Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հատուկ չեմ ձգտել տնօրեն լինել»

Հունիս 30,2021 13:30

Հարցազրույց դերասան, Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի երիտասարդական թատրոնի տնօրեն Արսեն Ազիզյանի հետ

– Շուրջ տասը տարի գլխավոր դերերով ձեզ հանդիպում ենք «Գոյ» բեմարվեստի ազգային փորձարարական կենտրոնում։ Ձեր կերտած կերպարները Պետեր Վայսի «Մարատ Սադ», Աղասի Այվազյանի «Դեկորներ», Վիլյամ Սարոյանի «Քարանձավի մարդիկ», Ջորջ Օրուելի «Անասնաֆերմա» ներկայացումներում, մանկական «Ծովահենների հեքիաթը» բեմադրության մեջ իրենց հոգեվիճակներով բացարձակ տարբեր են. մեկը՝ տրագիկ, մյուսը՝ կոմիկ, երրորդը… Դերասանի ձեր գործունեությանը դեռ կանդրադառնանք։ Վերջերս ստանձնել եք թատերական ինստիտուտի երիտասարդական թատրոնի տնօրենի պարտականությունները։ Սա ձեր երազա՞նքն էր, թե՞ տրամպլին՝ հետագայում…

– Այնպես չէ, որ ձգտել եմ տնօրենի պաշտոնին, եղավ առաջարկ՝ չհրաժարվեցի։ Պարզապես նպատակս է իմ աշխատանքով աջակցել երիտասարդներին։

– Դուք ինքներդ երիտասարդ եք, ինչպե՞ս է արտահայտվում ձեր աջակցությունը ըստ էության ձեր տարեկիցներին։

– Ուսանողական թատրոնում աշխատանքս մեծ հաշվով թատերական եռուզեռ, աշխուժություն ստեղծելն է։ Դրանում ես կասկած չունեմ, քանի որ մեր ինստիտուտում ուսանում են իսկապես շնորհալի երիտասարդներ, ովքեր մի քանի տարի անց մեր հասարակության ճաշակ թելադրողներն են։ Մյուս կողմից՝ իմ երիտասարդ լինելը, համոզված եմ, կօգնի աշխատանքին հենց թեկուզ այն պատճառով, որ տարեկիցներիս հետ «լեզու գտնելը» ավելի դյուրին է։

– Բայց հայ թատրոնի պատմությունից գիտենք, որ երիտասարդները գալիս են թատրոն, ընդամենը մի քանի տարի անց որոշներն իրենց պատկերացնում են արդեն «ասեր», ըմբոստանում են, «թռնում» տնօրենի կամ գլխավոր ռեժիսորի դեմքին։

– Այդ հարցի պատասխանը չունեմ, բայց ըմբոստությունը իրականում վատ բան չէ։ Ուղղակի պետք է հասկանալ՝ ինչի՞ն է ուղղված նման գործողությունը. հանո՞ւն, թե՞… Իսկ մեր իրականության մեջ, համոզված եմ, ընդհանրապես արվեստագետները ըմբոստանում են՝ ելնելով զուտ իրենց քաղաքական հայացքներից։ Իսկ ըմբոստ վիճակը, կոնկրետ դերասանի դեպքում, առաջանում է ստեղծագործական պրոցեսի ընթացքում։

– Նախկին տնօրեն Էրիկ Բարսեղյանի շուրջ տասը տարիների ժամանակահատվածում, մեր դիտարկմամբ՝ շարժ եղել է ուսանողական թատրոնում։ Հիմա դուք, ուղիղ ասած՝ ի՞նչ եք անելու, որ նախկինում չի արվել։

– Թատրոնը շնչող օրգանիզմ է եւ անընդհատ կատարելագործվող։ Նախկին տասը տարիները իրենց կանոններն են թելադրել։ Թույլ տվեք փակագծեր չբացել, ասել ընդամենը, որ Էրիկը պատվով է կատարել իր աշխատանքը։ Իսկ հիմա հետպատերազմական շրջան ենք ապրում, համավարակն էլ դեռ շարունակվում է… Այս պայմաններում պետք է էլ ավելի համախմբված ու պատասխանատու լինենք, ավելի շատ աշխատենք։ Փորձում եմ հյուրախաղերի, վարպետության դասընթացների, կարճ ասած՝ փորձի փոխանակման հնարավորություններն ավելացնել, ինչու ոչ՝ նաեւ արտերկրի թատրոնների հետ։ Մեր թատրոնը նախկինում, այսօր էլ շարունակում է հյուրախաղային գործունեություն ծավալել հանրապետության մարզերում։ Օրեր առաջ Գավառում էինք, ներկայացրինք «Տանգոmiamore» պարային ներկայացումը, օրերս էլ ավարտական համերգ էր, որտեղ զբաղված էին թատրոնի շնորհալի շրջանավարտները։ Մեր երկրում վերջին շրջանում տեղի ունեցած վայրիվերումներից հետո արթնանում ենք։ Բնականաբար, թատրոնը չունի տոմսային տնտեսություն, բայց իրականացրել ենք բարեգործական ներկայացումներ. հունվարից թատրոնի ճեմասրահում տեղադրել ենք հանգանակության արկղ, նպատակով՝ օգնել պատերազմում զոհված մեր ինստիտուտի 8 ուսանողների ընտանիքներին։ Ամենավերջինը օրերս վաստակավոր արտիստ Ժակլին Սարխոշյանի խորեոգրաֆիայով կայացած «Պատերազմը մանուկների աչքերով» պարային բեմադրությունն էր։ Արձակուրդներից հետո, նոր ուսումնական տարվանից կշարունակենք մեր բարեգործական ծրագրերը եւս։

– Հիմա գանք շուրջ տասը տարվա դերասանի ձեր գործունեությանը։ Ի տարբերություն մեկ-երկու պետական թատրոնների, «Գոյ»-ում, բացի թատրոնի գեղարվեստական ղեկավար Արթուր Սահակյանից, բեմադրություններ են իրականացնում հրավիրյալ ռեժիսորներ նույնպես, ընդ որում՝ բազմաթիվ։ Մի կողմից գեղարվեստական ղեկավարի նման աշխատաոճը ողջունելի է, մյուս կողմից, թեեւ հասկանալի է, բայց դերասաններիդ համար ռեժիսորների հաճախակի փոփոխությունը դժվարություններ չի՞ առաջացնում։ Գոնե «Առավոտը» մինչ այսօր «Գոյ»-ի հետ կապված ոչ մի կուլիսային խոսակցություն չի լսել։

– Վստահեցնում եմ՝ չեք էլ լսի։ «Գոյ»-ում երջանկահիշատակ Մազմանյանի արվեստանոցում ուսանած սաներն են։ Նա 4 կուրս ղեկավարեց (դասավանդեց 1998-ից մինչեւ 2014թ.)։ Առանց չափազանցության՝ «Գոյ»-ը ընտանիք է։ Դա չի նշանակում, թե տարաձայնություններ, բանավեճեր չեն լինում։ Իսկ եթե լինում են, ապա կրում են բացառապես ստեղծագործական բնույթ եւ արագ կարգավորվում են, լուծում ստանում։ Պրոֆեսորը մեր մեջ պարզապես սրտացավություն է ներարկել մեր աշխատանքի հանդեպ եւ սիրում էր կրկնել՝ թատրոնում լինելը պարտավորեցնող է, իսկ ցանկացած խնդիր պետք է շատ արագ լուծում ստանա։ Չմոռանանք, որ Արմեն Մազմանյանի հետ իր ընկերները, բարեկամները, համախոհները՝ Արթուր Սահակյանը, Սամսոն Ստեփանյանը եւ մյուսները, 1988թ. հիմնադրեցին այդ թատրոնը։ Տեսեք՝ այս փորձառու ռեժիսորները դերասանների ձեռքը բռնած փորձից փորձ տանում են մինչեւ պրեմիերա… Շուտով «Գոյում» կկայանա երիտասարդ Սարգիս Արզումանյանի ռեժիսուրայով մանկական «Ապելանգոգուս» ներկայացման պրեմիերան, որտեղ զբաղված եմ նաեւ ես:

– Դուք նաեւ «Մետրո» թատրոնում եք զբաղված, որի ղեկավարը երիտասարդ ռեժիսոր է։ Իսկ երիտասարդ ռեժիսորի մոտեցումն ինչպիսի՞ն է։

– Ինչ խոսք, փորձառուի մոտեցման ձեւերը շատ են, իսկ երիտասարդ ռեժիսորի հետ աշխատելիս երիտասարդ դերասանները կարծես լրացնում են մեկը մյուսին։

Զրուցեց
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
29.06.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930