Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Պոնչոն» բողոքարկում է իր նկատմամբ կիրառված համաներումը եւ պահանջում լիովին արդարացնել իրեն

Հունիս 30,2021 14:00

Ինչպես արդեն տեղեկացրել եմ, ճանաչված դերասան Վահագն Սիմոնյանին՝ «Պոնչոյին» Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր՝ Գագիկ Պողոսյան) այս տարվա մարտի 15-ին դատապարտել էր 4 տարի ժամկետով ազատազրկման: Միաժամանակ, «Էրեբունի-Երեւանի հիմնադրման 2800-ամյակի եւ Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» 01.11.2018թ. ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ Վահագն Սիմոնյանին դատարանն ազատել էր պատժից, նրա նկատմամբ կիրառված խափանման միջոցը` չհեռանալու մասին ստորագրությունը վերացրել էր:

Վահագն Սիմոնյանն իր ազատազրկման, հետո համաներման մասին տեղեկացել էր «Առավոտից» (մարտի 25, ««Պոնչոյի» «փախուստը» դատարանից»):

Նա դիմել էր վերաքննիչ քրեական դատարան՝ պահանջելով բեկանել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով 4 տարի ժամկետով ազատազրկման դատավճիռը, եւ խնդրում էր ճանաչել ու հռչակել իր՝ Վահագն Սիմոնյանի անմեղությունը կամ գործն ուղարկել նույն դատարան՝ այլ կազմով նոր քննության:
Երեկ դատավորներ Տիգրան Սահակյան, Ռուբիկ Մխիթարյան, Արմեն Բեկթաշյան կազմով նշանակվել էր բողոքի քննությունը:
Հիշեցնեմ, որ Վ. Սիմոնյանը իրեն դատարանում մեղավոր չի ճանաչել:

Նա հայտնել էր, որ ինքը եւ իր քաղաքացիական գործով փաստաբան Գեւորգ Մարտիրոսյանը ալիմենտի եւ այլ գույքային հարցերի հետ կապված 2015թ. օգոստոսի 24-ին՝ ժամը 19:45-ի սահմաններում, գնացել են իր աներոջ տուն, որը գտնվում է Երեւան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի 36բ շենքում: Շենքի բակում հանդիպել է տուժող, աներոջ հարեւան Ռուբեն Գալստյանին եւ նրան հարցրել է, թե արդյոք տեսե՞լ է իր երեխաներին: Վերջինս հարցին պատասխանել է, որ մոտ երկու օր առաջ տեսել է նրանց աներոջ հետ զբոսնելիս: Այդ ժամանակ ինքը վրդովվել եւ ասել է. «Էդ ինչ մարդ ա, շատ վատ մարդ ա, չի թողնում երեխաներիս տեսնեմ»: Ապա վեճ է սկսվել նրանց միջեւ, Ռ. Գալստյանը հանկարծակի հարվածել է իր դեմքին, ինչի պատճառով մեջքի վրա ընկել է գետնին, արնահոսել եւ կորցրել է գիտակցությունը: Մոտ 10 րոպե գիտակցությունը կորցրած եւ արնաշաղախ պառկած է եղել գետնին: Դրանից հետո, Դավիթ անունով մի անձնավորություն քարով խփել է իր կոտրված գլխին: Փաստաբան Գ. Մարտիրոսյանը դատարանում իր տված ցուցմունքի համաձայն, նույնպես փորձել է Վահագնին ուշքի բերել, շտապօգնություն կանչել, իսկ տուժող Ռ.Գալստյանը չի թողել, որպեսզի նա շտապօգնություն զանգահարի, ասելով՝ «թողեք, թող մեռնի»: Ռ. Գալստյանը ստիպողաբար Գ. Մարտիրոսյանին նստեցրել է վերջինիս ավտոմեքենան եւ ստիպել է վարել մեքենան դեպի «Փեթակի» հետնամասի պահեստների մոտ:

Դեպքի վայր են ժամանել ոստիկաններ: Նրանք Գ. Մարտիրոսյանից հարցրել են, թե ինչ արյան հետքեր են վերնաշապիկի վրա: Փաստաբանը պատասխանել է, որ ընկերոջ արյունն է, ում փորձել է փրկել: Ոստիկանները չեն պաշտպանել Վահագնին այն ժամանակ, երբ նրան հարվածել է տուժողը, նրա ընկերը:

Ի վերջո, բոլորին տարել են ոստիկանության Էրեբունու բաժին: Այնտեղ է ժամանել շտապօգնությունը եւ Վահագնին տարել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց, սակայն ինքը չի մտել հիվանդանոց: Մինչդեռ դերասանին մեղադրանք էին առաջադրել, որ նա դեպքի օրն սթափ վիճակում չի եղել, ավելին՝ իր ձեռքի էլեկտրահարող սարքով մարմնական վնասվածք է հասցրել Ռ. Գալստյանին:

Տուժողի որդին էլ հայտնել էր, որ երբ գտնվել է իրենց թաղամասում, քույրը՝ Դիանան, զանգել է իրեն եւ լացակումած ձայնով ասել, որ շտապ գնա բակ. «Շտապելով բակ, նկատել է, որ Վահագն Սիմոնյանը վիճաբանում է իր հոր՝ Ռուբեն Գալստյանի հետ եւ իրենց հասցեին տալիս է սեռական բնույթի հայհոյանքներ: Տեսել է, որ նա դեպի գլխավոր փողոց գնալու ճանապարհին գետնից վերցրած քարով հարվածել է հոր գլխին, ինչն էլ տեսնելով, հարձակվել է նրա վրա, սակայն Վահագնը ձեռքին եղած էլեկտրահարող սարքով վախեցրել է իրեն եւ ինչպես ինքը, այնպես էլ հայրը չեն կարողացել այդ սարքը նրա ձեռքից վերցնել…ինքը եւ հայրը նորից փորձել են վերցնել նրա ձեռքի էլեկտրահարող սարքը, ինչի հետեւանքով քաշքշուկ է նորից առաջացել: Դրանից հետո ոստիկաններն իրենց ուղեկցել են ոստիկանության Էրեբունու բաժին»:
Վկա Դիանա Գալստյանը հայտնել էր. «Եղբորը զանգել է ամենավերջում եւ եղբայրը հասել է այն պահին, երբ ոստիկաններն արդեն եկել էին: Քարով հարվածելու եւ էլեկտրահարելու պահը հստակ տեսել է պատուհանից»:

Հիշեցնեմ «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի բժիշկ Վարդան Գասպարյանի ցուցմունքը: Դեպքի օրը, ըստ նրա, Վահագն Սիմոնյանին ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնի բակից, որտեղ վերջինս կանգնած ծխելիս է եղել, տեղափոխել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Նա Վ. Սիմոնյանին զննել է, նրա ճակատային հատվածում հայտնաբերվել է այտուց: Այլ վնասվածքներ չեն եղել, եւ եթե հիվանդի մոտ այլ վնասվածքներ նկատեր, ապա համապատասխան միջամտություն պետք է կատարեր: Հիվանդի գլխի հետեւի հատվածում տեղայնացված արյունահոսող վնասվածք հայտնաբերելու դեպքում այն կարձանագրվեր:

Մինչդեռ, փաստաբան Գեւորգ Մարտիրոսյանի ցուցմունքի համաձայն՝ դեպքի օրվա նկարագրությունը հետեւյալն է. «Բակում՝ ավտոտնակների մոտ, հանդիպել են տուժող Ռուբեն Գալստյանին, ով այդ պահին եղել է կնոջ ու դստեր հետ: Նրանց Ռ.Գալստյանն ասել է, որ բարձրանան վերեւ, իսկ ինքը քիչ անց կգնա: Վ. Սիմոնյանը տուժողին հարցրել է, թե արդյոք տեսե՞լ է իր երեխաներին: Ռ.Գալստյանը պատասխանել է, որ այո, տեսել է, մոտ 2 օր առաջ նրանք զբոսնել են Վ. Սիմոնյանի աներոջ հետ: Այդ ժամանակ Վ. Սիմոնյանը վրդովված ասել է, թե նա ինչ վատ մարդ է, չի թողնում, որ ինքը տեսնի երեխաներին: Այդ պահին Ռ.Գալստյանը շատ ագրեսիվ կերպով հարձակվել է Վ. Սիմոնյանի վրա, հայհոյել է նրան ու հարվածել: Այդ ժամանակ ամբաստանյալն ընկել է գետնին՝ հողոտ հատվածում, սակայն ոչ թե հարվածի պատճառով, քանի որ այն թույլ է եղել, այլ հրելու եւ հավասարակշռությունը կորցնելու հետեւանքով: Վահագնին փորձեցի տանել իր մեքենայի մոտ, որպեսզի տուժողը չշարունակի հարվածել: Երբ փորձեցինք մոտենալ ցայտաղբյուրին, որ Վ. Սիմոնյանը ջուր խմի, այդ ժամանակ Ռ. Գալստյանը ոտքերով ու ձեռքերով մի քանի ուժգին հարվածներ հասցրեց Վ. Սիմոնյանին, որից նա արնաշաղախ ընկավ գետնին ու գիտակցությունը կորցրեց: Այդ ժամանակ ինձ մոտեցան ենթադրաբար տուժողի կինը, դուստրը, Դավիթ անունով մի անձ, որից հետո նաեւ տուժողի որդին: Իրեն քաշքշել են եւ չեն թողել, որ Վ. Սիմոնյանին օգնություն ցույց տամ, զանգեմ շտապօգնություն»: Ապա՝ «Վահագնը վատ էր զգում, խնդրում էր ջուր: Դեպքի վայրից 10 մետր հեռավորության վրա կար ցայտաղբյուր եւ ես փորձ արեցի, որպեսզի ջուր հասցնեմ Վահագնին, սակայն հետեւեց տուժողի՝ 90 աստիճանի անկյան տակ երկրորդ հարվածը, ինչից Վահագնը ընկավ ցած: Տուժողը հարվածում էր ձեռքերով, ոտքերով եւ Վահագնն արդեն խռխռացնում էր, ուշքի չէր գալիս, իսկ այդ ընթացքում եկել էին տուժողի ընտանիքի անդամները: Մի կերպ, երբ տեսա, որ Վահագնը կենդանության նշաններ է ցույց տալիս, զանգեցի շտապօգնություն: Տուժողը գոռում էր՝ դու մեռար, քո գերեզմանը փորեցիր, դու սպանվեցիր: Իր կամքից անկախ՝ Վահագնը չսպանվեց»:

Փաստաբանը ոստիկանին պատմել է այն, ինչ կատարվել է, ով վերցնելով իր տվյալները, ասել է, որ հետագայում կկանչեն: Երբ բաժնից դուրս է եկել, տեսել է, որ Վ. Սիմոնյանը վատ վիճակում սյունին հենված կանգնած է: Հինգ րոպե չանցած ժամանել է շտապօգնությունը եւ բժիշկները տեսնելով, որ ամբաստանյալի գլխին վնասվածք կա, ասել են, որ շտապ պետք է նրան տեղափոխեն հիվանդանոց: Ինքն իր մեքենայով գնացել է շտապօգնության մեքենայի հետեւից: Հասնելով տեղ՝ տեսել է, որ թիվ 1 հիվանդանոցի բակում Վ. Սիմոնյանին օգնություն են ցույց տալիս: Կին բժիշկն ասել է, որ վնասվածքը շատ ծանր է, ուղեղի ցնցում է ստացել ամբաստանյալը եւ շտապ անհրաժեշտ է նկարել գլուխն ու մշակել վերքը, սակայն Վ. Սիմոնյանը հրաժարվել է օգնությունից: Բժիշկներն իրեն խնդրել են համոզել Վ. Սիմոնյանին, սակայն նա չի համոզվել եւ անընդհատ ասել է, որ երեխաներին է ուզում տեսնել: Դրանից հետո բժիշկներն ստորագրելու համար թուղթ են տվել Վ. Սիմոնյանին, որ նա հրաժարվում է բուժօգնությունից: Այնուհետեւ, ինքն իր մեքենայով Վ. Սիմոնյանին տարել է նրա տուն, ինքն էլ գնացել է իր գործերով:
Վահագնի մոտ էլեկտրահարող սարք չի եղել: Կենտրոնի նստավայրում մոտ վեց տարի տեւած դատական քննության ժամանակ Վահանգը, նրա փաստաբանները խնդրում էին, որպեսզի հենց նրան ճանաչեն տուժող, այլ ոչ՝ Ռ. Գալստյանին:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
29.06.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930