Լրահոս
Օրվա լրահոսը

Պրոֆեսիոնալ բանակի անցնելու եւ ժամկետային զինծառայության տեւողությունը կրճատելու վերաբերյալ այս պահին ամեն ինչ անհասկանալի է. «Հայկական ժամանակ»

Հունիս 30,2021 09:30

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է, որ Հայաստանում իրականացվող բանակի բարեփոխումների արդյունքում ժամկետային պարտադիր զինծառայության ժամկետը երկու տարուց կարող է դառնալ մեկուկես տարի: Նա նշել է, որ բանակում բարեփոխումների շուրջ վերջին վեց ամսվա ընթացքում լայնածավալ աշխատանքներ են կատարվել: Գրիգորյանի խոսքով՝ Հայաստանի բանակը ժամանակի ընթացքում պետք է դառնա պրոֆեսիոնալ, ինչի համար որոշակի ժամանակ է պետք:

Ռազմական մեկնաբան Դավիթ Հարությունովի կարծիքով՝ պրոֆեսիոնալ բանակի անցնելու եւ ժամկետային զինծառայության տեւողությունը կրճատելու վերաբերյալ այս պահին ամեն ինչ անհասկանալի է, քանի որ հստակ չի նշվում, թե դա ինչ կերպ է լինելու. «Այդ գործընթացի չափանիշները շատ կարեւոր են, որպեսզի կարողանանք հասկանալ, թե ինչքանով դա էֆեկտիվության վրա կազդի եւ ինչպես»:

Նա ասաց, որ այս պրոցեսը երկար է, քանի որ ռազմատեխնիկան բարդացել է եւ անգամ 2 տարին կարճ ժամանակահատված է սովորելու համար: Իսկ պրոֆեսիոնալ բանակի պարագայում՝ մարդիկ երկար են սովորում եւ հնարավորություն ունեն ձեռք բերել անհրաժեշտ հմտությունները:

Ըստ նրա՝ ժամկետային ծառայությունը կրճատելու 3 տարբերակ կա.

Տարբերակներից մեկն այն է, երբ կա հսկայական տեխնոլոգիական առավելություն հակառակորդի նկատմամբ ու այդ պարագայում կարելի է գնալ ժամկետների կրճատման՝ չվախենալով, որ դա կբերի վատ հետեւանքների:

Մյուս տարբերակը՝ եթե ցածր է ռազմական վտանգի մակարդակը եւ կարելի է գնալ ժամկետի կրճատման:

«Երրորդ տարբերակը՝ երբ կան ուժեղ ու շատ պատրաստված զորամիավորումներ, որոնք պրոֆեսիոնալ են ու կան որոշակի քանակի զորամասեր, որոնք կարճ ծառայություն են անցնում եւ նրանք ռեզերվի խնդիր են լուծում: Մոտավորապես նման մոդել հիմա ունեն ռուսական զինված ուժերը: Նրանց բանակի մի մասը պրոֆեսիոնալ է ու կա ժամկետային ծառայություն 1 տարի ու նրանք կարողացել են գնալ դրան, որովհետեւ ունեն հիմնական հարվածային կորիզը՝ պրոֆեսիոնալ բանակը»,- ասաց Հարությունովը:

Հարությունովի կարծիքով՝ պետք է մեխանիզմներ լինեն, որպեսզի կոմպենսացվի ժամկետային ծառայության կրճատումը. «Սրանք տարբերակներ են, բայց հիմնական կոնցեպտը մնում է անհայտ»:

Նիկոլայ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930