունեցել նաև անցյալ տարվա համապետական ընտրությունները»,- այս մասին այսօր Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի լիագումար նիստում հայտարարեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ ամփոփելով Արցախի նախագահի վերջին տարվա գործունեության արդյունքները։

Նա նշեց, որ Արցախի համար կարևորագույն նշանակություն ունի պաշտպանության համակարգը, որը մեծապես տուժել է 44-օրյա պատերազմի հետևանքով։ Նրա պնդմամբ՝ նախագահը պաշտպանության ոլորտում ունի խիստ սահմանափակ լիազորություններ, բայց նույնիսկ այդպիսով ինքն իրականացրել է աջակցող գործառույթ՝ մշտապես բավարարելով ռազմական հրամանատարության հայտերը․ «Հաճախ են եղել այցելություններ առաջնագիծ՝ փորձելով տեղում պարզել ներքին խնդիրները և հասկանալ այդ խնդիրները կառավարության կողմից լուծելու հնարավորությունները։ Չի եղել պաշտպանության նախարարի կողմից որևէ գրություն, որևէ հայտ, որևէ առաջարկություն, որը մեր կողմից չի բավարարվել»։

Արայիկ Հարությունյանը հայտնեց, որ իր լիազորությունների ստանձնման առաջին իսկ օրվանից ձեռնամուխ է եղել առաջնագծի կահավորմանը, հանդես է եկել նախաձեռնողականությամբ։ Նա խոստովանեց, որ ահռելի աշխատանք է կատարվել նաև մինչև իր իշխանությունը, իսկ ինքը շարունակել է այդ աշխատանքները, և հաջողել է մինչև պատերազմի սկիզբն իրականացնել մի շարք կարևոր առաջնագծային կահավորումներ։

Արցախի նախագահի խոսքով․ «Սեպտեմբերի 27-ին պաշտպանության նախարարի հետ պետք է այցելեինք առաջնագիծ՝ շինարարական աշխատանքներին ծանոթանալու նպատակով, իսկ արդեն ամսի 28-ին նախատեսել էինք խորհրդակցություն՝ արդյունքներն ամփոփելու նպատակով։ Ցանկանում եմ նշել, որ այդ օրերին պաշտպանության նախարարից ստացել էի գրություն՝ շինարարական քարով ապահովելու վերաբերյալ։ Մեր ներուժն այդ պահին բավարար չէր, դրա համար Հայաստանից ներմուծել ենք 150․000 տուֆ քար՝ որպեսզի բավարարենք առաջնագծի բոլոր պահանջմունքները»։

Արայիկ Հարությունյանը փաստեց, որ պետական կառավարման համակարգի բոլոր մարմինները պատերազմի ժամանակ հաջողությամբ իրականացրել են իրենց լիազորությունները, իսկ ինչ վերաբերվում է թույլ տրված բաց թողումներին և սխալներին, ապա, նախագահի խոսքով, դրանք ենթակա են առանձին և խորը վերլուծության։ Նա նաև նշեց, որ արդեն իսկ ստեղծվում են զինված ուժերի պատշաճ և արդյունավետ համալրմանն ուղղված իրավական, օրենսդրական հիմքեր։

Պաշտպանության ոլորտի վերաբերյալ իր դիտարկումները Արայիկ Հարությունյանն ամփոփեց հետևյալով․ «Ուզում եմ տեղեկացնել, որ պատերազմյան և հետպատերազմյան շրջանի վերաբերյալ հանրությանը հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանները կտրվեն այդ առթիվ հարուցված քրեական գործերի շրջանակներում»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930